Ազդեցության գոտիների վերաբաժանման ուղղությամբ ընթացող գործընթացների ֆոնին կարեւոր նշանակություն է ստանում հյուսիսային տարածաշրջանն ինչպես ռեսուրսների, այնպես էլ տարանցիկ ուղիների առումով։ Արկտիկայի ռազմավարական նշանակությանն ու ռեսուրսների համար մղվող պայքարին «ՀՀ»-ն անդրադարձել է 2022 թ. հոկտեմբերի 19-ի համարում։ Միջազգային խոշոր խաղացողների համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Գրենլանդիան, ինչը ստիպում է վերջինիս ներքաշվել «շախմատային մեծ խաղի» մեջ։
Դանիայի արտգործնախարարության եւ Գրենլանդիայի կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գրենլանդիան առաջին անգամ ՆԱՏՕ-ում Դանիայի ներկայացուցչություն իր դիվանագետին է ուղարկում մշտական աշխատանքի։ Լիդա Սկիֆթե Լեներտի խնդիրն է լինելու փորձագիտական գնահատմամբ տեղեկատվություն տրամադրել արկտիկական պայմանների մասին։ Նման որոշումը մասամբ պայմանավորված է Ուկրաինայի հակամարտությամբ։ Գրենլանդիայի արտաքին գործերի, բիզնեսի եւ առեւտրի դեպարտամենտը կարծում է, որ այդ պայմաններում անվտանգության քաղաքականության հարցերի ավելի խոր ընկալման կարիք կա։ «Կարեւոր է, որ Գրենլանդիան խորացնի իր ըմբռնումը Բարձր Հյուսիսում անվտանգության քաղաքականության զարգացման եւ այս տարածաշրջանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ուշադրության վերաբերյալ: Կարեւոր է նաեւ, որ ՆԱՏՕ-ն ավելի լավ հասկանա մեր տարածաշրջանի եւ հասարակության հատուկ պայմանները, տեղյակ լինի մեր շահերին, արժեքներին ու առաջնահերթություններին»,-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ ասել է արտաքին գործերի, բիզնեսի եւ առեւտրի նախարար Վիվիան Մոցվելդտը։ Նշենք, որ Գրենլանդիան ունի ինքնավար կարգավիճակ Դանիայի Թագավորության կազմում: 2009-ից ստացել է ընդլայնված ինքնավարություն՝ վերահսկելով հողօգտագործումը, ռեսուրսների արդյունահանումը (բացառությամբ ուրանի), դատական համակարգը եւ իրավապահ մարմինները: Գրենլանդիայի արտաքին, պաշտպանական եւ տնտեսական քաղաքականությունը շարունակում է մնալ Դանիայի իշխանությունների վերահսկողության տակ։
Դանիան ակտիվ մասնակցություն ունի ուկրաինական ճգնաժամում։ Անցյալ շաբաթ երկրի կառավարությունը հայտարարեց 2023 թ. 7 մլրդ կրոնի (ավելի քան 1 մլրդ դոլար) չափով ուկրաինական նոր հիմնադրամի ստեղծման մասին։ Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ նման ռազմական օգնությունը մեծացնում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ բախման վտանգը։ Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ տրամադրվող միջոցների միայն չնչին մասն է ուղղվելու Ուկրաինայի վերականգնմանը (1.6 մլրդ դանիական կրոն), մնացած գումարը (5.4 միլիարդը) ծախսվելու է սպառազինության վրա։ Այսպիսով՝ Դանիայի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությունում Գրենլանդիային նույնպես անմասն չի կարող թողնել։
Գրենլանդիան հետաքրքրություն է ներկայացնում իր տնտեսական հնարավորություններով. հավերժական սառույցի գոտում կան օգտակար հանածոների մեծ պաշարներ, սակայն առավել կարեւոր է կղզու ռազմավարական դիրքը։ Այստեղ է Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ծովային ճանապարհը: Բացի այդ, հյուսիսային կղզու տիրապետումը թույլ է տալիս հավակնել Արկտիկայի զգալի հատվածին: Արեւմուտք-Ռուսաստան եւ ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման ֆոնին Գրենլանդիան կարեւորվում է նաեւ նրանով, որ կղզում առկա են ամերիկյան ռազմաբազաներ (օրինակ՝ Թուլեի ավիաբազան՝ Thule Air Force Base, որը հակահրթիռային պաշտպանության եւ տիեզերական առաքելությունների խնդիրներ է լուծում)։ Դա հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին մուտք գործել Հյուսիսային բեւեռ՝ մեծացնելով ռազմական եւ քաղաքական մրցունակությունը տարածաշրջանում։ Ի դեպ, 2020 թ. հունիսի 10-ին ԱՄՆ-ը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում բացել է իր հյուպատոսությունը։ 1940-1953 թթ. եւս ԱՄՆ-ը դիվանագիտական առաքելություն է ունեցել։
Ռուսաստանին եւ Չինաստանին հակազդելու համատեքստում կղզին հետաքրքրություն է ներկայացնում Վաշինգտոնի եւ Բրյուսելի համար աշխարհաքաղաքական առումով: Գրենլանդիան ծածկում է Հյուսիսային Ատլանտիկայից դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս ելքը, տարանցիկ կետ է Հյուսիսային Ամերիկայից հյուսիսարեւմտյան Եվրոպա օդային երթուղիների, ինչպես նաեւ պաշտպանական ծածկույթ է ապահովում Միացյալ Նահանգների եւ Կանադայի հյուսիսարեւելյան սահմանների համար: ԱՄՆ-ը Դանիայի հետ մի քանի համաձայնագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների պաշտպանության եւ անվտանգության համար պատասխանատու են հենց ամերիկացիները, այլ ոչ թե դանիացիները։ Վաշինգտոնն իրավունք ունի «վետո» դնելու Կոպենհագենի որոշ արտաքին քաղաքական որոշումների վրա՝ կապված Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների հետ։ Չնայած բավականին մեծ ազդեցությանը, ԱՄՆ-ը մի քանի անգամ փորձել է գնել կղզին. նման առաջարկ եղել է 1867 թ., ապա Հարրի Թրումենի օրոք, իսկ հաջորդը՝ 2019 թ. Դոնալդ Թրամփի օրոք։
Գրենլանդիայով հետաքրքրված է նաեւ Չինաստանը։ Վերջինս առաջատար դիրք է զբաղեցնում Գրենլանդիայի տնտեսության ներդրողների ցուցակում։ Իսկ 2016 թ. Չինաստանը կղզում կառուցել է սեփական գիտահետազոտական կայանը, որը ստացել է արտատարածքային իրավունք։ 2017 թ. Պեկինը անհաջող փորձ կատարեց գնել լքված ռազմածովային բազան՝ «լոգիստիկ հանգույց» հիմնելու մտադրությամբ։ Գրենլանդիան Չինաստանին հետաքրքիր է ընդհանուր՝ հյուսիսային ուղղությամբ իր ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Այսպես՝ 2013-ից Չինաստանը ստացավ Արկտիկայի խորհրդի դիտորդ անդամի կարգավիճակ (խորհրդի անդամներն են ԱՄՆ-ը, Կանադան, Գրենլանդիան (Դանիա), Նորվեգիան եւ Ռուսաստանը): Իսկ 2018 թ. հրապարակված «Չինաստանի արկտիկական քաղաքականությունը» վերնագրով հոդվածում Չինաստանը ներկայացրեց Արկտիկայի տարածաշրջանի հետ կապված իր տեսլականը։ Բեւեռային մետաքսի ճանապարհը կամ Արկտիկայի մետաքսի ճանապարհը տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ընձեռել, այն նաեւ էապես կրճատում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ծովային ճանապարհը։
ԱՄՆ-ից եւ Չինաստանից բացի, Գրենլանդիայով հետաքրքրված է նաեւ Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ այն ծովային ելքի հնարավորություն է տալիս դեպի Ատլանտյան օվկիանոս։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ո՛չ Ռուսական կայսրությունը, ո՛չ Խորհրդային Միությունը եւ ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունը երբեւէ պաշտոնապես եւ օրինական չեն ճանաչել Գրենլանդիայի դանիական իշխանությունը։ Այսպիսով՝ Գրենլանդիայի կարգավիճակի ցանկացած փոփոխություն էական է դառնում միջազգային խոշոր դերակատարների համար հատկապես ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին։