Ինչո՞ւ են մեղքը, ցանկասիրությունը, արատը, չարությունն ավելի մասնակից, բաժանորդ, հանդիսատես ունենում, քան մաքուրն ու սուրբը… Վանդակում փակված թռչնակները կարոտով են նայում երկինք, որովհետեւ երկինքը նրանց տարերքն է, երկինքը նրանց ներսում է։ Բռնած ձուկը մեծ արագությամբ է սուզվում ջրի մեջ, երբ բաց ենք թողնում, որովհետեւ ջուրը նրա ներսում է, եւ նա ցանկանում է, որ այդ ջուրը լինի նաեւ դրսից, արտաքինից։ Մեղսական մարդը ձգտում է դուրս պրծնել եւ ընկղմվել մեղքի տարերքների մեջ։ Մեղքը նրա մեջ է, եւ նա ցանկանում է, որ դրսից, մարմնով էլ ընկղմվի մեղքի քաոսի մեջ։ Բոլոր դեպքերում ուժը ծնվում է ներսի եւ դրսի համադրությունից։
Եթե քո ներսում հիշողությունն է Աստծո մասին, աստվածավախությունն է, եւ դու փնտրում ես Աստծուն նաեւ դրսից, տեղի է ունենում հանդիպում, եւ արդյունքում ստացվում է սրբություն։
Եթե քո ներսը լցված է մեղքով, իսկ դրսից գայթակղություններ են, ապա, ինչպես Միքիա մարգարեն է ասում, քամոտ ժողովուրդներին գինի եւ օղի պիտի քարոզես. «Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում, ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կլինի այս ազգի մարգարէն»։ Միքիա 2։11
Մարդկանց հոծ խմբեր կան, նույնիսկ ազգեր, որոնց հետաքրքիր են առավելապես ճոխ սեղանները, տակառներով գարեջուրը, մերկ մարմինները, խրախճանքները։ Ուրիշ ոչինչ նրանց հետաքրքիր չէ։ Հետո, իհարկե, նույն այդ մարդիկ զարմանալու են, որ փրկվողները այդքան քիչ են, «տապանը» փակվում է, եւ այլեւս ոչ ոք չի կարող այնտեղ բարձրանալ, որ խեղդվողները հաշվվելու են միլիոններով։
Հետո եւս մի նշան է տրվելու, որ վիշապը դա հենց սատանան է. «Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ, եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին, որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին»։ Հայտնություն 12։4
Սատանան հենց ընկած աստղն է, ցած նետված հրեշտակը։ Մենք գիտենք, որ աստղերի մեկ երրորդը թափվելու է երկնքից։ Իսկ աստղերը եպիսկոպոսներն են։ Սատանան նույնպես աստղ էր եւ, ցած ընկնելով, իր հետ տապալել, գահավիժեցրել է հոգեւոր եւ աշխարհիկ բազում առաջնորդների ու ղեկավարների։
Ինչո՞ւ է պոչով խփում, որովհետեւ վիշապի ուժը պոչի մեջ է։ «…Վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին»։ Այս հատվածը մեզ հիշեցնում է Հիսուսի ծնունդը, երբ վիշապը, Հերովդեսի կերպարանքով, ցանկանում էր սպանել նորածին Տիրոջը եւ Նա, ծնողների հետ, դարձավ փախստական։ Վիշապն անընդհատ է սպասողական վիճակում, որպեսզի կուլ տա նոր ծնված քրիստոնեական հոգին։