«Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը, որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց»։ Հայտնություն 13։14
Այստեղ խոսքը, այսպես կոչված, «սրբապատկեր» պաշտողների մասին է, ինչպես, օրինակ, տասնամյակներ շարունակ Մարքսի ու Լենինի մեծադիր նկարներով մեծ շքերթներ էին անում՝ խաչաքայլերով, բայց առանց խաչի։ Նրանց համար պատկերը շատ կարեւոր էր. Լենինն առկա էր պիոներական աստղիկի, կոմերիտական նշանի, բոլոր պատվոգրերի ու շնորհակալագրերի մեջ։ Իրենց համար շատ կարեւոր են «սրբապատկերները»։ Առաջիկայում էլ լինելու է իրենց «սրբացումը»՝ համատարած գազանի պատկերով։ Այսինքն՝ մենք գործ ենք ունենալու միստիկ մատերիալիզմի հետ, որը ցանկանում է օգտվել միայն երկրային բարիքներից, սակայն պայքարելով Աստծո դեմ. «Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. եւ անէ էլ՝ որ նորանք, որ չերկրպագեն գազանի պատկերին, սպանուին»։ Հայտնություն 13։15
Այն, ինչ Հովհաննեսի ժամանակ թվում էր աներեւակայելի, մտացածին, գերֆանտաստիկ, այսօր տեխնիկապես հնարավոր է դարձել, նույնիսկ՝ շատ ավելին։ Այսօր բոլորս քայլում ենք տեսախցիկների ներքո, տեսախցիկները գրպաններումս, համացանցը գլուխներիս մեջ, կամ՝ հակառակը։ Եվ ներազդել այսօրվա մարդու վրա, նրան դարձնել կառավարելի, դարձել է ոչ թե հոգեբանական, այլ տեխնիկական հնարավորության հարց։ Պետք է մարդկանց պատրաստել խոնարհվելու, պաշտելու գազանին։ Բազում են սատանայական «հրաշագործությունները». գնում ես գուշակի մոտ, եւ նա քեզ պատմում է իրողություններ քո անցյալից, կանխագուշակում ապագայի որոշ իրադարձություններ, ցավազրկում քո ինչ-որ հատվածի ցավերը, «բժշկում» ինչ-որ հիվանդություն կամ վերացնում խալերդ, եւ ահա դու պատրաստ ես հավատալու նրան, երկրպագելու նրա տիրոջը։
Խնդիրն այն է, թե ո՞րն է քո նպատակը. գնալ առ Աստվա՞ծ, թե՞ վերացնել խալերդ։ Եթե քո նպատակը խալերն են կամ գուշակությունները, ապա դու կերկրպագես ում ասես։ Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը։ Մեր օրերում էլ քիչ չէին կաշպիրովսկիներն ու չումակները, նրանց նմանակները, որոնց համար Հայտնության գրքից առաջ դեռ Երկրորդ օրինաց գրքում գրված է. «Եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ, Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ, թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում. Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ, թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։ Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք։ Եւ այն մարգարէն կամ երազատեսը պիտի մեռցնուի, որովհետեւ ապստամբութիւն խօսեց ձեր Եհովայ Աստուծոյ դէմ, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեց եւ ձեզ ծառայութեան տանից ազատեց, որ ձեզ խոտորեցնէ այն ճանապարհից, որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց, որ նորա մէջ գնաք. եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնէք»։ Երկրորդ օրինաց 13։1-5
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ