Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մարգարյանը յուրովի ներկայացնում է մեր հայրենիքի երկրորդ եւ շատ սիրելի քաղաքի՝ Գյումրու բանաստեղծական աշխարհը: Իսկ այդ աշխարհը մեզ պարգեւել է հանճարներ: Բավական է հիշել Ավետիք Իսահակյանին:
Սամվել Մարգարյանի բեղուն գրչի արգասիքն է նրա վերջին գիրքը` «Հուշանվեր» խորագրով, որի բանաստեղծությունների կեսը՝ գրքի երկրորդ հատվածը, ռուսերեն է: Բանաստեղծի գործերը ռուսերեն թարգմանել են Դանիել Կլյուգերը, Հարություն Ֆրանգուլյանը, Արա Գեւորգյանը: Վերջինս գրքի ռուսական բաժնի ջերմ առաջաբանի հեղինակն է: Այս նոր ժողովածուում Սամվել Մարգարյանը շարունակում է իր ասելիքը: Նրա բանաստեղծական թեմաներն են սերը, հայրենասիրությունը, Արեւմտահայաստանի կորուստը, կյանքի անցողիկությունը, Մեծ Հայքի վերջին պետականության՝ Բագրատունիների փառքի հավերժացումը: Թվում է, թե Բագրատունիները հավերժորեն ուղեկցում են այս բանաստեղծին, ու նա իր նվիրմանը հավատարիմ՝ Երազգավորսում հիմնել է Բագրատունիների փառքի հուշապուրակ:
Մարգարյանի պոեզիայում շնչում են Արեւմտահայաստանի պատմական հիշատակները՝ Վանը, Սիփան սարը, Մուշի դաշտավայրը, Մեղրագետը, Չլդրան լիճը եւ մյուս այն պատմական վայրերը, որոնք դարերով եղել են ու ծաղկել որպես հայերի պատմական բնակավայրեր, սակայն նրանց բնիկ տերերի ժառանգները հիմա միայն դրանք պատկերացնում են ըստ գրողների գրքերի կամ տեսնում են որպես օտար զբոսաշրջիկներ:
«Ցեղասպանությունը եղել է, եղել» բանաստեղծության մեջ սեղմ տողերում պատկերված է հայ ազգի մի մեծ հատվածի հայրենազրկման ու ոչնչացման տպավորիչ արձանագրումը: Բանաստեղծն ուզում է իմանալ, թե որտեղ են իր երկրի տերերը, սակայն ոչ հողը, որ քամին չեն կարողանում պատասխան տալ այդ ահասարսուռ հարցին: Ու հնչում է բանաստեղծի ցավոտ եզրահանգումը.
-Ցեղասպանությունը եղե՛լ է, եղել,-
Աղաղակում էր աշխարհն իմ ավեր…
Հայոց արյունն է այստեղ հեղեղվել,
Թուրքի ձեռքով է երկիրը կիսվել:
Բանաստեղծը չի թաքցնում, թե ովքեր են իր պոետական ուսուցիչները: Դրանք շատ-շատ են: Նրանցից են Օմար Խայամը, Սայաթ-Նովան, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սեւակը եւ, առանց չափազանցության, հայ քնարերգության բոլոր մեծերը: Հայրենի եզերքից հատկապես նրա համար հարազատ է Ախուրյան գետը: Գուցե դրա պատճառը իր համար այնքան թանկ «տիեզերահռչակ» Անի քաղաքի ու գետի կապն է: Նա Անիի ավերակներին այցելելը համարում է ուխտագնացություն.
Ես ուխտի եմ նորից եկել
Ավերակաց քո գեղանի,
Պիտի տեսնես վառքդ նորեն,
Պիտի գտնես փառքդ, Անի:
Արդեն հասուն տարիքում՝ որպես հայր ու ամուսին, Մարգարյանն ուշագրավ խոհեր ունի` կապված ընտանեկան սրբությունների հետ: Իսկ այդ առումով նրա համար կյանքի իմաստ են զավակները, կինը: «Տիկնոջս՝ Գոհարին» բանաստեղծության բնաբանն է Պարույր Սեւակի հայտնի տողը՝ «Ծերանում ենք, Պարույր Սեւակ…»: Որպես հավատարիմ ամուսին՝ բանաստեղծն անհայտից առաջ կնոջը հուսադրում է.
Ծերանում ենք, տիկին Գոհար, իմ անգին,
Սիրով հասնենք հանգրվանին մեր ձմռան,
Չվախենաս, ես կլինեմ քո կողքին
Այն աշխարհում, ուր գիշեր է հավիտյան:
Մարգարյանը բանաստեղծություններ է նվիրել հայոց մայրերին, հայոց լեզվին, խաղաղությանը, Եռաբլուրում թաղված հայ հերոսներին եւ, ընդհանրապես, հայրենի եզերքին: Հիանալի է, որ նրա հրաշալի բանաստեղծությունները կարող են կարդալ նաեւ ռուսալեզու ընթերցողները: Նման երկլեզու ժողովածուները խրախուսանքի արժանի են:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ