Եվրոպայի տարածքում ամենախոցելի տարածաշրջանը Բալկանյան թերակղզին է, որտեղ Խորհրդային Միության եւ Հարավսլավիայի փլուզումից հետո քաղաքական վերադասավորումներն ու հակամարտությունները շարունակում են օրակարգային մնալ։ Բազմաթիվ ազգամիջյան հակամարտություններն այս տարածաշրջանը դարձրել են ժամանակակից գլոբալ աշխարհակարգի ձեւավորման առանցքային օջախներից մեկը: Այդ առումով առավել խոցելի են Արեւմտյան Բալկանները եւ մասնավորապես Սերբիան։ «Միացյալ» եւ «անբաժան» Եվրոպա ունենալու համար ԵՄ-ի համար կարեւոր խնդիրներից մեկը Կոսովոյի հարցի լուծումն է իր համար նպատակահարմար տարբերակով եւ Սերբիայի լոյալությունն ու համակրանքը, Ռուսաստանի փոխարեն, Արեւմուտքի նկատմամբ։ Նշենք, որ 1952 թ. հիմնադրումից ի վեր Եվրամիությունն ընդլայնվել է 7 անգամ եւ այժմ ունի 28 անդամ երկիր։ 2003 թ. Թեսալոնիկեում կայացած Արեւմտաբալկանյան գագաթնաժողովում ԵՄ անդամ պետությունները հայտարարեցին, որ «Արեւմտյան Բալկանները միացյալ Եվրոպայի անբաժան մասն են լինելու»։ Սակայն այսօր տարածաշրջանից դեռեւս միայն Սլովենիան է ԵՄ անդամ։
Պարբերաբար քայլեր են իրականացվում Սերբիայի եւ ինքնահռչակ հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մարտի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում ԵՄ միջնորդությամբ կայացան Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարների բանակցությունները, որոնք տեւել են ավելի քան 12 ժամ։ Կողմերը քննարկել են խնդրի կարգավորման եվրոպական-ամերիկյան առաջարկի իրականացման ծրագիրը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված պարտավորությունների կատարումը պայման կդառնա ԵՄ-ին նրանց ինտեգրման համար։ Բորելը նաեւ տեղեկացրել է, որ կողմերը «չեն ստորագրել համաձայնագիրը, թեեւ համաձայնել են սկսել դրա իրականացումը», ուստի համաձայնագիրը կհամարվի հաստատված նրա հայտարարությամբ եւ ոչ բոլոր կողմերի ստորագրած համատեղ հայտարարությամբ, ինչպես նախատեսված է եղել ի սկզբանե։
«Այն մի քանի կետերը, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք, երկու կողմերի համար էլ կդառնան իրականացման ծրագրի շրջանակը։ Այսօր ոչինչ չի ավարտվում, նոր է սկսվում»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` նշելով, որ Ալբին Կուրտիի հետ ուրվագծել են «կարմիր գծերի» իրենց տեսլականը՝ դրանով իսկ նշանավորելով «համատեղ կառուցողական աշխատանքի սկիզբը»։ Նշենք, որ փետրվարի 27-ին ԵՄ արտաքին ծառայությունը հրապարակել էր «Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը ներառում է անձնագրերի փոխադարձ ճանաչում, Սերբիայի կողմից միջազգային ասպարեզում Կոսովոն ներկայացնելուց հրաժարում, դիվանագիտական առաքելությունների փոխանակում, ինչպես նաեւ կողմերի իրավական պարտավորություններ՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։ Հաջորդ օրը Վուչիչը հայտարարել էր, որ չճանաչված Կոսովոյի հարցի վերաբերյալ ցանկացած վերջնական որոշում կայացնելու է սերբ ժողովուրդը, ինչպես նաեւ հավելել էր, որ Բելգրադը պատրաստ է դիտարկել Կոսովոյի վերաբերյալ Արեւմուտքի առաջարկները՝ բացառությամբ հանրապետության անկախության եւ ՄԱԿ-ին նրա անդամակցության կետերի։ Նրա պնդմամբ, իրավիճակը նույնը կմնա, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ ինքը Սերբիայի նախագահն է։ Անցած կիրակի օրը ժողովրդին ուղղված ուղերձում Վուչիչը բանակցություններն անվանել է «ամենադժվարը, որը նրանք երբեւէ ունեցել են»: Անդրադառնալով ԵՄ ծրագրին` Սերբիայի նախագահը նշել է, որ հանրապետությունը ստիպված է եղել ընտրություն կատարել մեկուսացման եւ ծրագրի բոլոր կետերի հետ համաձայնության միջեւ։ Բացի այդ, Արեւմուտքը սպառնում է դադարեցնել Սերբիայի եվրաինտեգրման գործընթացը, դադարեցնել ներդրումները եւ պատժամիջոցներ կիրառել, եթե Բելգրադը չընդունի բանակցությունների նոր հայեցակարգի պայմանները։ Իսկ Պրիշտինան բանակցությունների արդյունքներից հետո խոստացել է սկսել սերբական մունիցիպալիտետների ձեւավորումը՝ Կոսովոյում եւ Մետոհիայում «պատշաճ» ինքնակառավարման մակարդակով։
Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ կնքված պայմանավորվածություններն ու սկսված գործընթացը ողջունել է Միացյալ Նահանգները՝ պատրաստակամություն հայտնելով «նպաստել դրանց իրականացմանը»՝ գործընթացը համաձայնեցնելով Եվրամիության հետ։ Հարաբերությունների «կարգավորման» վերաբերյալ համաձայնագիրը ողջունել են նաեւ Գերմանիան, Թուրքիան: Իրականում Արեւմտյան Բալկանների ամբողջ տարածաշրջանը միասնական քաղաքական-տնտեսական միավոր տեսնելու ցանկությունը հետին պլան է մղում հակամարտության արդարացի լուծման եւ երկարատեւ խաղաղության ու զարգացման հասնելու մղումը։ Աշխարհաքաղաքական զարգացումներում խոշոր խաղացողները նպատակահարմար են գտնում տարածաշրջանները որպես մեկ հարթակ դիտարկելը։ Նման մոտեցում տեսնում ենք նաեւ մեր տարածաշրջանում, ինչը չի բխում հայկական շահից։ Հիշեցնենք, որ Սերբիայի եւ ինքնահռչակ հանրապետության միջեւ հերթական լարվածությունը սկսվել էր 2022 թ. ամռանը, երբ կոսովո-ալբանական իշխանությունները Կոսովոյի եւ Մետոհիայի հյուսիսային հատվածում ապրող սերբերից պահանջեցին վերագրանցել սերբական մեքենաների համարներն ու անձնական փաստաթղթերը։
Մի կողմ թողնելով քաղաքական հարթությունը, բավականին հետաքրքիր է դիտարկել սերբական հասարակության ներսում տեղի ունեցող զարգացումներն ու մոտեցումների արձանագրումը։ Դրանք պակաս կարեւոր եւ առանցքային չեն, քան երկրի իշխանությունների մոտեցումները, քանի որ ամուր հիմքեր է ստեղծում իշխանության համար իր վարած քաղաքականության մասով հետեւողական լինելու համար։ Այսպես, տարեսկզբին «New Serbian Political Thought» հեղինակավոր հրատարակության անցկացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների 47.6 տոկոսը չի աջակցում Սերբիայի անդամակցությանը ԵՄ-ին։ Եվրաինտեգրմանը կողմ է սերբերի մեկ երրորդից մի փոքր ավելին։ Միեւնույն ժամանակ, հարցվածների 79.2 տոկոսը չէր աջակցի Եվրամիությանն անդամակցելուն, եթե պայմանը լիներ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչումը։ «ԵՄ անդամակցության կողմնակիցների 3 տոկոսը զգալիորեն կրճատվում է, երբ Կոսովոյի անկախության ճանաչումը պայման է դրվում: Սա ցույց է տալիս, թե որքան անհամապատասխան են այս թեմաները Սերբիայի քաղաքացիների մտքում», – «RT Balkan»-ի փոխանցմամբ ասում է «New Serbian Political Thought» պորտալի գլխավոր խմբագիր Ջորջե Վուկադինովիչը: Երկրի քաղաքացիների 83.9 տոկոսը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, կողմ է միայն 6.2 տոկոսը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Սերբիայում ԵՄ անդամակցության կողմնակիցների եւ հակառակորդների թվի հարաբերակցությունը փոխվել է մեկ տարի առաջվա համեմատ։ Եվրոպամետ տրամադրությունների անկման միտումը բացատրվում է Բրյուսելից, ինչպես նաեւ եվրոպական մյուս մայրաքաղաքներից, առաջին հերթին՝ Բեռլինից ստացվող ճնշումներով։ Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ անցած տարվա դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով, պատասխանլով այն հարցին, թե «սատարո՞ւմ եք արդյոք Սերբիայի անդամակցությանը ԵՄ-ին», քաղաքացիների 43 տոկոսը դրական պատասխան է տվել, 32 տոկոսը՝ բացասական, 13 տոկոսն ընդհանրապես չէր քվեարկի, իսկ 12 տոկոսը չգիտի, թե ինչպես կպատասխաներ այս հարցին։ Հարցումն իրականացվել է Սերբիայի Հանրապետության տարածքում (բացառությամբ Կոսովոյի եւ Մետոհիայի)։