Խուճապը կաթվածահար է արել Պակիստանի քրիստոնեական համայնքի կենսագործունեությունը: Ծայրահեղական տրամադրություններ ունեցող մահմեդական մեծամասնությունը հալածանքների, խտրականության եւ բացահայտ բռնության է ենթարկում նրանց: Ինչպես գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն, քրիստոնյաները դիմադրում են, սակայն դա այն միջոցը չէ, որը կարող է վերջնական հաղթանակ ապահովել:
Ստիպված լինելով սեւագործ աշխատանք կատարել եւ առավել հաճախ ապրել ծայրահեղ աղքատության մեջ՝ պակիստանյան 5 մլն քրիստոնյաները բախվում են ավելի ու ավելի ծայրահեղ տրամադրված մահմեդական մեծամասնության հետ:
«Պակիստանում քրիստոնյա լինելը նույնն է, ինչ ապրել մի սենյակում՝ առանց դռների եւ պատուհանների: Ստիպված ենք հաշտվել այս իրավիճակի հետ, քանի որ այլ ելք չկա»,- «Le Figaro»-ին ասել է մի քահանա, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը: Անկախ տարածաշրջանից, միայն այն փաստը, որ դուք քրիստոնյա եք, կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: «Վատագույնից խուսափելու համար մենք լուռ դիմանում ենք շատ անարդարությունների: Միասնության, սիրո եւ համերաշխության վրա ազդել է ռազմական դիկտատոր Զիա-ուլ-Հաքի կողմից պարտադրված սրբապղծության մասին օրենքը, որը խանգարում է միջկրոնական ներդաշնակությանը»,- նշել է քահանան:
1860 թ. բրիտանական Հնդկաստանի կառավարիչները քրեական կոդեքսում ներառեցին մի գլուխ, որը վերաբերում է կրոնի հետ կապված իրավախախտումներին՝ որպես կրոնական տարբեր համայնքների միջեւ հակամարտությունների սահմանափակման միջոց: Այդ օրենքները, որոնք Պակիստանը ժառանգել է 1947 թ. բրիտանական Հնդկաստանի բաժանման ժամանակ, միայն ավելի է մասնատել բնակչությանը: Դրանք ավելի խստացվեցին 1986 թ. գեներալ Զիա-ուլ-Հաքի գլխավորած ռազմական կառավարության կողմից. մահապատիժ կամ ցմահ բանտարկություն մտցվեց Մուհամմեդի մասին յուրաքանչյուր բացասական արտահայտության համար:
Քրիստոնյաները՝ նախկին գյուղական աշխատողները, առանց որեւէ ռեսուրսի մնացին, երբ 1947 թ. բաժանման ժամանակ ընտրեցին Հնդկաստանը: Նրանց նախկին գործատուների հողերը տրվեցին կրկին ժամանած մահմեդականներին: Հետապնդվող քրիստոնյաները Փենջաբի գյուղական շրջաններից աշխատանք գտնելու հույսով շարժվեցին դեպի մայրաքաղաք: Առանց դռների եւ պատուհանների կացարանի օրինակն այդ մարդկանց մեծամասնության առօրյա կյանքի վկայությունն է:
Կյանքի պայմաններն այնտեղ հակասանիտարական են՝ կեղտոտ փոսերով լի փողոցներ, թափոններով լի առուներ, վարակակիր միջավայր, որի բնակիչները դասվում են այն աղքատ աշխատողների շարքին, ովքեր զբաղվում են զուգարանների մաքրումով եւ աղբի հավաքմամբ: Այդ հատվածում աշխատանքի փնտրտուքի մասին հայտարարությունները վկայում են քրիստոնյաների ծայրահեղ աղքատության մասին: Միեւնույն ժամանակ Կոմունալ ծառայությունների մատուցման կորպորացիան թույլատրել է կացարանների շինարարությունն այդ շահագործվող աշխատուժի համար:
«Բարձրանում ենք 4-րդ հարկ շատ նեղ աստիճաններով: Տան կառավարիչ Ջավեդը հպարտությամբ ցույց է տալիս Մարգալլասի բլուրների համայնապատկերը, որը Իսլամաբադը բաժանում է Հայբեր-Փախտունխվայի շրջանից»,- գրում է «Le Figaro»-ի թղթակիցը՝ շեշտելով, որ կորպորացիան պարբերաբար սպառնում է քանդել քրիստոնյաների տները: Վերջիններիս առաջարկվել է տեղափոխվել ծայրամաս, սակայն այդ դեպքում նրանք չափազանց հեռու կլինեն իրենց գործատուներից: Փոքրիկ գաղութը, որը տեղակայված է հարուստ թաղամասում, դիմակայում է, ինչպես կարող է: Ռիազ Պայրան՝ քրիստոնեական քաղաքային խորհրդականը, ով հռչակ է ձեռք բերել՝ կրթական ծառայություններ մատուցելով կամավոր հիմունքներով, խոստովանում է, որ գաղութում գրանցված 3300 ընտրողների 70 տոկոսը քվեարկում է քաղաքային ընտրությունների ժամանակ, բայց, ինչ վերաբերում է համընդհանուր ընտրություններին, հայտնի է, որ կրոնական փոքրամասնություններին տրամադրված 10 տեղից կուսակցական առաջնորդները ընտրում են մեկ պատգամավորի, որը կնշանակվի: Դա նշանակում է, որ նա գաղութի ներկայացուցիչ չի լինի:
Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ քրիստոնյաները կազմում են 220 մլն բնակչության 1.6 տոկոսը: Նրանք բաժանվում են հետեւյալ կերպ՝ 1.3 մլն կաթոլիկներ, 2.4 մլն բողոքականներ, 1 մլն ավետարանականներ: Կաթոլիկ եկեղեցին վիճարկում է այս տվյալները՝ շեշտելով, որ կաթոլիկները նույնքան բազմամարդ են, որքան բողոքականները: Վերապատվելի Շահզադ Մուրադի խոսքով՝ «քրիստոնյաների ամենամեծ խումբը պատկանում է Պակիստանի եկեղեցուն, որը միավորում է բողոքականության 4 տեսակները: Ավետարանական բազմաթիվ հաստատությունների ի հայտ գալը կտրուկ կրճատել է այցելությունները կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներ, եւ դա՝ առանց հաշվի առնելու նրանց միջեւ մրցակցությունը:
Այս տնային եկեղեցիները, որոնք կոչվում են «սնկային եկեղեցիներ», շատ են տնակային թաղամասերում: Ինքնակոչ հովիվներն իրենց հյուրասենյակներում առաջարկում են Աստվածաշնչի ընթերցումներ, երաժշտական միջոցառումներ եւ սեմինարներ դեռահասների համար: Այս տնային եկեղեցիները շատ քրիստոնյաների ուշադրությունն են գրավել եւ զայրացրել որոշ կաթոլիկ քահանաների, օրինակ՝ հայր Սիլվեստրին: «Նրանք օգտվում են աղքատների եւ անգրագետների միամտությունից: Եկեղեցու անվան տակ գործող այդ հաստատությունները համեմատելի են համայնքների հետ, որոնք միավորվել են ծնունդով, այլ ոչ թե հիերարխիկ կրոնական միաբանությամբ: Այդ կազմակերպությունը կարելի է համեմատել ցեղային համակարգի հետ, որը դեռեւս շատ հայտնի է Պակիստանում. ընտանիքներն իրենցից կլաններ են ներկայացնում, որոնք միավորվում են այլ ընտանիքների հետ պայմանավորված ամուսնությունների միջոցով՝ այդ կերպ ձեւավորելով ցեղեր: Մի երկրում, որտեղ ինստիտուտները թույլ են, եւ որտեղ գոյատեւումը կախված է խմբից, քրիստոնեական համայնքները, աղքատներն ու ունեզրկվածները կազմակերպվում են նույն սկզբունքով, ինչ մնացած հասարակությունը»,- նշել է Սիլվեստրը:
Մինչ բաժանումը քրիստոնյաները հեղինակավոր դիրք էին զբաղեցնում հասարակության մեջ: Այսօր ամեն ինչ այլ է։ Բրիգադիրն ամենաբարձր կոչումն է, որին կարող են հավակնել քրիստոնյա զինվորները բանակում, եւ նրանք իշխանության ճյուղերում բարձր պաշտոնների չեն նշանակվում։ Պարադոքս է, երբ գիտես, թե ինչքան շատ բանով է այդ երիտասարդ ազգը պարտական նրանց: Բրիտանական դարաշրջանի ավարտից հետո քրիստոնյաներն աջակցեցին անկախ պետության ստեղծմանը՝ ենթադրելով, որ ավելի ներդաշնակ կապրեն մահմեդական երկրում, քան հնդիկների կաստային համակարգում:
Քրիստոնյաներին այլ ելք չի մնում, քան պայքարել իրենց իրավունքների համար: Վերջին տասնամյակի ընթացքում նոր սերունդը սովորում է՝ խրախուսվելով ծնողների կողմից, ովքեր քրտնաջան աշխատում են, որպեսզի իրենց երեխաներին ավելի պայծառ ապագա ապահովեն: Բայց դիպլոմը դեռ ոչինչ չի նշանակում։ Չնայած երիտասարդությունն աստիճանաբար ավելի ու ավելի կիրթ է դառնում, փոքրամասնություններին վերապահված պետական ծառայության պաշտոնների 5 տոկոսը հազվադեպ է տրվում քրիստոնյաներին: Եվ համընդհանուր բռնության ֆոնին Աֆղանստանից պակիստանյան թալիբների վերադարձից հետո, որոնք ճնշում են գործադրում ինստիտուտների վրա շարիաթի հաստատման համար, շատերը ձգտում են հեռանալ երկրից: Քրիստոնյաներին այսօր սպառնում են: Հոգեւորականներին սպանում են, կանանց՝ բռնաբարում: Եվ պատահական չէ, որ շատերն անլեգալ կերպով ուղեւորվում են դեպի Հարավային Ասիա…