«Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն, որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա կթագաւորէ յաւիտեանս յաւիտենից»։ Հայտնություն 11։15
Հայտնության գրքում հաճախ ինչ-որ ահավոր եւ մեծ իրադարձությունից առաջ, բարձրագոչ հայտարարությունից հետո՝ «Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով», պատմությունը նորից տեղափոխվում է երկինք, որպեսզի մեզ համար բացվի մի նոր՝ լույսով ու ուրախությամբ լեցուն իրականություն, եւ առավել ընդգծվի երկրում եւ երկնքում առկա իրականությունների, տրամադրությունների տարբերությունը:
«Եւ քսանեւչորս երէցները, որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես (եւ որ գալու ես), որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր»։ Հայտնություն 11։16-17
Մենք մեր աղոթքներում հաճախ խնդրում ենք Աստծուն, որ վերջին օրերը հնարավորինս մեզնից հեռացնի, իսկ երկնքում աղոթում են, որ օր առաջ լինի Տիրոջ երկրորդ գալուստը։ Ճիշտ քրիստոնյաներն այստեղ էլ են աղոթում՝ խնդրելով Տիրոջ գալուստը։ Մենք պետք է ցանկանանք Տիրոջ երկրորդ գալուստը։
Հարսի հոգիները կանչում են՝ արի, կարդացողները կանչում են՝ արի, լսողները կանչում են՝ արի… Ինչ-որ ժամանակից քրիստոնյաները կորցրել են իրենց առաջին սերը։ Քրիստոնյայի առաջին սերը սպասումն է աշխարհի վերջին՝ օր օրի։ «Ես սպասում եմ եւ խնդրում եմ, որ Դու գաս»,- առաջին դարի ամենաառաջնահերթ աղոթքներից մեկն էր։ Այս խիստ եւ ինչ-որ տեղ պահանջկոտ խնդրանք-աղոթք ցանկությունն այսօր շատ քրիստոնյաների մոտ փոխակերպվել է ավելի հեշտ, թեթեւ ցանկության՝ հարմարավետ կյանք այստեղ եւ դրախտ՝ այնտեղ։
Սա դավաճանություն է առաջին սիրուն։ Նույնիսկ խոշոր եկեղեցիների ներսում են բաժանված երկու բանակի նրանք, ովքեր սպասում են Հիսուսի երկրորդ գալուստին, եւ նրանք, ովքեր չեն սպասում։ Այս երկրորդ հատվածը շատ ավելի հարմարավետության կողմնակից է, այսինքն՝ մենք մեզ այստեղ եւ այսպես լավ ենք զգում։ Հետո, կարծես, իրականանում է այն, ինչ նրանք այնտեղ՝ երկնքում խնդրում էին:
Քսանչորս երեցների գոհաբանական հիմնն ավարտվում է ողջ Հայտնության գրքի ծրագրային արտահայտությամբ. «Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես»:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ