«Երեւանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թ.: Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 1959-ին Խորհրդային Միության «Տեպլոէլեկտրոպրոյեկտ» ինստիտուտի կողմից: Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երեւանի հարավային արդյունաբերական հանգույցում: Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961 թ.: Երեւանի ՋԷԿ-ի յոթ տուրբոագրեգատներից առաջինը՝ 50 ՄՎտ հզորությամբ առաջին տուրբինային տեղակայանքը, շահագործման է հանձնվել 1963-ին, իսկ վերջինը՝ 1967 թ.:
Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թ.: Այդ ժամանակ Երեւանի ՋԷԿ-ը 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից (երկու К-150-130 կոնդենսացիոն տիպի էներգաբլոկներ, երկու ТГМ-94 կաթսայական ագրեգատներ յուրաքանչյուրը 500 տ/ժ արտադրողականությամբ) եւ 250 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորությամբ ոչ բլոկային մասից (չորս ПТ-50-130/13 եւ մեկ Р-50-130/13 ջերմաֆիկացիոն տիպի տուրբիններ, հինգ ТГМ-84 կաթսայական ագրեգատներ՝ յուրաքանչյուրը 420 տ/ժ արտադրողականությամբ) բաղկացած խառը տիպի կայան էր՝ ունենալով ընդհանուր առմամբ 7 ագրեգատ 550 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորություն: Կառուցման ծախսերի նվազեցման նպատակով կատարվել էր եզակի նախագծային մոտեցում. ընտրվել էր բաց տիպի հարմարադասավորում:
Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները եւ օժանդակ սարքավորումները ենթարկվել էին ֆիզիկական եւ բարոյական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները: Կառուցվեց Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան (ՀՇԳՑԷ):
Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցման աշխատանքների հիմնարկեքը տեղի է ունեցել 2008 թ. հուլիսի 30-ին: 2010 թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը: Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցումն իրականացվեց «բանալի» սկզբունքով 28 ամսվա ընթացքում: Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի հետեւյալ տեխնիկական բնութագրերը.
Դրվածքային ընդհանուր հզորությունը՝ 271,7 ՄՎտ, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ:
Հիմնական սարքավորումներն են՝
Շվեյցարական «Alstom» ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբին 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36,4 տոկոս օգտակար գործողության գործակցով:
Ճապոնական «Fuji» ընկերության արտադրության ջերմաֆիկացիոն շոգետուրբին 63 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ, 103,7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ: Կորեական «SEC» ընկերության արտադրության ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) երկակի ճնշմամբ:
Նոր էներգաբլոկում պայմանական վառելիքի տեսակարար միջին ծախսը կազմում է մոտ 200 գ/կՎտժ՝ կախված շահագործման ռեժիմներից: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը: Նվազել է արտանետումների մակարդակը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական Էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ