Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմադիր «ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Նա կմրցակցի «Հանրապետական դաշինքի» թեկնածու, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները մարտի 3-ին հայտարարել է, որ չի պաշտպանում «Վեցի սեղան» ընդդիմադիր դաշինքի առաջադրած թեկնածուին: Թուրք քաղաքական գործչի այդ որոշումը լուրջ խառնաշփոթ է առաջացրել ինչպես երկրի ընտրողների, այնպես էլ արտասահմանյան դիտորդների շրջանում: Ո՞րն է թուրքական ընդդիմության շարքերում տարանջատման պատճառը, ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա, եւ ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից:
Մերալ Աքշեները լրագրողների առջեւ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ այն բանից մեկ օր հետո, երբ 6 ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», աջ «Լավ կուսակցությունը», կենտրոնամետ «Ժողովրդավարական կուսակցությունը», իսլամական «Երջանկություն կուսակցությունը», «Ժողովրդավարության եւ առաջընթացի կուսակցությունը» եւ «Ապագայի կուսակցությունը» համաձայնեցրին նախագահի միասնական թեկնածուի անունը: Քեմալ Քըլըչդարօղլուի առաջադրման մասին պլանավորվում էր հայտարարել մարտի 6-ին, ինչը եւ տեղի ունեցավ:
Աքշեները հայտարարել է, որ իր կուսակցությունը համամիտ չէ գործընկերների հետ եւ պահանջում է այդ դերի համար ընտրել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Նրա խոսքով՝ դա ժողովրդի ընտրությունն է, որը որոշվել է հարցումների եւ Թուրքիայի տարբեր տարածաշրջաններում քաղաքացիների հետ շփման ընթացքում: «Իմամօղլուն եւ Յավաշն այն քաղաքական գործիչներն են, որոնք կարող են հաղթել Էրդողանին ընտրություններում: «Վեցի սեղանը» կորցրել է ժողովրդի հարցումներին արձագանքելու ունակությունը: Ցավոք, նրանց մեջ գերակշռեց անձնական շահը, այլ ոչ թե ժողովրդի կամքը: Մեր առաջարկը մերժվել է»,- հայտարարել է նա:
Նույն ելույթում Աքշեները Յավաշին եւ Իմամօղլուին կոչ է արել, չնայած 5 ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշմանը, առաջադրել իրենց թեկնածությունը:
Չնայած այն հանգամանքին, որ ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել, «Վեցի սեղանը» բավական երկար ժամանակ չէր կարողանում որոշում կայացնել միասնական թեկնածուի հարցում: Նույնիսկ ընդդիմության կողմնակիցներն էին քաղաքական գործիչներին քննադատում հարցի ձգձգման համար: Ավելի վաղ Աքշեները տարբեր քայլերով փորձել է ընդգծել Էրդողանին հաղթելու` Իմամօղլուի հնարավորությունները:
Հարկ է նշել, որ Աքշեների «ֆավորիտներին» մի շարք խոչընդոտներ են խանգարում՝ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Իմամօղլուի նկատմամբ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել, ինչի արդյունքում նրան սպառնում է 5 տարով զրկում քաղաքական գործունեությունից եւ ձերբակալություն 3 տարի ժամկետով: Յավաշը, իր հերթին, նախկին ազգայնական կուսակցության անդամ է, եւ քուրդ ընտրողները նրան չեն աջակցի: Այդ մասին բազմիցս հայտարարել են «Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորները: «Մենք հանդես ենք գալիս երթուղու, այլ ոչ թե մեքենավարի փոփոխության համար: Երկրում առանց այդ էլ գերիշխում է ազգայնական գաղափարախոսությունը: Մենք հանդես ենք գալիս այդ գաղափարախոսության կառավարման փոփոխության օգտին: Այդ առումով մեր կուսակցությունը բազմիցս նշել է, որ մենք չենք կարող աջակցել Մանսուր Յավաշի թեկնածությանը»,- ասել է նշված կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Թուրք քաղաքական գործիչներն Աքշեների դեմարշը գնահատել են որպես 6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի գոյության ավարտ: Շատերը նշում են, որ նրա տոնը չափազանց կտրուկ է եղել եւ ավելի շուտ նշանակում է, որ վերադարձի ճանապարհ չկա. քաղաքական գործիչն այրել է կամուրջներն այն պատճառով, որ թուրքական ընդդիմությունը չի կարողացել պայմանավորվել ընդհանուր թեկնածուի հարցում: Դա, անկասկած, օգտակար է Էրդողանի համար, չնայած թվում էր, որ երկրաշարժից իշխանությունների ոչ գրագետ աշխատանքից, զոհերի մեծ թվից ու բարձր արժեզրկումից հետո ընդդիմության համար հաղթանակի երաշխիքներ են հայտնվել:
Միեւնույն ժամանակ իշխանամետ լրատվամիջոցները չեն թաքցնում իրենց ուրախությունը: Նրանք վստահ են, որ այժմ Էրդողանի հնարավորությունները այնքան մեծ են, որ նա կարող է որակյալ մեծամասնություն ապահովել խորհրդարանում: Նրա կարծիքով՝ «Վեցի սեղանի» փլուզումն անխուսափելի է, քանի որ ընդդիմության միակ նպատակն իշխող կուսակցության համար խնդիրների ստեղծումն է, իսկ հաղթանակի դեպքում՝ նախարարությունների եւ ղեկավար պաշտոնների բաժանումը միմյանց միջեւ: «Sabah» թերթի մեկնաբան Մեհմետ Բարլասը կարծում է, որ «Վեցի սեղանը» ստեղծվել է Արեւմուտքի ճնշմամբ:
Արեւմուտքը, որը մեծ հույսեր էր կապում Էրդողանին գահընկեց անելու հետ, հիասթափված է թուրքական ընդդիմության ներսում կատարվող գործողություններից: Արեւմտյան մի շարք առաջատար հանդեսներ նույնիսկ չեն թաքցրել իրենց դժգոհությունը, չնայած դեռ հույսեր են տածում, որ «Վեցի սեղանի» շրջանակներում հաշտություն կկայանա:
Ֆրանսիական «France-Presse» գործակալությունը գրել է, որ «Աքշեներն Էրդողանին նվեր է մատուցել սկուտեղի վրա»: Բրիտանական «Reuters»-ը նշել է, որ բաժանումը թուլացրել է հիմնական ընդդիմադիր դաշինքը, որն այլեւս չի կարող դիմակայել Էրդողանին: AP գործակալությունը գրում է, որ «թուրքական ընդդիմությունը բաժանվել է, եւ դա լուրջ խթան կլինի Էրդողանի համար: «Մինչ հակաէրդողանյան դաշինքը փլուզման շեմին է թեկնածուի հետ կապված տարաձայնությունների պատճառով, Էրդողանը ամեն ինչ վերահսկում է»,- կարծում է «Bloomberg»-ը:
Աքշեների կտրուկ հայտարարությունից հետո իրավիճակը մեկնաբանել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
«Ոչ կուսակցության ներսում իմ գործընկերները, ոչ էլ ես ոչ մի լարվածություն չենք առաջացրել: Քաղաքական խաղերի գործիք չենք լինի եւ կշարունակենք պատասխանատու գործել: Թուրքիայի բոլոր քաղաքացիները կհրավիրվեն մեր սեղանի մոտ: Ժողովուրդը չպետք է անհանգստանա: Մենք կհաղթենք Էրդողանին եւ նրա քարոզչական մեքենային»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Յավաշը եւ Իմամօղլուն, որոնց դիմել է Աքշեները, որպեսզի առաջադրեն իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններում, արդեն հայտարարել են, որ աջակցում են Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությանը: Այսպիսով՝ այն մասին խոսակցությունները, ըստ որոնց՝ որ քաղաքապետերից որեւէ մեկը կարող է լքել «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», դառնալ «Լավ կուսակցության» թեկնածու եւ ավելի մեծ պառակտում սերմանել ընդդիմության շարքերում, չեն արդարանում:
Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է «արյունոտ նախճիր» կազմակերպել Թուրքիայի ընտրություններում: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ամերիկյան «Foreign Polisy»-ում, որը նա անվանել է «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կիսապաշտոնական օրգան», նյութ է հրապարակվել «Թուրքիայում ընտրությունների ժամանակ արյունոտ նախճիր կլինի» վերնագրով: Փերինչեքը ողջ երկրին կոչ է արել ընդհանուր դիրքորոշում որդեգրել տեղի ունեցողի նկատմամբ:
Այսպիսով՝ թուրքական ընդդիմության պառակտումը նախօրոք պլանավորված գործողություն է թվում: Էրդողանն ու նրա համախոհները, ի վերջո, ի դեմս ԱՄՆ-ի, գտել են նաեւ արտաքին «թշնամու», որի դեմ պայքարի գաղափարի շուրջ կձգտեն համախմբել հանրությանը: