Էդվարդ Միլիտոնյանն արդի հայ գրականության վաստակաշատ ու բեղմնավոր հեղինակներից է, ով հավասարապես ստեղծագործում է թե մեծերի, թե փոքրերի համար: Նա իր գրականությամբ, որը եւ՛ արձակ է, եւ՛ չափածո, նաեւ դրամատուրգիա, ոչ միայն անխարդախ արտացոլում է այսօրվա կյանքը, այլեւ տեսանելի է դարձնում մեր կյանքի ստվերոտ կողմերը՝ հաճախ դրանք ներկայացնելով մտերմական, սրտացավ հումորով՝ միլիտոնյանական բացառապես:
Վերջերս կարդացի գրողի ութսուներորդ գիրքը «Աներեւույթ շղթա» խորագրով: Դրանում կան եւ՛ պատմվածքներ, եւ՛ խոհագրություն, եւ՛ էսսեներ, նաեւ պիես: Առանձնացնում եմ դրանցից ժողովածուի այն խոհագրությունները, որոնք վերաբերում են համաշխարհային կերպարվեստի հանրահայտ գլուխգործոցներին: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի նման Միլիտոնյանն իր գրվածքներն ընթերցողներին ներկայացնում է սեփական նկարազարդումներով: Սա նշանակում է, որ նրա մեծ հետաքրքրասիրությունը կերպարվեստի նկատմամբ տեւական է ու շարունակական:
Տարիների ընթացքում աշխարհի հռչակավոր պատկերասրահներում՝ նախկին Խորհրդային Միության ու արտերկրի, գրողը տեսել է համաշխարհային արվեստի բազում գլուխգործոցներ, որոնց վերաբերյալ թողել է իր մեկնությունները: Դրանք խիստ ուշագրավ են ու ինքնատիպ: Մանավանդ դրանք գործեր են, որոնց մասին տարբեր դարերում նշանավոր արվեստագետներ թողել են բոլորովին հակադիր ու իրարամերժ կարծիքներ:
Դրանցից մեկը «Ջոկոնդան» է կամ «Մոնա Լիզան»: Այս նկարը Լեոնարդո դա Վինչին թողել է անավարտ, ինչպես անավարտ են նրա նկարներից շատերը: Նկարի բնօրինակը տեսել եմ Փարիզի Լուվրում, իսկ կրկնօրինակը, որը դժվար է տարբերել բնօրինակից, Բոստոնի «Գիտության թանգարանում»: Իհարկե, նկարի առեղծվածի երեւացող մասը կապված է Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտի հետ, որը փոխվում է, երբ դիտողը նկարին նայում է տարբեր դիտակետերից: Վերցնենք այդ նկարի մասին երեք տարբեր կարծիքներ՝ տարբեր դարերի:
Առաջինի հեղինակը իտալացի նշանավոր արվեստագետ Ջիորջիո Վասարին է (1551 թ.), որը նկարը մեկնաբանել է որպես այն աստիճան կենդանի, որ դիտողին թվում է, թե պարանոցի զարկերակը բաբախում է: Վալտեր Պիտերն իր «Վերածննդի պատմության ուսումնասիրություններ» գրքում (1873 թ.) Մոնա Լիզային համեմատում է Լեդայի, Տրոյայի Հեղինեի մոր, Մարիամ Աստվածածնի մոր՝ Աննայի հետ. «Մոնա Լիզան պետք է ընկալվի եւ՛ որպես մարմնավորում հին երեւակայության, եւ՛ նոր ժամանակի գաղափարի խորհրդանիշ»: Իսկ Կլիֆորդ Բաքսը «Լեոնարդո դա Վինչի» ուսումնասիրության մեջ (1932 թ.) Մոնա Լիզային համարում է բուրժուա, ոչ ազնվական կին, որն իր դեմքին չունի առեղծվածի կեղծիքը:
Միլիտոնյանին հայտնի են նոր ժամանակների արվեստագետների մեկնությունները, որոնցում տեխնիկական նոր միջամտություններով պարզվել են բոլորովին նոր փաստեր. որոնք իսպառ մերժում են նախորդ դարերում ասվածները: Ահա այդ հին ու նոր մեկնությունների հիմքի վրա Միլիտոնյանը ներկայացնում է իր մեկնաբանությունը: Նա կարդում է նկարն ու իր ընկալումն է դրան գումարում. «Փռված մազերը վարագույրի ճեղք են բացել՝ դեմքը ցուցադրելու: Աստծո եւ մարդու հայացքի նույնականությունն է սփռված Ջոկոնդա արարածի դեմքին: Հայացքը պոկվում է նկարից եւ խորանում ժամանակի մեջ»:
Համաշխարհային արվեստի նշանավորներից Ռեմբրանտի «Անառակ որդու վերադարձը» նկարը Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ Էրմիտաժում է: Այս նկարը Ռեմբրանտի՝ չափերով ամենամեծ կտավն է: Այդ նկարը Միլիտոնյանը դիտել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի հետ, ու այդ օրվա պատկերասրահ այցելելը դարձրել է խոհագրության նյութ, որի մեջ բացի արվեստի ներգործուն ուժը ընթերցողին հաղորդելուց, համակում է նաեւ զվարճալի հումորով: Նա սքանչացած նկարի թողած տպավորությամբ՝ մեկնաբանում է իր տեսակի ու ընկալածի մանրամասները: Ընթերցողը հաճույքով ծանոթանում է Միլիտոնյանի նկարից ստացած սքանչացման պահերին, ու եթե ինքն էլ տեսել է այդ նկարն Էրմիտաժում, ապա նորից է տեսնում՝ այս անգամ նոր մեկնաբանի ընկալմամբ:
Համակող պատում է նաեւ «Սիքստինյան Մադոնան», որը գրողին չի հաջողվել տեսնել Դրեզդենի պատկերասրահում, սակայն այդ նկարը վայելելու մղումը նրան տարել է Ռաֆայելի այլ աշխատանքները Վատիկանի թանգարանում տեսնելու եւ խորանալու իտալական Վերածննդի արվեստի հրաշքների մեջ: Միլիտոնյանը «Արվեստի մասին» խոհագրության մեջ ներկայացնում է, թե հոգեպես որքան հարուստ են այն մարդիկ, ովքեր սիրում ու առավել եւս ձգտում են շարունակ առնչվել բարձր արվեստին, որի դրսեւորումներից մեկն էլ Ֆլորենցիայում գտնվող Միքելանջելոյի աստվածաշնչային Դավթի փառահեղ արձանն է: «Արվեստից խոր գետ չեմ տեսել, արվեստից երկար գետ, թե մեկը տեսել է, թող ասի»,- խոստովանում է գրողը:
Հայ նկարիչներից խոհագրության մեջ ներառված են Արշիլ Գորկին ու Մարտիրոս Սարյանը: «Կամենալը կարենալ է» ֆրանսիացիների սիրելի ասացվածքը առավելագույնս բնութագրում է աշխարհահռչակ Արշիլ Գորկուն: Իր հարուստ բովանդակություն ունեցող նամակներում, որոնք մեծ մասամբ ուղղված են քրոջը՝ Վարդուշին, Գորկին խոստովանում է, որ իր արվեստով աշխարհին կներկայացնի կորցրած հայրենիքը, ու նա հասավ իր նպատակին, որովհետեւ աշխարհի հանրագիտարաններում, պատկերասրահներում նշվում է, թե Արշիլ Գորկին հայ է, առավել եւս՝ Մադրիդի ժամանակակից արվեստի թանգարանում նշված էր անգամ նրա ծննդավայրը՝ Հայաստանի Խորգոմ գյուղ: Ահա թե ինչպես է բնորոշում Միլիտոնյանը Արշիլ Գորկու` դեպի հավերժություն գնացող արվեստը. «Անձնականի, անսահմանի ներկայությունը բավական է հանճարեղ ստեղծագործության համար, թող ստորագրություն չլինի նկարի տակ, միեւնույն է, դա ոչ թե Արշիլ Գորկու անուն ազգանունն է, այլ Լույս Մշտնջենական կամ Դար Դարյան կամ Ծնունդ Մահյան»:
Եթե որեւէ մեկը չի սքանչանում Մարտիրոս Սարյանի նկարներով, նշանակում է նա արվեստից հեռու մարդ է: Միլիտոնյանը վերլուծում է Սարյանի բնանկարներն ու դիմանկարները եւ ամենուր տեսնում Աստծու ձեռքը: Նա անդրադարձել է նաեւ Մալեւիչի «Սեւ քառակուսի» նկարին՝ այն անվանելով տիեզերագիտության գյուտ:
Կա ցավալի փաստ. մեր ժամանակակից գրողներին՝ հայ եւ թե օտար, հիմա քիչ են կարդում: Առավել եւս քիչ են կարդում դասականներին: Մարդը հիմա վազում է հեշտի եւ մտքի լարում ու ժամանակ չպահանջողի հետեւից: Տխուր է…