Ավելի քան երկու ամիս է՝ հարյուր հազարավոր իսրայելցիներ մասնակցում են ամենօրյա ցույցերին ու գործադուլներին՝ հանդես գալով դատական համակարգի փոփոխությունների դեմ, որոնք կառավարությունը դիտարկում է որպես բարեփոխումներ, իսկ նրա ընդդիմադիրները՝ որպես հեղաշրջում: Փողոցային հուզումները գլխավորում են աշխարհիկ լիբերալները, ովքեր վախենում են, որ կառավարությունն ազգին ուղղորդում է դեպի կրոնական ազգայնական քաղաքականություն, իսկ դատական բարեփոխումն առաջին քայլն է այդ ճանապարհին:
Այս ֆոնին հրեական պետությունում քաղաքական գործիչներն ավելի հաճախ են խոսում քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին: Դա ընդգծել է նաեւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը: Նա զգուշացրել է, որ Բենիամին Նաթանյահուի ծայրահեղ աջ կառավարության ու նրա հակառակորդների միջեւ բախումները՝ կապված դատական բարեփոխումների հետ, երկիրն արդեն հասցրել են անդունդի շեմին: «Ցանկացած ոք, ով կարծում է, որ իսկական քաղաքացիական պատերազմը՝ մարդկային զոհերով, այն գիծն է, որին մենք երբեք չենք կարող հասնել, պատկերացում չունի, թե ինչ է ասում,- ասել է Հերցոգը:- Հենց այսօր՝ Իսրայելի անկախության 75-ամյակի տարում, մենք անդունդից ձեռքի հեռավորության վրա ենք»:
Նախագահի դերն Իսրայելում հիմնականում արարողակարգային բնույթ է կրում, սակայն Հերցոգը բազմիցս վարչապետ Բենիամին Նաթանյահուին կոչ է արել սառեցնել արագ օրենսդրական փոփոխությունների կատարումը խորհրդարանի միջոցով՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսություն սկսելու համար: Սակայն այդ ջանքերը ոչնչի չեն հանգեցրել, ինչպես եւ փոխզիջման երկրորդ փորձը, որը ձեռնարկվել է անցած չորեքշաբթի: Նաթանյահուն, ինչպես երեւում է, կառավարության ավելի արմատական տարրերի ճնշման տակ անմիջապես մերժեց նախագահի առաջարկները: «Ցավոք, այն, ինչ ներկայացրել է նախագահը, համաձայնեցված չէ կոալիցիայի ներկայացուցիչների հետ, իսկ նրա առաջարկած պլանն անհրաժեշտ հաշվեկշիռ չի մտցնում իշխանության ճյուղերի միջեւ: Դա ցավալի ճշմարտություն է»,- ասել է վարչապետը:
Մարտի 16-ին բողոքողներն սկսեցին վերադառնալ փողոցներ: Ոմանք Բարձրագույն դատարանի մոտ փողոցը ներկել էին կարմիր գույնով: Փակվել էին մի քանի խաչմերուկներ ափամերձ մայրուղիում եւ Թել Ավիվի, Երուսաղեմի ու այլ քաղաքների հիմնական տրանսպորտային ուղիներում: Այդ քաղաքներում ծնողները բողոքի ակցիա են անցկացրել իրենց երեխաների հետ, իսկ ուսանողները փշալարերով արգելափակել են Թել Ավիվի համալսարանը:
Բողոքողները կառավարությանը համեմատում են «ազգայնականների» հետ, իսկ անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը նրանց «անարխիստներ» է անվանում: Այս ամենը տեղի է ունենում Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճի, Արեւմտյան ափին ահագնացող բռնությունների եւ պաղեստինյան երրորդ զինված ըմբոստության սպառնալիքի ֆոնին: Ճգնաժամի նոր փուլն սկսվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կազմակերպում է իսրայելական ու պաղեստինյան պաշտոնական անձանց հանդիպումը՝ փորձելով կանխել բռնությունների էսկալացիան Ռամադանից եւ Փեսախից առաջ, որոնք սրբազան իրադարձություններ են մահմեդականների ու հրեաների համար:
Երկրին սպառնացող վտանգն ավելի իրական է դառնում՝ հաշվի առնելով իսրայելական զինվորական պահեստազորի աստիճանական ներգրավումը քաղաքական առճակատման մեջ։ Մասնավորապես՝ դա արդեն ազդել է ռազմաօդային ուժերի եւ ռազմական հետախուզության ռեզերվի վրա, որոնց ներկայացուցիչները սպառնացել են անտեսել ռազմական ծառայության կանչերը, եթե ճգնաժամը հրահրած այսպես կոչված դատական բարեփոխումների օրինագիծն ընդունվի որպես օրենք։ Իսրայելի ռազմաօդային ուժերն աշխատանքից ազատել են պահեստազորի գնդապետի՝ բողոքներ հրահրելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի մյուս սպաները բանակի հավաքագրման կենտրոնի իմիտացիա են ստեղծել ծայրահեղ ուղղափառ Բնեյ Բրակ քաղաքում: Նրանք բողոքում են կառավարության՝ հազարավոր ուլտրաուղղափառ երիտասարդների նոր օրենքով զինվորական ծառայությունից ազատելու մտադրության դեմ, իսկ նույն ժամանակ ռազմածովային պահեստազորայինները փոքր նավերով շրջափակում են Հայֆայի նավահանգիստը։ Այս ամենը շատ վտանգավոր է մի երկրի համար, որը գործնականում շրջափակման մեջ է եւ պատրաստվում է պատերազմել Իրանի հետ, իսկ Իսրայելում հնարավոր ներքին հակամարտության հեռանկարն աննկատ չի մնում հրեական պետության հակառակորդների կողմից։
«Աստված տա՝ Իսրայելը 80 տարեկան չդառնա»,- ասել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլան՝ նկատի ունենալով, որ մայիսին Թել Ավիվը կտոնի ժամանակակից Իսրայելի հիմնադրման 75-ամյակը: Նա ավելացրել է, որ հրեական պետությունն ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արեւելքի համար, եւ Նաթանյահուի «անմիտ» կառավարությունը մեղավոր է «խոշոր հակամարտությունների» բռնկման մեջ:
Միեւնույն ժամանակ բողոքի ցույցերը, որոնք տարածվել են ողջ Իսրայելում եւ երկիրը հասցրել քաղաքացիական պատերազմի շեմին, անակնկալ չէին շատ քաղաքական գործիչների համար, ովքեր կանխատեսում էին, թե ինչ կլինի, եթե ծայրահեղ աջերը հաջողության հասնեն ընտրություններում: Մասնավորապես՝ այս մասին դեռ անցյալ տարվա հոկտեմբերին զգուշացրել էր Իսրայելի ներքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Յուվալ Դիսկինը։ Նա նշել է, որ Իսրայելն արդեն երկու անգամ հայտնվել է վերջին գծի վրա։ Առաջին անգամ 1948 թ.՝ արաբական հինգ պետությունների դեմ պատերազմի ժամանակ։ Երկրորդ անգամ՝ 1973 թ., «Յոմ Կիպուր» («Դատաստանի օր») պատերազմի ժամանակ, երբ Եգիպտոսն ու Սիրիան անսպասելիորեն հարձակվեցին Իսրայելի վրա։ Եվ երրորդ անգամ՝ 2022 թ. հոկտեմբերին, երբ աջերը հաղթեցին ընտրություններում։ Նրա կարծիքով՝ կուտակված ներքին ու արտաքին ռազմավարական խնդիրներն Իսրայելին կանգնեցրել են կործանման սպառնալիքի առջեւ: «Իսրայել պետությունը սահում է դեպի ներքին դաժան հակամարտություն, որը կարող է երկիրը հասցնել ներքին քայքայման եւ, հնարավոր է, անգամ քաղաքացիական պատերազմի»,- գրել է Դիսկինը:
Երկրի կարճ պատմության ընթացքում այս կամ այն ձեւով քաղաքական բռնություն միշտ է եղել: Նույնիսկ մինչեւ Իսրայելի հիմնադրումը սիոնիստական տարբեր կազմակերպությունների միջեւ զինված բախումներ ու հակամարտություններ են տեղի ունեցել: Իսրայելում քաղաքական աջերը տարիներ շարունակ զենք են օգտագործել իրենց քաղաքական հակառակորդների դեմ։ Բավական է հիշել ձախ քաղաքական գործիչ, վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունն աջ հրեա ահաբեկիչ Իգալ Ամիրի կողմից 1995 թ. պաղեստինցիների հետ վճռորոշ խաղաղության բանակցությունների ժամանակ: Բայց այդ ժամանակ դա չհանգեցրեց եղբայրասպան բախումների իսրայելական հասարակության խմբակցությունների միջեւ, քանի որ իսրայելցիների մեծամասնությունը միանշանակ դատապարտեց այդ սպանությունը:
Այժմ ձախերի մեջ նույնպես խոսվում է ուժի կիրառման ու հնարավոր արյունահեղության մասին՝ հանուն «իսրայելական ժողովրդավարության փրկության»։ Ոմանք պնդում են, որ նման բառերն օգտագործվում են միայն փոխաբերական իմաստով, սակայն խոսքի եւ գործի միջեւ սահմանը կարող է շատ բարակ լինել։ Իսրայելական անկախ եւ ուժեղ դատական համակարգը հպարտության առարկա եւ առաջընթացի խորհրդանիշ է դարձել ինչպես համեմատաբար ազատական, այնպես էլ աշխարհիկ իսրայելցիների համար: Եվ հասարակության այս հատվածի համար նոր կառավարության դատաիրավական բարեփոխումը հասարակական պայմանագրի խախտում է, պետական հեղաշրջում, այլ ոչ թե պարզապես օրենքի փոփոխություն։
Այսպիսով՝ բաժանումն աջերի ու ձախերի որոշ չափով արտացոլում է աշխարհիկ եւ կրոնական հրեաների բախումները: Վերջիններս հիմնականում աջակցում են Նաթանյահուի կառավարությանը, եւ այս բաժանումն աստիճանաբար ավելի հայտնի է դառնում։ Ուլտրաուղղափառների շրջանում ներկայիս կաբինետը խորհրդանշում է «իսկական հրեական ոգին», պատմական հանգուցալուծում է ու աշխարհիկ «կեղծ հրեականության» վերջը, որի անկումը, նրանց կարծիքով, անխուսափելի էր։
Ձախերի ու աջերի, աշխարհիկ եւ կրոնական իսրայելցիների պառակտմանը պետք է ավելացնել նաեւ արդեն գոյություն ունեցող էթնիկ հակասությունները մերձավորարեւելյան տարբեր հրեական համայնքների ու եվրոպական ծագումով հրեաների միջեւ: Երկիրը դեպի անդունդ է գլորվում նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք զգացվում են վերջին ամիսներին շարունակվող քաղաքական ճգնաժամի պատճառով։ Իսրայելում մեծանում է անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ:
Այնուամենայնիվ, ամենապայթյունավտանգ սցենարն Իսրայելի համար կարող է առաջանալ այն դեպքում, եթե բողոքներին աջակցեն Պաղեստինի քաղաքացիները: Նրանք կազմում են բնակչության 20 տոկոսը: Դա բնիկ փոքրամասնություն է, որը 1948 թ. խուսափել է սիոնիստական աշխարհազորայինների կողմից բռնի տեղահանումից եւ մնացել է իր հայրենիքում, որը հետագայում դարձել է Իսրայել: Ըստ պաղեստինցի ազատ լրագրող եւ Իսրայելի Հանրային հեռարձակման կորպորացիայի նախկին հաղորդավար Ռամի Յունիսի՝ բողոքի ակցիաները հիմնականում բոյկոտվել են Իսրայելի պաղեստինյան քաղաքացիների կողմից, ովքեր կարծում են, որ իրենք դուրս են մնացել հակակառավարական բողոքի շարժումից: Սակայն եթե ծայրահեղ աջերի գործողությունները սադրում են Իսրայելի արաբներին՝ միանալու բողոքներին, դա արդեն կարող է անվերահսկելի էսկալացիա առաջացնել այժմյան կառավարության կողմնակիցների կողմից, որոնք իրենց զայրույթը կուղղեն ինչպես պաղեստինցիների, այնպես էլ ձախերի դեմ։