Երեկ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով են պարգեւատրվել ամերիկահայ բարերարներ Ժակլին Թովմասյանն ու Նազ Ատիկյանը: ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը ողջունեց ներկաներին եւ սփյուռքահայ բարերարներին հանձնեց պարգեւները՝ ընթերցելով նախագահի հրամանագիրը, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»:
Միջոցառման սկզբում հնչեց Արցախի օրհներգը, հայտարարվեց լռության րոպե: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը երախտագիտություն հայտնեց պարգեւատրված սփյուռքահայ բարեկամներին՝ ասելով. «Արցախի իշխանություններն այսօր ամեն ջանք գործադրում են սոցիալական բազում հարցերի լուծում տալու համար: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը բաց է բոլոր հարցերի քննարկման եւ լուծումներ փնտրելու առումով: Միասնաբար միայն կարող ենք հաղթահարել մարտահրավերները: Թշնամին այսօր էլ չի «քնում», իսկ մեր մտքում Արցախի վերադարձն է, բայց վերադարձի համար մեզ պետք է ուժեղանալ, գիտելիքով զինել մեր սերունդներին. նոր ժամանակներում մեր զենքը պիտի լինեն մտավոր ուժը եւ ստեղծարարությունը, միասնությունը: Լինենք աջակից միմյանց, չկորցնենք միմյանց հետ կապը, պահպանենք արցախյան ավանդույթները, կենսունակ պահենք արցախյան բարբառը եւ Արցախի վերադարձն ունենանք որպես ազգային երազանք»:
Միքայել Վիրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ուժեղ համագործակցության շնորհիվ Արցախը Մայր հայրենիքի գրկում ջանք է գործադրում ուժեղանալու եւ ապաքինվելու նաեւ սփյուռքի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պետական եւ ռազմական գործիչ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, ով ներկայացրեց բարերարներին՝ նշելով, որ հանդիպել է նրանց հետ ԱՄՆ-ում եւ տեսել, թե ինչ դժվարությամբ են գումար հայթայթում Արցախին աջակցելու համար: Ցերեկույթին ներկա էր նաեւ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանը, ով մեծ աջակցություն է շարունակում ցուցաբերել օպերատիվ շտաբում գործող Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնին, որի սաները նաեւ այս միջոցառման ընթացքում ստեղծագործում էին: Կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը գոհ է երգահանի աջակցությունից:
Իրենց ելույթներում ամերիկահայ բարերարները կարեւորեցին Հայաստան-Արցախ-սփյուռք կապը, իրենց կատարածը համարեցին սոսկ պարտավորություն հայրենիքի, Արցախի հերոս ժողովրդի, հայոց բանակի առջեւ: Ցերեկույթի ընթացքում պարային կատարումներով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներն ու պարուսույց Շահանե Բաղդասարյանը, երգչուհի Անուշ Գրիգորյանը, ով Արցախի բարբառով, Հադրութի խոսվածքով կատարեց երգահան Աննա Սիմոնյանի «Արարման պահը» երգը: Վերջում եղավ նաեւ հյուրասիրություն: Միջոցառմանը ներկա էին բնակիչներ Արցախի տարբեր շրջաններից, հյուրեր: