Բոլոր մեծ նվաճումները սկսվում են ձեր կայացրած վճռով, թե ինչ եք իրականում ցանկանում, եւ այնուհետեւ դրան հասնելու ձեր անմնացորդ նվիրումով:
Այն ամենը, ինչը դուք կարող եք առավելագույնս ցանկանալ կամ էլ ամեն մի գործոն, որը, ըստ ձեզ, կարեւոր է ձեր երջանկության համար, հնարավոր է տեղավորել հետեւյալ յոթ կատեգորիաներից որեւէ մեկի մեջ: Հաջողության այդ յոթ բաղադրիչները համահունչ են հաջողության եւ երջանկության մասին երբեւէ գրված կամ հայտնաբերված ամեն ինչին: Դրանք բնութագրում են գերհաջողակ բոլոր արանց եւ կանանց կյանքն ու նվաճումները: Դրանք ներառում են այն ամենը, ինչը դուք երբեւէ կարող եք ցանկանալ:
Ձեր իդեալական կյանքը այս յոթ բաղադրիչի մեկտեղումն է ճիշտ այն համակցությամբ, որը ձեզ դարձնում է ամենից երջանիկը ամեն մի որոշակի պահի: Սահմանելով ձեր հաջողությունը եւ երջանկությունը այս յոթ բաղադրիչից մեկի կամ մի քանիսի լույսով՝ դուք ձեզ համար ստեղծում եք հստակ նպատակադրում: Այդժամ դուք կարող եք չափել, թե որքանով եք ճիշտ վարվում: Դուք կարող եք ճշտորոշել այն ասպարեզները, որտեղ ձեզ հարկավոր է փոփոխություն անել, եթե ցանկանում եք բարելավել ձեր կյանքը:
Դուք պետք է սկսեք ձեր իդեալից, կատարյալ կյանքի ձեր պատկերացումից: Դուք սկսում եք ձերբազատել ձեր ներքին ուժերը՝ աչքերը վեր հառելով եւ «տեսնելով» սեփական կյանքը ճիշտ այնպիսին, ինչպիսին արդեն կլիներ բոլոր առումներով կատարյալ: Ձեր առաջին գործը նախագիծ ստեղծելն է՝ հստակ պատկերացում, թե ուր եք գնում, եւ ինչ տեսք է դա ունենալու, երբ տեղ հասնեք: Այս պատկերը այնուհետեւ կծառայի որպես կազմակերպական մի սկզբունք, ուղեցույց, չափանիշ, որով դուք կարող եք չափել եւ համեմատել այն ամենը, ինչ անում եք ձեր իրողությունը բարեշրջելու համար:
Հաջողության այս բաղադրիչներից առաջինը եւ, հավանաբար, ամենից կարեւորը հոգու խաղաղությունն է: Սա մարդկային գերագույն բարիքն է: Առանց դրա ուրիշ ոչինչ մեծ արժեք չունի: Դուք դրան եք ձգտում ձեր ամբողջ կյանքում: Ձեր արած-չարածի հաջողությունը դուք ամեն մի պահի սովորաբար գնահատում եք ըստ ձեր վայելած ներքին խաղաղության….
Երբ դուք ապրում եք ձեր գերագույն արժեքների եւ նվիրական համոզմունքների հետ ներդաշնակ, երբ կյանքում կատարելապես հավասարակշռված եք, ապա դուք հոգու խաղաղություն եք վայելում: Եթե ինչ-որ պատճառով դուք զիջում եք ձեր արժեքները կամ էլ դեմ եք գնում ձեր ընդոծին ուղեցույցին, ապա առաջին հերթին տուժում է ձեր հոգու խաղաղությունը….
Եթե հոգեւոր խաղաղության ձեռքբերումը դուք դարձնում եք ձեր նպատակը եւ պլանավորելու եք ամեն ինչ՝ ըստ այն բանի, օգնո՞ւմ է դա ձեզ այդ նպատակին հասնելու, թե՞ խանգարում, ապա դուք, հավանաբար, երբեք մի նոր սխալ չեք կատարի: Դուք կասեք եւ կանեք ճիշտ բաներ: Դուք կբացահայտեք, որ գործում եք ավելի բարձր կարգի սկզբունքների ոգով: Դուք ձեզ հրաշալի եք զգալու:
Հաջողության երկրորդ բաղադրիչը առողջությունը եւ եռանդն են: Ինչպես հոգու խաղաղությունը ձեր բնական եւ բնականոն հոգեվիճակն է, այնպես էլ առողջությունը եւ եռանդը ձեր բնական եւ բնականոն ֆիզիկական վիճակն են:
Մտավոր եւ ֆիզիկական միջամտության բացակայության պարագայում մեր մարմինը բնական հակվածություն ունի դեպի առողջությունը: Նա դյուրությամբ եւ առատորեն էներգիա է արտադրում: Իսկ փայլուն առողջություն գոյություն ունի ամեն տեսակի ցավի, տկարության եւ հիվանդության բացակայության ժամանակ: Որքան էլ զարմանալի է, ձեր մարմինը այնպես է կառուցակարգված, որ եթե դուք պարզապես դադարում եք դրա հետ ինչ-որ բան անել, ապա նա հաճախ ինքն իրեն է վերականգնվում եւ դառնում առողջ ու եռանդուն:
Եթե դուք ձեռք եք բերում նյութական աշխարհում եղած ամեն բան, բայց կորցնում եք ձեր առողջությունը կամ հոգեւոր խաղաղությունը, ապա դուք քիչ հաճույք կստանաք կամ էլ բնավ հաճույք չեք ստանա ձեր մյուս ձեռքբերումներից:
Պատկերացրեք, որ դուք վայելում եք կատարյալ առողջություն: Մտածեք, թե ինչպիսին կլինեիք դուք, եթե ֆիզիկական կատարելության ձեր պատկերացումը լինեիք: Ինչպիսի՞ տեսք կունենայիք: Ինչպե՞ս կզգայիք ինքներդ ձեզ: Որքա՞ն կկշռեիք: Ի՞նչ տեսակի մթերք կուտեիք եւ ի՞նչ բնույթի վարժություններ կկատարեիք: Ինչո՞վ կզբաղվեիք ավելի շատ եւ ինչո՞վ՝ ավելի քիչ….
Հաջողության երրորդ բաղադրիչը սրտալից փոխհարաբերություններն են այն մարդկանց հետ, ում դուք սիրում եք եւ ում մասին հոգում եք, որոնք իրենք էլ են ձեզ սիրում եւ ձեր մասին հոգում: Դրանք են իրական չափանիշը այն բանի, թե որքանով եք դուք հասուն վարվում որպես մարդկային էակ: Ձեր երջանկության կամ դժբախտության մեծ մասը բխում է այլոց հետ ձեր փոխհարաբերություններից….
Գրեթե ամեն մի պահի դուք կարող եք չափել ձեր փոխհարաբերությունների վիճակը մի պարզ թեստով՝ ծիծաղով: Այն, թե որքան հաճախ են երկու հոգին կամ ընտանիքի անդամները միասին ծիծաղում, ամենահուսալի չափանիշն է նրանց գործերի վիճակի: Երբ փոխհարաբերություններն իսկապես սրտալից են, ապա միասին լինելիս մարդիկ շատ են ծիծաղում, իսկ երբ դրանք վատանում են, ապա առաջինը հենց ծիծաղն է վերանում:
Սա ճշմարիտ է նաեւ կազմակերպությունների համար: Բարձր արդյունավետությամբ եւ շահութաբերությամբ են բնութագրվում այն կազմակերպությունները, որոնցում մարդիկ միասին ծիծաղում եւ կատակում են: Նրանք հաճույք են ստանում միմյանցից եւ իրենց աշխատանքից, գործում են պատրաստակամորեն եւ վստահաբար՝ որպես մեկ թիմ: Նրանք ավելի լավատես են, ավելի բաց նոր գաղափարների համար, ավելի ճկուն եւ ստեղծարար….
Արդ, կյանքում ձեր գլխավոր նպատակներից մեկն այն պիտի լինի, որ ստեղծեք միջանձնային այնպիսի միջավայր, որտեղ դուք կարող եք լինել երջանիկ, գոհ եւ բավարարված: Դուք պետք է մեկ առ մեկ վերլուծեք ձեր փոխհարաբերությունները, ամեն մեկի համար մտածեք ավելի հաճելի եւ գոհացուցիչ դարձնելու հնար:
Միայն երբ դուք կվերահսկեք ձեր փոխհարաբերությունները եւ կգործառեք ներդաշնակորեն, կարող եք ձեր մտքերն ուղղել դեպի ինքնարտահայտման հնարավորությունների ընդլայնում, ձեր ներուժի լիակատար դրսեւորում:
Հաջողության չորրորդ բաղադրիչը ֆինանսական ազատությունն է: Ֆինանսապես լինել ազատ՝ նշանակում է ունենալ բավականաչափ փող, որ դրա մասին մշտապես չանհանգստանաք, ինչպես մարդկանց մեծ մասը: Փողը չէ բոլոր չարիքների արմատը, այլ փողի բացակայությունը: Սեփական ֆինանսական անկախության ապահովումը ձեր կյանքի առավել կարեւոր նպատակներից եւ պարտավորություններից մեկն է. դա չափազանց կարեւոր է պատահականության կամքին չթողնելու համար:
Ազատության զգացումը անհրաժեշտ է կարեւոր ամեն մի նպատակի հասնելու համար, եւ դուք չեք կարող ազատ լինել, եթե ու քանի դեռ չեք ունենա բավականաչափ գումար, որ այլեւս չմտահոգվեք դրա մասին: Ձեր կենսական հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ձեր ֆինանսական ազատության ապահովումը՝ առանց ինքնախաբեության, հապաղման եւ բախտի հույսի:
Պատկերացրեք, որ դուք ունեք մի կախարդական փայտիկ եւ դա թափահարելով կարող եք ձեւավորել ձեր ֆինանսական կյանքը ձեր ուզածի պես: Ի՞նչ տեսք կունենար ձեր կյանքը, եթե դուք հասնեիք ձեր ֆինանսական բոլոր նպատակներին: Դա ի՞նչ փոփոխություն կմտցներ ձեր ամենօրյա գործունեության մեջ: Ինչո՞վ կզբաղվեիք ավելի շատ կամ ավելի քիչ:
Հաջողության հինգերորդ բաղադրիչը արժանավոր նպատակները եւ իդեալներն են: Ըստ «Մարդը՝ իմաստի որոնումներում» գրքի հեղինակ Վիկտոր Ֆրանկլի՝ ձեր ենթագիտակցական ամենախորքային մղումը կյանքի իմաստի եւ նպատակի պահանջմունքն է: Իսկապես երջանիկ լինելու համար դուք կարիք ունեք հստակ նպատակի զգացումի: Դուք կարիք ունեք նվիրվելու ավելի մեծ եւ ձեզանից ավելի կարեւոր մի բանի: Դուք կարիք ունեք զգալու, որ ձեր կյանքն ինչ-որ բան արժի, որ դուք ինչ-որ կերպ արժեքավոր ներդրում եք կատարում ձեր աշխարհում:
Երջանկությունը սահմանվում է որպես «արժեքավոր իդեալի աստիճանական իրականացում»: Դուք երջանիկ կարող եք լինել միայն այն դեպքում, երբ քայլ առ քայլ աշխատում եք մի բանի ուղղությամբ, որն իսկապես կարեւոր է ձեզ համար:
Մտածեք այն մասին, թե գործունեության եւ նվաճումների ինչ տեսակներ են ձեզ առավել դուր գալիս: Ի՞նչ էիք անում անցյալում, երբ ամենից երջանիկն էիք: Գործունեության ի՞նչ տեսակներ են ձեզ տալիս կյանքի իմաստի եւ նպատակի ամենամեծ զգացումը:
Հաջողության վեցերորդ բաղադրիչը ինքնաճանաչումն է եւ ինքնագիտակցումը: Ամբողջ պատմության ընթացքում ինքնաճանաչումը ձեռք ձեռքի է տված եղել ներքին երջանկության եւ արտաքին նվաճումների հետ: «Ծանիր զքեզ» արտահայտությունը Հին Հունաստանից է գալիս: Լավագույն ձեւով վարվելու համար դուք պետք է իմանաք, թե դուք ով եք եւ ինչու եք մտածում ու զգում այդպես, այլ ոչ թե այլ կերպ: Դուք պետք է հասկանաք այն ուժերն ու ազդակները, որոնք ձեւավորել են ձեր բնավորությունը վաղ մանկությունից: Դուք պետք է իմանաք, թե ինչու եք հատկապես այդ կերպ արձագանքում եւ պատասխանում մարդկանց եւ շրջապատի իրավիճակներին: Միայն երբ դուք կհասկանաք եւ կընդունեք ինքներդ ձեզ, դուք կկարողանաք սկսել առաջընթաց ձեր կյանքի մյուս ոլորտներում:
Հաջողության յոթերորդ բաղադրիչը անձնական բավարարվածությունն է: Դա մի զգացողություն է, որ դուք դառնում եք այն ամենը, ինչն ունակ եք դառնալու: Դա ստույգ իմացությունն է այն բանի, որ դուք շարժվում եք դեպի ձեր մարդկային ամբողջ ներուժի իրականացում: Հոգեբան Աբրահամ Մասլոուն դա անվանել է «ինքնաիրականացում». ըստ նրա՝ դա մեր հասարակության ամենաառողջ, ամենաերջանիկ եւ ամենահաջողակ արանց ու կանանց հիմնական բնութագիրն է:
Սույն գրքի հիմնական առաքելությունն այն է, որ ցույց կտա ձեզ, թե ինչպես լինել սեփական հոգեբանը: Դուք կսովորեք ինչպես նվաճել եւ պահպանել դրական, լավատեսական եւ կենսախինդ դիրքորոշում գրեթե բոլոր հանգամանքներում: Դուք կսովորեք զարգանալ որպես լիովին ամբողջական, լիովին գործունակ, լիովին հասուն անհատականություն:
Ձեւակերպելով հաջողության յոթ բաղադրիչները՝ դուք ստանում եք մի շարք նպատակադրումներ: Երբ դուք սահմանում եք ձեր կյանքը ըստ իդեալական ըմբռնումների եւ երբ քաջություն եք ունենում որոշելու` հատկապես ինչ եք ուզում, ապա դուք արդեն սկսում եք բացահայտել հաջողության հասնելու ձեր քողարկված ուժերը:
Հատված Բրայան Թրեյսիի
«Առավելագույն նվաճում» գրքից:
Անգլերենից թարգմանությունը՝ Վ. Միրզոյանի