Պետությունը կաջակցի բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։
Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն համարվում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսում անընդմեջ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Ընդ որում՝ միջոցառման շրջանակներում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, ովքեր վերջին 3 ամսում հարկ վճարող աշխատող չեն եղել, նաեւ վերջին 6 ամսում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել։
Ինչքա՞ն են գործատուին տրվող աջակցության չափերը։ Ըստ ԱՍՀ նախարարության՝ այդ չափերը տարբեր են՝ կախված աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխաներ կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքից։ Ըստ այդմ՝
1. Այն գործատուները, ովքեր առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամ։ Այս դեպքում գործատուին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի նաեւ առավելագույնը 500 հազար դրամ միանվագ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի համար «աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ ապահովելու համար»։
2. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 15 հազար դրամի չափով։
3. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 հազար դրամ։ Գործատուին աջակցությունը կշարունակվի տրամադրել եւս 3 ամիս մեկ պայմանով. եթե աշխատանքի ընդունի կնոջ, ով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամ է, 30-45 տարեկան է եւ խնամում է մինչեւ 5 տարեկան երեխա։
4. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-62 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում` գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 20 հազար դրամի չափով։
5. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին աջակցություն կտրվի 6 ամիս ժամկետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21 հազար դրամ։
Բոլոր այն գործատուները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Աջակցությունը կտրամադրվի աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ յուրաքանչյուրի համար նախապես սահմանված ժամկետը (օրինակ՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի) լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրում: