Նշանավոր լոռեցի (Հոբարձի), հայ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հուշերի գրքի փնտրտուքի ճանապարհին գիր ու գրականության նվիրյալ, բազում վավերագրությունների հեղինակ, իմ վաղեմի բարեկամ Հովհաննես Պապիկյանի ուղղորդմամբ հանդիպեցի օդաչուի որդուն՝ անկախ Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար, Սահմանադրական դատարանի երկարամյա դատավոր Վալերի Պողոսյանի հետ: Տարի-տարիուկես առաջ էր: Բացօթյա սրճարանում նրա սուրճի բաժակին նկատեցի «Որոգայթ փառաց» մակագրությունը: Ավելի մեծացավ հետաքրքրությունս, երբ լսեցի, որ բաժակը եզակի օրինակ է, եւ ինքն է այն պատվիրել: Տեղեկացնելով, որ խոսքը վերաբերում է հայ իրականության մեջ առաջին սահմանադրությանը, որի համար 2023 թ. հոբելյանական է, ինձ ուղղորդեց հետաքրքրությունս փարատել տեղեկատու գրականությունում եւ համացանցում: Առաջինը ձեռքիս տակ եղած գրքերում փնտրեցի: Միանգամից ինձ բավարարող տեղեկություններ ստացա հայկական համառոտ հանրագիտարանի չորրորդ հատորի «Շահամիր Շահամիրյան» (նույնը նաեւ «Ով ով է») կենսագրական հանրագիտարանի երկհատորյակում եւ «Որոգայթ փառաց» բառահոդվածներից: Համացանցում էլ շատ էին տեղեկությունները:
…Հայ ազատագրական շարժման գործիչ, բուրժուական գաղափարախոսության հիմնադիր Շահամիր Շահամիրյանը ծնվել է 1723 թ.: Հնդկաստան է գաղթել նոր Ջուղայից (Պարսկաստան) ու հաստատվել Մադրասում: Շարադրել է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը («Տետրակ, որ կոչի նպատակ», 1783 թ.): 1771 թ. Մադրասում հիմնել է հայկական տպարան, որտեղ էլ նրա որդի Հակոբը 1788-89 թթ. հրատարակել է Շահամիրյանի շարադրած «Որոգայթ փառացը» (թեեւ տիտղոսաթերթին նշված է 1773 թ., ինչն էլ, հավանաբար, հիմք է դարձել սահմանադրության 250-ամյակի համար)՝ սահմանադրության առաջին նախագիծը հայ իրականությունում եւ առաջիններից մեկը աշխարհում, այլ քաղաքական հրապարակախոսական գրքեր: «Որոգայթ փառացի» առաջաբանում դատապարտելով ավատատիրական եւ միապետական կարգերը՝ հիմնավորվում են թուրք-պարսկական բռնատիրությունից Հայաստանի ազատագրման ուղիները եւ այստեղ ժողովրդավարական կարգերի հաստատման սկզբունքները: Ապագա Հայաստանում պետք է հաստատվեն խորհրդարանական կարգեր: Գրքի 2-րդ մասում սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որ ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքի, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավունքներն ու պարտականությունները, լուսավորության ու զինված ուժերի կազմավորման եւ այլ հարցեր: Բոլոր պաշտոնները վարելու էին առաքելական եկեղեցու հետնորդ հայերը: Գերագույն եւ օրենսդիր իշխանությունն իրականացնում էր «Հայոց տունը» (խորհրդարան), գործադիր իշխանությունը՝ նախարարությունը: Պատգամավորները (փոխանորդներ) ընտրվելու էին 3 տարի ժամանակով: Հանրության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը՝ 90000 զինվոր: Այլ մանրամասները թողնում եմ ընթերցողի որոնումներին, միայն ուզում եմ ընդգծել, որ «Որոգայթ փառաց» գիծը շարադրելիս, հաշվի առնելով սահմանադրական եվրոպական փորձը, Շահամիրյանը չի «պատճենահանել» այն:
«Որոգայթ փառացը» վերահրատարակվել է Թիֆլիսում, 1913 թ., իսկ Երեւանում 2001 թ. հրատարակվել է աշխատության աշխարհաբար տարբերակը: Շահամիրյանը մահացել է 74 տարեկանում՝ 1798 թ.: Տարին հոբելյանական է եւ հեղինակի (ծննդյան 300-ամյակ), եւ սահմանադրության (250-ամյակ) համար: Ապրողներս պարտավոր ենք պարբերաբար թերթել պատմության էջերը եւ դասեր քաղել մեր երեւելիների թողած ժառանգությունից:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ