«Եւ եթե մէկը կամենայ նորանց վնասել, կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ»։ Հայտնություն 11։5
Իր մարգարեական անցյալում Եղիան բազմիցս է պատժել կռապաշտներին՝ իրենց անմարդկային եւ անաստված սարսափելի մեղսագործությունների համար։ Ամենայն հավանականությամբ այդպես է լինելու նաեւ ապագայում։ Հատկապես որ Աստված նրանց օժտում է գրեթե անսահմանափակ իրավասություններով ու իշխանությամբ։
«Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու, որ անձրեւ չգայ նորանց մարգարէութեան օրերումը. եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան»։ Հայտնություն 11։6
Այն, որ Եղիան ի զորու է բնության վրա ներազդելու, մեզ հայտնի է դեռ Հին Ուխտից, երբ Իսրայելի թագավորությունը, Իզաբել թագուհու գլխավորությամբ, երես էր թեքել Աստծուց, Եղիայի աղոթքի արդյունքում երեքուկես տարի անձրեւ չեկավ, երաշտ եղավ, ու սով եղավ։ Նրանք երեքուկես տարի պետք է քարոզեն հատկապես հրեաների շրջանում, որովհետեւ նրանք չընդունեցին Հիսուսին եւ մարգարեների վկայությունները, եւ պիտի սպանվեն հրապարակում, միգուցե Հարության տաճարի մոտ, միգուցե Սողոմոնի տաճարի մոտ, որը վերականգնվելով` ծառայելու է որպես հակաքրիստոսի նստավայր։
Հազար երկու հարյուր վաթսուն օր քարոզելուց հետո նրանք կսպանվեն։ Եվ Եղիան, եւ Ենովքը իրենց օրերումը մահ չտեսան, նրանց Աստված վերցրեց մարմնով։ Սակայն երկուսն էլ պիտի ըմպեին նույն գավաթից, մահվան գավաթից։ Մահը ճաշակել է Աստվածամայրը եւ հարություն առել, մահացավ Հիսուսը եւ հաղթեց մահին, մահացավ Հովհաննեսը, եւ չգիտենք` որտեղ է նա։ Ենովքն ու Եղիան էլ պիտի մահանան։ Դա նրանց վերջին հերոսությունը պիտի լինի։ Մահը մարդու վերջին պարտքն է, որ տալիս է, պետք է դիմանալ դրան։ Եղիան ու Ենովքը նույնպես պետք է վերադառնան, որ վերապրեն մահը։
«Եւ նորանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ Եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ Եւ երկրի վերայ բնակողները կուրախանան եւ կխնդան. եւ իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին»։ Հայտնություն 11։8-10
Նրանք երկրի վրա բնակվողներին չարչարելու են իրենց ճշմարտությամբ։ Եթե դու ասում ես մի ճշմարտություն, որը դիմացինները չեն կրում իրենց մեջ, խախտել են պարբերաբար, ապա դու ձեռք ես բերում թշնամիներ։ Եթե դու ասում ես նման բազմաթիվ ճշմարտություններ, ապա ձեռք ես բերում բյուր թշնամիներ։ Իսկ եթե դու հակաքրիստոսի ժամանակներում գալիս, ասում ես, որ սա Քրիստոսը չէ՛, ապա թշնամացնում ես գրեթե ողջ մոլորակի բնակչությանը։
Այս երկու վկաները ճշմարտության վերջին քարոզիչներն են լինելու։ Նրանք գալու են համատարած քաոսի ժամանակներում։ Եվ քարոզելով ճշմարիտ Հիսուս, քարոզելով բարոյականություն, քարոզելով ապաշխարություն պիտի լինեն ամենամերժված մարդիկ եւ սպանվեն ապոկալիպտիկ մարդկության գերագույն կառավարչի կողմից. «Եւ երբոր իրանց վկայութիւնը կկատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կտայ նորանց հետ, եւ կյաղթէ նորանց եւ կսպանէ նորանց»։ Հայտնություն 11։7
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ