Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին շուրջ 3 ամիս է մնացել։ Ինչպես արդեն հայտնի է, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմության թեկնածու։ «Լավ» կուսակցության (IP) նախագահ Մերալ Աքշները դեմ էր Քըլըչդարօղլուի թեկնածությանը։ Նրա կարծիքով, որպես ընդդիմության թեկնածու պետք է լիներ կա՛մ ընդգծված ազգայնական տեսակետներով Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, կա՛մ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Իրականում էլ վերջինս նշյալ 3 թեկնածուներից առավել մեծ հնարավորություններն ունի։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կողմից նրան ասպարեզից հեռացնելու ջանքերը եւս դա են վկայում։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նրան 2022 թ. օգոստոսին մեղադրել է այն բանի համար, որ 2019 թ. կրկնակի ընտրություններին դարձյալ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց հետո մամուլի համար հրապարակած հայտարարության մեջ ընտրությունների գերագույն խորհրդի անդամներին «հիմար» է անվանել։ Դրա համար դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման եւ զրկվել քաղաքականությամբ զբաղվելուց։ Աքշները միասնական թեկնածուի հարցում, ըստ երեւույթին, հենվել է նաեւ սոցհարցումների արդյունքների վրա, որոնք բնավ հուսադրող չէին Էրդողանի համար։
Հատկանշական է, որ մարտի 1-ին իշխանության տեսակետներն արտահայտող «Յենի Շաֆագ» օրաթերթը հրապարակել է «Արեդա» կենտրոնի փետրվարի 23-27-ը անցկացրած սոցհարցումների արդյունքները՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնց համաձայն Էրդողանը եւ նրա գլխավորած կուսակցությունը խիստ համոզիչ հաղթանակ են արձանագրելու։ Հարկ է նշել, որ քրդերի ձայները նախագահական ընտրություններին որոշիչ են լինելու։ Իսկ ինչպես գիտենք, նրանք խիստ դեմ են Էրդողանին, որը 2015 թ. քրդական հարցը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Սիրիայում եւ Իրաքում «լուծելու» ուղղությամբ ջանք չի խնայել։ Սակայն ընդդիմությունը եւս նրանց չի ընդունել, քանի որ քրդական ու հայկական հարցերը Թուրքիայի ազգային ծրագրի բաղադրիչ են, ուստի ցանկացած կառավարություն ձգտելու է «լուծել» այդ խնդիրները, պարզապես մարտավարությունն է տարբեր լինելու։ Սակայն Քըլըչդարօղլուն հնարավորություն ունի ձեռք բերելու քրդերի վճռական ձայները։ Բայց, անշուշտ, քեմալական կուսակցությունը քրդական հարցի վերաբերյալ չի կարող AKP-ից ու այլ կուսակցություններից տարբերվող տեսակետ ունենալ։
Հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, գործազրկության բարձր տոկոսը, երկրաշաժի գոտում դժգոհությունը՝ Էրդողանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներ կան, բայց հանուն հաղթանակի նա պատրաստ է ամեն քայլի։ Ահավասիկ, մարտի 1-ին այցելել է Ադիյաման եւ ժողովրդից ներում է հայցել, քանի որ ինքն ու կառավարությունը, ավերիչ երկրաշարժի հետեւանքերի պատճառով չեն կարողացել ըստ պատշաճի աջակցություն ցուցաբերել տուժածներին։ Ըստ հայտնի թուրք լրագրող Ջուհեր Գոունի՝ Էրդողանը անգամ ջանքեր է գործադրում երկրաշարժի գոտում անհաջողությունները բարդել պաշտպանության ու ՆԳ նախարարությունների վրա։ Նա, որ հայտնի է իր բացահայտումներով, նշել է, թե Էրդողանը, ըստ ամենայնի, երկրաշարժի առաջին րոպեներից մտածել է, թե ինչպես կարելի է այն օգտագործել ընտրություններին հաջողության հասնելու համար։ Գոունը հավելել է, թե նա այնուհետեւ ջանքեր է գործադրում՝ ի ցույց դնելու իր եւ ՆԳ ու պաշտպանության նախարարների միջեւ տարաձայնությունները եւ մեղքը բարդելու նրանց վրա։
Իսկ վերջիններս, հանդես գալով հայտարարություններով, փորձել են ցույց տալ, որ ամեն ինչի համար պատասխանատուն Էրդողանն է։ Ի դեպ, երգիծական հանդեսի խմբագիրներ Ջուհարի Գոունն ու Մուրաթ Չափանը Էրդողանին քննադատելու ու մոնտաժված մի նկար հրապարակելու համար, որտեղ Էրդողանը զինվորի դագաղի մոտ սելֆի է անում, 2017 թ. դատապարտվել են 22 տարի 6 ամիս ազատազրկման։ Վերլուծաբաններից ոմանք էլ նշում են, թե Թուրքիայի այս ընտրությունները ոչ թե «լավ» կամ «վատ» են լինելու, այլ «շատ վատ» ու «ոչ այնքան վատ»։ Նման գնահատականը թերեւս պայմանավորված է Էրդողանի` ամեն գնով հաղթելու վճռականությամբ։