Իրանական բանակի Հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք սկսվել են անցած շաբաթ: Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, այդ հավաքները որպես զգուշացում կծառայեն հակառակորդների համար՝ միտված նրանց ցանկացած հնարավոր հարձակման կանխմանը: Զորավարժությունների նպատակը, ինչպես հաղորդում են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները, ՀՕՊ համակարգերի արդյունավետության ու պատրաստականության գնահատումն է:
ՀՕՊ-ի «Հաթամ Ալ-Անբիա» ռազմաբազայում ավելացրել են, որ զորավարժություններն անցկացվել են Իրանի հակաօդային պաշտպանության ինտեգրացված ցանցի հետ համագործակցությամբ, երկրի մի շարք շրջաններում: Մշակվել է ստորաբաժանումների գործակցությունը տարբեր բարձրություններում օդային թիրախների հայտնաբերման ու խոցման համար: Ավելի վաղ՝ 2021 թ. հոկտեմբերին Իրանի ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները եւ Իսլամական հԵղափոխության պահապանների կորպուսը մասնակցել են «Modafean Aseman Velayet 1400» լայնամասշտաբ զորավարժություններին, որոնցում կիրառվել է միայն իրանական արտադրության տեխնիկա:
2018 թ. սեպտեմբերին Իսլամական հեղափոխության առաջնորդը՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հակաօդային պաշտպանության միջոցները շատ կարեւոր բաղադրիչ է համարել զինված ուժերի համար: Ալի Խամենեին նաեւ շեշտել էր բազայի հնարավորությունների, ինչպես նաեւ անձնակազմի հմտությունների ու կարողությունների մեծացման կարեւորությունը: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները բարձր են գնահատել երկրի նկատելի առաջընթացն իր հակաօդային պաշտպանության ցանցի ընդլայնման գործում: Նրանք նաեւ ընդգծել են, որ զինված ուժերը լիարժեք հագեցած են եւ պատրաստ են պաշտպանել Իրանը ցանկացած պոտենցիալ ներխուժումից:
Զորավարժությունների հաշվետվություններում նշվում է, որ երկրի զսպման պոտենցիալը հակառակորդներին կստիպի ավելի զգույշ լինել իրենց գործողություններում, քանի որ նրանց բոլոր շահերն ու տեխնիկան Թեհրանի զենքի հասանելիության սահմաններում են: Իրանական բանակի ներկայացուցիչները մամուլում հայտարարել են, որ «եթե թշնամին ագրեսիվ մտադրություններ ունի, Իրանն ունակ է հարված հասցնել նրանց էական ու նուրբ հետաքրքրություններին աշխարհի տարբեր կետերում»: Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Թեհրանում հայտարարեցին թեւավոր նոր հրթիռների հաջող փորձարկումների մասին, հրթիռներ, որոնց հեռահարությունը հասնում է 1600 կիլոմետրի:
Ըստ իրանական իշխանությունների՝ Իրանի ռազմական ներուժը, հատկապես անօդաչուների ու հրթիռների հզորությունները, որոնք նախատեսված են միայն պաշտպանության համար, երբեք բանակցությունների առարկա չեն դառնա:
Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը՝ իրանական բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարը, օգոստոսին հայտարարել է, որ իրենք կարող են հակառակորդների օդային օբյեկտներին հետեւել 3000 կմ շառավղով: Նա թշնամիներին զգուշացրել է, որ Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում «կոշտ եւ ավերիչ արձագանք կստանա»՝ ավելացնելով, թե թշնամիները երբեք չէին կարող պատկերացնել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ Իրանի զսպող ներուժը կհասնի այսպիսի մակարդակի:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են «Khordard 15», «Khordad 3», «Majid» եւ «Dezfoul» նորագույն համակարգերը: Այս մասին հայտնում է ISNA լրատվական գործակալությունը՝ հենվելով երկրորդ բրիգադային գեներալ Ամիր Աբաս Ֆարաջպուրայի հայտարարության վրա: Նրա խոսքով՝ իրանական զորքերը մանեւրների ընթացքում թեւավոր հրթիռներով ու կառավարվող անօդաչուներով հարձակման իմիտացիա են ստեղծել՝ գնահատելու համար իրանական հրթիռային «Majid» եւ «Dezfoul» փոքր հեռահարության համակարգերի հնարավորությունները: Իսկ «Khordard 15»-ը եւ «Khordad 3»-ը միջին հեռահարության համակարգեր են, որոնք կարող են միաժամանակ հետեւել 6 թիրախի:
Իրանում «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Գոլամ-Ալի Ռաշիդն ընդգծել է, որ ցանկացած երկիր, որը համագործակցում է «սիոնիստական ռեժիմի»՝ Իսրայելի հետ՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու նպատակով, կհատուցի իր գործողությունների համար: Ինչպես հաղորդում է իրանական լրատվական ԻՌՆԱ գործակալությունը, Գոլամ-Ալի Ռաշիդը բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների ելույթների ժամանակ հայտարարել է. «Սպառնալիքին լրջորեն վերաբերվելը, թշնամուց պաշտպանության ու նրա վրա հարձակման նախապատրաստությունն Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգներից մեկն են եւ այն տրամաբանությունը, որի հիմքի վրա անցկացվում են զորավարժությունները: «Հաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության միացյալ շտաբն ամեն տարի խոշոր զորավարժություններ է անցկացնում երկրում ու անվտանգության շրջակա միջավայրում, եւ ՀՕՊ միացյալ շտաբի հրամանատարները հավատարիմ են մնում զորավարժությունների հիմնական սկզբունքներին, որոնց թվում են պլանավորման մեջ ճշգրտությունը. լրջությունը եւ լիարժեք ծավալով ստեղծագործական մոտեցումը: «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը, Զինված ուժերի գլխավոր շտաբը, բանակը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնահատում են Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ սիոնիստական ռեժիմի ցանկացած սպառնալիք՝ ուղղված մեր երկրի հետաքրքրությունների ու մեր ազգային անվտանգության դեմ եւ վճռական քայլեր են ձեռնարկում դրանց դեմ: Ցանկացած երկիր, որը համագործակցում է սիոնիստական ռեժիմի հետ՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու նպատակով, կհատուցի իր գործողությունների համար: Մեր մարտունակ զինված ուժերը հարված կհասցնեն ագրեսիայի աղբյուրներին, կթիրախավորեն բոլոր կենտրոններն ու բազաները, որոնք համագործակցում են մեր թշնամու հետ»:
Հարկ է նշել, որ Իրանի դեմ ուղղված գործողություններում Իսրայելի հետ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանը: Բաքուն տարհանել է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ ըստ էության, նախապատրաստվելով Իրանի դեմ հարձակմանը, որի նախապատրաստության մասին վաղուց են խոսում փորձագետներն ու ԶԼՄ-ները: Օրերս «Fox News»-ը, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն որոշել է հարձակվել Իրանի վրա: Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին որոշումը կայացվել է Նաթանյահուի՝ Իսրայելի պաշտպանության նախարարության ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո: Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր. «Մենք Իրանին չենք թույլատրի միջուկային զենք ստանալ եւ ամրանալ Սիրիայում մեր հյուսիսային սահմանին: Անում ենք ու կանենք ամեն բան՝ պաշտպանելու համար մեր ժողովրդին, եւ վճռականորեն կարձագանքենք մեր դեմ ցանկացած հարձակման»: