Չինաստանը հրապարակել է Գլոբալ անվտանգության նախաձեռնության հայեցակարգը, որը ներառում է այդ երկրի համար ընդունելի համաշխարհային անվտանգության վեց հիմնական սկզբունքները։ Չինական կողմն այս ոլորտում միջազգային համագործակցության 20 առաջնահերթ ուղղություններ է առանձնացրել։ «Սինհուա» լրատվական գործակալության տեղեկացմամբ` փաստաթղթի համաձայն՝ ամբողջ աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ գլոբալ զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելը պետք է բոլոր երկրների ձգտումը լինի։ Անհրաժեշտ է համարվում հավատարիմ մնալ երկխոսության միջոցով երկրների միջեւ տարաձայնությունների եւ վեճերի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների պահպանմանը։
Չինաստանը նաեւ միջուկային պատերազմ չսկսելու կոնսենսուսի կոչ է անում` նշելով, որ անհրաժեշտ է համապատասխանել միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների՝ 2022 թ. հունվարին հրապարակված համատեղ հայտարարությանը միջուկային պատերազմի եւ սպառազինությունների մրցավազքի կանխման մասին։ Բացի այդ, միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու համար կարեւորվում է երկխոսության ու համագործակցության ամրապնդումը միջուկային զենք ունեցող երկրների միջեւ։
Աշխարհակարգն արմատական փոփոխություններ է կրում, որը շղթայաբար փոփոխությունների է հանգեցնում նաեւ տնտեսությունների կառուցվածքում։ Ուկրաինական ճգնաժամը, իր հերթին, լոգիստիկ, կոմունիկացիոն եւ էներգակիրների ուղղությամբ մարտահրավերների առջեւ է կանգնեցրել պետություններին։ Մինչ այս գոյություն ունեցող իրավիճակում Չինաստանը կարողացել էր հասնել տնտեսական հեգեմոնիայի, սակայն լոգիստիկ «խցանումները» դժվարություններ են ստեղծել, որոնցից տուժում է Պեկինը։ Այդ ամենից ելնելով՝ հայեցակարգի միջազգային համագործակցության 20 առաջնահերթություններից մեկն էլ վերաբերում է էներգակիրների համաշխարհային շուկայի կայունության ապահովմանն ու էներգիայի գներին։ «Անհրաժեշտ է ուժեղացնել էներգետիկ քաղաքականության համակարգումը, կայուն միջավայր ստեղծել էներգակիրների փոխադրումն ապահովելու համար եւ միասին պահպանել էներգակիրների համաշխարհային շուկայի ու էներգակիրների գների կայունությունը»,- ասվում է փաստաթղթում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհը ձեւափոխվում է, եւ Չինաստանը ցանկանում է առաջատար դիրքերում մնալ՝ ներկայացնելով իր մոտեցումներն ու սկզբունքները։ Չինաստանի ԱԳ նախարար Ծին Գանը երեկ «Գլոբալ անվտանգության նախաձեռնություն. անվտանգության երկընտրանքի չինական լուծում» ֆորումի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ իր երկրի վրա աճում են արտաքին ճնշումն ու զսպումը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի ինքնիշխանության եւ անվտանգության համար։ «Չինաստանի զարգացումն անբաժանելի է անվտանգ միջազգային միջավայրից: Նույն կերպ, առանց Չինաստանի անվտանգության համաշխարհային անվտանգություն չի լինի»,- ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Ծին Գանի խոսքով՝ Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական ճգնաժամի մշտական սրմամբ եւ նրա վերահսկողությունից դուրս գալու հավանականությամբ։ Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Մոսկվա այցի ժամանակ կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Չինացի պաշտոնյան Մոսկվայում ավարտում է իր եվրոպական շրջագայությունը, որը սկսվել էր փետրվարի 14-ին, եւ վերջին մի քանի օրերի ընթացքում Վան Ին եղել էր Ֆրանսիայում, Իտալիայում եւ Գերմանիայում, որտեղ ելույթ էր ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում: Փետրվարի 20-ին Վան Ին բանակցություններ էր վարել Հունգարիայում, իսկ երեկ օրվա երկրորդ կեսին մեկնել էր Մոսկվա։
Գերմանիայում գտնվելու ժամանակ Վան Ին ուշադրություն էր հրավիրել Մոսկվա այցի վրա՝ ասելով, որ Չինաստանը մտադիր է հանդես գալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորման ծրագրով, որը կարող է ներառել հրադադարի կոչ եւ զենքի մատակարարման դադարեցում Ուկրաինային: Մյունխենի կոնֆերանսի ժամանակ Վան Ին ասել է, որ չինական ծրագիրը կհաստատի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Որոշ փորձագետների դիտարկմամբ՝ Պեկինի ակտիվացումը պայմանավորված է տնտեսության մեջ աճող խնդիրներով եւ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարելավելու մտադրության հետ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ առճակատման մեծացման հեռանկարը։
Ըստ «Bloomberg» գործակալության՝ Չինաստանի ծրագիրը հաջողության քիչ հնարավորություն ունի։ Չնայած դրան, ԱՄՆ-ը եւ Եվրոպայում նրա դաշնակիցները մտահոգություն են հայտնում, որ Պեկինի առաջարկին կարող են արձագանքել ՄԱԿ-ի մի շարք անդամներ՝ առաջին հերթին «համաշխարհային հարավի» երկրներից, մասնավորապես՝ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի աղքատ ու զարգացող երկրները։ Չինական ծրագիրը կարող է ընդունվել որոշ եվրոպական երկրների կողմից, որոնց հասարակություններում նկատելի դժգոհություններ կան ուկրաինական պատերազմից եւ դրանում իրենց երկրի ֆինանսական, ռազմական աջակցության ներգրավվածությունից: Սակայն, մյուս կողմից, խաղաղ բանակցություններում Չինաստանի մասնակցությունն անընդունելի կարող է լինել Միացյալ Նահանգների համար, քանի որ այդ դեպքում կմեծանան մրցակից երկրի միջազգային հեղինակությունն ու դերակատարությունը։