Ստեղծագործական աշխատանքի յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում` սպորտում եւ մանկավարժությունում, կան անհատներ, որոնք անձնավորում են տվյալ ոլորտի զարգացման ուղին: Նրանց գործունեության մեջ առավել վառ են մարմնավորված ոլորտի հիմնախնդիրներն ու նվաճումները: Մոտենում է 13 տարին, ինչ ներկան դավաճանեց մարզիչ-մանկավարժ, դոցենտ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, «ջրի տիրակալ» Մարտին Օսյանին` ապագային հանձնելով նրա զավակներին, սաներին ու բոլոր ճանաչողներին հասցեագրված մասնագիտական եւ մարդկային խորհուրդները:
Մ. Օսյանը ծնվել է 1928 թ. Լոռվա Շնող գյուղում: Ուզում էր օդաչու դառնալ, բայց անհարկի բռնադատված հոր զավակին տրված չէր այդ իրավունքը: Յոթ ամիս սովորելուց հետո հեռանում է Երեւանի օդաչուական դպրոցից: 1955 թ. ավարտում է Մոսկվայի ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ֆիզդաստիարակության ֆակուլտետը: Մինչ այդ գերազանցությամբ ավարտել էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը: 1955-65 թթ. աշխատել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի լողի ամբիոնում: Նույն տարիներին եղել է Հայաստանի ջրացատկի հավաքական թիմի, նաեւ Հայաստանի դպրոցականների հավաքական թիմի ավագ մարզիչը: Շուրջ կես դար եղել է Երեւանի պետական համալսարանի ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի դոցենտ: Եղել է նաեւ ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն: Ծննդավայր էր այցելում սովորաբար ամռանը եւ ամեն անգամ ժամանակ էր գտնում մի քանի անգամ նետվելու գիժ Դեբեդի ջրերը՝ ցատկելով քարե կամրջից: Լոռուց հեռու միշտ մնաց պարզ սիրտ ու հյուրընկալ լոռեցի, իսկ տարեց ալավերդցիների հիշողություններում՝ «Ջրի տիրակալ» տիտղոսով: Մարտին պապիկը, ինչպես նրան սիրով անվանում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, անչափ հարգված էր շրջապատում, նվիրված ամուսին, երեք զավակների հայր: Ինչպես ասում են՝ հայացքն անգամ դաստիարակիչ էր, խոսքը ուժ էր, ներշնչանք: Նրա պատրաստած ջրացատկի հանրապետական թիմն էր, որ մասնակցեց 1950 թ. ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային: Հատկանշական է, որ թիմի միակ հաշվարկային միավոր բերողը մարզիչ-մարզիկ Մարտին Օսյանն էր, ում էլ հետագայում վերապահվելու էր հանրապետությունում ջրացատկի հիմնադրի պատիվը: Ի դեպ, 1954 թ. արդեն ջրացատկի, մարմնամարզության եւ դահուկային սպորտի առաջին կարգի մարզիկ էր: Վաստակավոր գիտնականը 8 գրքի, ավելի քան 60 ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է եւ ամբողջ կյանքում անբաժան է եղել սիրած մարզաձեւից` այն զարգացնելու նվիրական առաքելությամբ:
Չարագործ մահից մի քանի ամիս առաջ էր, որ հանդիպեցինք Երեւանում: «Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի կրողն է. կանգ մի առ, քայլիր, փորձիր, կգտնես»,-նրա այս խոսքերից թեթեւացած` բաժանվեցի: Ավաղ, վիճակված չէր այլեւս հանդիպել նրան: Շատերի խոսքն ու գովքն եմ լսել Մարտին Օսյանի մասին: Տպավորվել է հատկապես ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը. «Վերին աստիճանի համեստ, կենցաղում՝ զուսպ, ներքին կարգապահություն ունեցող մարդ էր Մարտինը` տարբեր իմ իմացած շատ մարզիկներից: Ինչպես բոլոր ազնիվ մարդիկ, միամիտ էր, ամոթխած, պարկեշտ, եւ նրա հմայքը այդ զսպվածության, պարկեշտության մեջ էր»: «Ցավոք, ջրային մարզաձեւերը հանրապետությունում հետընթաց են ապրում: Անհրաժեշտ է, որ Օսյանի ստեղծածին ջրի մի շիթ ավելացնող լինի, որ առուն չբարակի, ու օդում ճախրելը, ջրի վայելքով ապրելը շատերի երազանքը լինի»,-ժամանակին զգուշացրել է լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը: Օսյան մարզիկի, մարզչի ու մանկավարժի, Օսյան մարդու վաստակն ու հիշատակը մեզ՝ ապրողներիս, հուշում են, որ Օսյանի անվան մրցումներ եւ մրցանակներ լինեն, նրա անվան մարզադպրոց լինի կամ մարզական ակումբ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հանրապետությունում սպորտի պատմության թանգարան ունենանք կամ երեւելիների ծառուղի: Շնոհակալ եմ ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանին, որ Օսյանը լուսահոգի հայրիկիս հետ նույն գրքում է` «Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարանում»: Մարտին Օսյանի ապրածի ինքնատիպ արձագանքն են նաեւ Գառնիկ Շախկյանի 2016 թ. հրատարակած «Թումանյանական աշխարհ» ստվարածավալ գրքի եզրափակիչ երեք էջերը, որոնք ներառում են նաեւ խոսուն լուսանկարների մի անմոռաց փունջ եւ ընթերցողին հիշեցնում կյանքի դասերը, երբեք էլ չհնացող նրա մարզական հնարքները եւ մանկավարժական մեթոդները:
Մարտին Օսյանն ինքն է հյուսել իր գունեղ դափնեպսակը, որ ժամանակի սլացքի հետ նոր ուրվագծերով է հարստանում, իսկ մոռացումի փոշին իր անցած ճանապարհից նա վաղուց է հեռացրել: Մարտի 9-ին Մարտին Օսյանի ծննդյան օրն էր՝ 95-ամյա հոբելյանը: Այս համեստ հրապարակումը թող լինի նրա նվիրումի եւ արգասաբերության ուղու համեստ գնահատանք կամ թե հիշատակի կանգառ ժամանակի օսյանական սլացքում: Քանզի ուժերս առավել քան անկարող են այլ կերպ թեթեւացնելու հոգիս ու մխիթարելու ինձ, ընտանիքիս ու մեզ հարազատ դարձած նրա զավակներին` Նաիրային, Երվանդին, Արմինեին, նրա բազում սաներին ու բոլոր մերձավորներին:
Հոբելյանական կրակից ծնվող սուրբ լույսն իջնի նրա եւ տիկնոջ՝ Դսեղում ծնված վաստակաշատ բուժքույր Ջուլիետայի շիրիմներին, ու անվերջ շարունակվի նրանց նվիրումի ուղին երկնքում:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ