«Ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհային պատերազմում ինչ զենք է օգտագործվելու, բայց 4-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվելու են փայտեր եւ քարեր»,- ժամանակին ասել է աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, որի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակով։
Մեր օրերում Ռուսաստան-Արեւմուտք առճակատման ֆոնին կրկին օրակարգային է դարձել միջուկային զենքի կիրառումից խուսափելու հրամայականը։ Վաղը լրանում է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի մեկ տարին, իսկ երկու օր առաջ տեղի ունեցան բավականին հետաքրքիր իրադարձություններ՝ ամփոփելով հակամարտող կողմերի անցած ճանապարհը։ Փետրվարի 21-ին ՌԴ Դաշնային ժողովում ելույթ ունեցավ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Վարշավայում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Խորհրդանշական է, որ Վարշավյան պակտի անդամ պետությունների մի մասն այսօր բարիկադի մյուս կողմում է եւ այլեւս չի ապահովում «բուֆերային» երկրների գոտին, որը կար Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջեւ Խորհրդային Միության օրոք։
Արեւմտյան քաղաքական վերլուծաբաններից ոմանք ամերիկյան նախագահի այցը Լեհաստանի մայրաքաղաք համարում են ոչ միայն խորհրդանշական, այլեւ բովանդակալից։ Ըստ նրանց` Բայդենի այցն ու ելույթը հաստատում են, որ Միացյալ Նահանգները մնում է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Մինչդեռ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բայդենի ելույթը որեւէ «ցնցող» հայտարարություն չի պարունակում եւ կարող է լինել նախընտրական քայլ արտաքին քաղաքական նախապատվությունները ցուցադրելու եւ եվրոպացի գործընկերների մոտ Միացյալ Նահանգների նշանակությունը շեշտադրելու համար։
ՌԴ նախագահի ելույթն առանձնանում էր արտաքին քաղաքականության մեջ խորքային փոփոխություններին ուղղված գնահատականներով։ Ստեղծված իրողություններին Ռուսաստանի արձագանքն արտահայտվում է երկու կարեւոր որոշմամբ։ Դրանցից մեկը վերաբերում է 2012-ից գործող երկրի արտաքին քաղաքականության իրականացման միջոցառումների մասին հրամանագիրն անվավեր ճանաչելուն։ Որոշման մեջ նշվում է, որ այն ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության ազգային շահերն ապահովելու համար՝ կապված միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խոր փոփոխությունների հետ»։ Չեղյալ հայտարարված հրամանագրում ամրագրված խնդիրները վերաբերում էին Եվրամիության, Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ, ՇՀԿ երկրների հետ հարաբերություններին։ «Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական եւ մարդկային տարածություն ստեղծելու», «հավասարության, ներքին գործերին չմիջամտելու եւ փոխադարձ շահերի հարգման սկզբունքների վրա» հարաբերություններ զարգացնելու առաջնահերթություն Ռուսաստանն այլեւս չի դնում։ Առաջիկայում հրապարակվելու է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Այն պետք է հրապարակվեր դեռեւս անցած տարվա սկզբին, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով փաստաթուղթը խմբագրվել է՝ հաշվի առնելով առկա իրողությունները։ Հայտնի է, որ Մոսկվայի մոտեցումն արեւմտյան երկրների հետ հարաբերություններին արմատապես կխմբագրվի։ Աշխարհաքաղաքական պայմանները բոլորովին նոր են եւ ոչ համագործակցային։ Փաստացի իջեցվում է նոր «երկաթյա վարագույր», որի ազատ անկման ականատեսն ենք դառնում։
Ի դեպ, անվավեր ճանաչված փաստաթղթում ամրագրված էր Մոսկվայի դիրքորոշումը հետխորհրդային տարածաշրջանում առկա հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին, մասնավորապես` Մերձդնեստրի եւ Արցախի հետ կապված։ Առաջինի դեպքում նշված էր, որ Ռուսաստանը «նպաստում է գոյություն ունեցող բազմակողմ բանակցային մեխանիզմի շրջանակներում Մերձդնեստրի խնդրի համապարփակ լուծմանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային հարգանքի վրա», իսկ արցախյան հակամարտության կարգավորման գործում առաջնորդվում էր «ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների հետ համագործակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքների հիման վրա, որոնք արվել են 2009-2013 թթ.»։ Մեզ համար էական է, թե ինչպիսի խմբագրում կստանա Արցախին վերաբերող հատվածը, կամ ընդհանրապես կլինի՞ անդրադարձ, թե՞ ոչ։
Արտաքին քաղաքականության մեջ մյուս կարեւոր որոշումը վերաբերում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (START) Ռուսաստանի մասնակցության կասեցմանը, որի մասին հայտարարեց Վլ. Պուտինն իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի խախտում համաձայնագիրը եւ պատրաստ է վերադառնալ դրան՝ պայմանով, որ հաշվի կառնվի ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժը։ Պուտինը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ում միջուկային զենքի ժամկետի ավարտի ֆոնին քննարկումներ են ընթանում դրանց փորձարկումները վերսկսելու մասին, որոնք դադարեցվել էին ԽՍՀՄ-ում 1990 թ.։ «Այս իրավիճակում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ «Ռոսատոմը» պետք է ապահովեն ռուսական միջուկային զենքի փորձարկումը. Առաջինը մենք, իհարկե, դա չենք անի։ Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, ապա մենք կանենք»,- շեշտել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ START պայմանագիրը կնքվել է «սկզբունքորեն այլ իրավիճակում՝ լարվածության նվազման եւ փոխադարձ վստահության ամրապնդման առումով», իսկ դրանից անմիջապես հետո Մոսկվան եւ Վաշինգտոնը հրաժարվեցին միմյանց պաշտոնապես հակառակորդներ համարել, բայց այս ամենն անցյալում է։ Նշենք, որ START-ը միջուկային զենքի վերահսկման ռուս-ամերիկյան միակ պայմանագիրն է, այն կնքվել է 2011-ին եւ երկարաձգվել 2021 թ. հունվարին հինգ տարով, մինչեւ 2026 թ.: Պայմանագիրը նախատեսում է ռազմավարական միջուկային ուժերի 700 տեղակայված կրիչների սահմանափակում եւ նրանց համար 1500 մարտագլխիկներ:
Արդեն երեկ Պետդուման միաձայն ընդունեց Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով` տեղեկատվության բոլոր փոխանակումները, համաձայնագրի բոլոր տարրերը, որոնք վերաբերում են ստուգմանը, կասեցված են։ Պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերականգնելու որոշումը կկայացնի նախագահը։ «START-ը կասեցնելու որոշումը կարող է շրջելի լինել: Դրա համար Վաշինգտոնը պետք է քաղաքական կամք դրսեւորի, բարեխիղճ ջանքեր գործադրի դեէսկալացիայի համար եւ պայմաններ ստեղծի պայմանագրի լիարժեք գործունեությունը վերսկսելու համար եւ, համապատասխանաբար, համակողմանիորեն ապահովի դրա կենսունակությունը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Ռուսաստանի որոշումը. «Ես ափսոսում եմ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար: Վճռականորեն կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել այս որոշումը եւ վերադառնալ գործող համաձայնագրին»։ Ստոլտենբերգը հավելել է, որ այդ որոշմամբ «ապամոնտաժվել է սպառազինությունների կառավարման ամբողջ ճարտարապետությունը»։ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Ալեքսանդր Երմակովի խոսքով` START-ի իրագործման կասեցումը որոշ ժամանակ անց հղի է պայմանագրի ամբողջական փլուզմամբ, ինչպես ցույց է տալիս նախկինում նման կասեցումների փորձը։ Դրան հաջորդում է միջուկային զենք ունեցող երկրների միջեւ փոխադարձ «միջուկային վախերի» աճը՝ թափանցիկության բացակայության պայմաններում, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել միջուկային երկրների ընդհանուր պաշտպանական ծախսերի մեջ ռազմավարական միջուկային ուժերի ծախսերի մասնաբաժնի ավելացմանը։ «Ведомости»-ի փոխանցմամբ` փորձագետը նաեւ նշել է, որ START-ի ավարտը կարող է հարված լինել նաեւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, որն ընկած է զենքի չտարածման քաղաքականության հիմքում։ (Այն ստորագրվել է 1968 թ. ՄԱԿ-ի 190 անդամ երկրների կողմից, բացառությամբ Հնդկաստանի, Պակիստանի, Իսրայելի եւ Հյուսիսային Կորեայի)։
Ստեղծված իրավիճակում պատասխանատվություն են կրում բոլոր կողմերը։ Յուրաքանչյուր կտրուկ քայլ կարող է ավելի սրել առանց այն էլ «կարմիր գծերի» վրա լարախաղացությամբ զբաղված միջազգային խոշոր դերակատարների փոխհարաբերությունները։