Դրամների մասին տեղեկությունը Հայաստանում հայտնի էր դեռեւս անտիկ շրջանից։ Լինելով ակտիվ հարաբերությունների ու շփումների մեջ հարակից պետությունների հետ՝ թե՛ ռազմական, թե՛ առեւտրատնտեսական առումով, Հայաստան էին ներթափանցում հունամակեդոնական, սելեւկյան, աթենական, պարթեւական, հռոմեական, կապադովկյան եւ այլ դրամական միավորներ։ Հայաստանում եւս թողարկվում էին դրամներ։ Ամենավաղ շրջանի դրամներից հայտնի են Երվանդունիների հարստության հայ արքաների հատած դրամները, որոնք սկսեցին թողարկվել Ծոփքում՝ Ք. ա. 3-րդ դարի կեսից։ Այնուհետեւ Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայկական տարբեր հարստություններ թողարկել են սեփական դրամը՝ կա՛մ օտարալեզու մակագրություններով, կամ՝ ավելի ուշ շրջանում՝ հայերեն գրություններով։
Սեփական դրամների թողարկումը վկայում է պետականության, անկախության, տնտեսական ինքնաբավության մասին եւ պատմական մեծ հետաքրքրություն է ներկայացնում երկրի զարգացման տարբեր փուլերի առումով։ Այդ իմաստով գնահատվում է դրամագիտության դերը, որն սկզբնական շրջանում դրամը դիտարկում էր որպես գեղարվեստական ստեղծագործություն, արձանագրագիտական աղբյուր, քանի որ հին դրամները մետաղից էին եւ փորագրություններով ու խորհրդանիշներով հարուստ։ Ավելի ուշ շրջանում՝ 17-րդ դարավերջին, 18-ի սկզբին այն ձեւավորվեց որպես գիտություն։ Ուսումնասիրության համար առավել արժեքավոր են համարվում հունա-հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական եւ արաբատառ արձանագրություններով դրամները։ Հայկական հին դրամների ուսումնասիրությամբ զբաղվել են ոչ միայն հայ, այլեւ եվրոպական՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի եւ այլ երկրների հանրահայտ դրամագետները։
Ինչպես հայրենագիտության ցանկացած, այնպես էլ դրամագիտության ասպարեզում նշանակալի ներդրում ունեն Մխիթարյան հայրերը, որոնցից հիշատակման է արժանի Կղեմես Սիպիլյանը, ով հայկական դրամների հավաքման ու քննության գործում ուրույն դերակատարություն ունի։ Կղեմեսի աշխարհիկ անունը Մկրտիչ է, ծնվել է 1824 թ. փետրվարի 17-ին՝ Կոստանդնուպոլսում, վախճանվել 1878 թ. մայիսի 23-ին՝ Դիարբեքիրում։ Նրա գիտական աշխատությունները հիմնված են սեփական ուսումնասիրությունների, ակտիվ պեղումների, անխոնջ ջանքերի արդյունքների վրա։ Նա գրասենյակային գիտնական չէր, ճամփորդում էր երկրից երկիր, քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր, եղել է Էջմիածնում, Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Սպահանում, Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել, ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր, այլ հնություններ, գծագրել տեղանքներ, հետաքրքրություն ներկայացնող շինություններ, որոնք ուսումնասիրության պահանջված աղբյուր են նաեւ այլ գիտնականների տարատեսակ աշխատությունների համար։ Այսպես, Սուրեն Շտիկյանի՝ Ղեւոնդ Ալիշանի հրապարակած նորահայտ նամակներից պարզվում է, որ Ալիշանը՝ տեղյակ լինելով Կղեմեսի՝ 1875 թ. աշնանը Կիլիկյան Հայաստանի պատմական Տարսոն քաղաք այցելության մասին, մատիտանկարել է նրանից հյուսիս ընկած Չանտըր Կալեսի (եվրոպական արտասանությամբ՝ Պապեռոն կամ Պապառոն) բերդը, գծագրերը բերել Վիեննա, ուստի խնդրում է բերդի նկարը հասցնել իրեն, ինչը հետագայում տեղ է գտնում նրա աշխատություններից մեկում։
Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ‚ դրամագետ‚ արձակագիր‚ թարգմանիչ Կղեմես Սիպիլյանի ամենաարժեքավոր աշխատությունը՝ «Դասավորություն Ռուբինյան դրամոց», լույս է տեսել Վիեննայում‚ 1892 թ.։ Գիտնականն առաջին անգամ մշակել, դասակարգել, ժամանակագրել է 3 հազար կիլիկյան դրամ։ Սիպիլյանի մահից հետո որոշ լրացումներով այն հրատարակեց Գրիգորիս Վ. Գալամքյարյանը, ինչը հիմք դարձավ Կիլիկիայի հայկական դրամների հետագա ուսումնասիրությունների համար։ Հայկական դրամագիտության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ դրա հիման վրա հետագայում Ա. Ա. Դամալով-Չուրաեւը Պետերբուրգում 1923 թ. ռուսերենով հրատարակեց իր՝ «Ռուբենյան դրամների դասավորությունը» գիրքը։
Կիլիկյան դրամները հայերեն գրություններով են՝ հայկական, եվրոպական, արեւելյան տարրերի ուրույն պատկերագրությամբ։ Հայկական դրամների թողարկումն ընդհատվեց 1375 թ., երբ եգիպտական մամլյուկները նվաճեցին Կիլիկյան Հայաստանը։ Հայկական դրամների նոր կյանքն սկսվեց Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ կարճ ժամանակով, անվանվեց «Հայկական ռուբլի», իսկ 1993 թ. նոյեմբերի 22-ին անկախ Հայաստանում վերջնականապես շրջանառության մեջ մտավ ազգային արժույթը, ու եթե խոր անցյալում թողարկվում եւ արժեքավորվում էին մետաղադրամները՝ պղնձե, արծաթե, ոսկե, ներկայում կարեւորվում են թղթադրամները…