Առանց Սիրիայի, ինչպես նաեւ Հայաստանի կենսատարածքի ուսումնասիրության, որը շատ ավելին է, քան այն շրջանակները, որոնցում այժմ տեղավորված են այդ երկրները, անհնար է ծանոթանալ մարդու կենսագործունեության պատմությանը: Չնայած աշխարհում տարբեր բնագավառներում կատարվող ամենօրյա հնչեղ բացահայտումներին ու զարգացումներին, համաշխարհային քաղաքակրթությունը դեռ չի հասել մի մակարդակի՝ գիտակցելու, որ այս տարածքներում պատերազմները սոսկ ռազմական բախումներ չեն, այլ հետապնդում են ակնհայտորեն հեռուն գնացող նպատակներ՝ հեռացնել մարդու ուշադրությունը պատմական ճշմարտության վերականգնման անհրաժեշտությունից, ստիպել՝ մոռանալու անցյալը, որը կարող է ժողովուրդներին «հիշեցնել» իրենց պատմական առաքելության մասին: Հայտնի է, որ Սիրիայում ու Հայաստանում այսօր էլ շատ բան պարուրված է մշուշով: Գաղտնիության քողը ոմանց կողմից ձգվում-ամրացվում է պատերազմների միջոցով, որովհետեւ ռազմական գործողությունները խորացնում են սոսկ գոյության պաշտպանության համար պայքարը եւ մարդուն հեռացնում են խորքային, մարդկության զարգացման համար միանգամայն կարեւոր լուծումների ընկալումից: Այդ գաղտնիքները երկնքի աստղերի պես անհաշիվ են, եւ դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի բոլոր հարցերը պատասխաններ ստանան: Բայց խաղաղությունն այս տարածքներում միակ միջոցն է՝ պահպանելու պատմամշակութային արժեքները, որոնք սոսկ հիացմունքի առարկա չեն, այլ նաեւ՝ դեպի անցյալը բացվող դռան բանալի, որի շնորհիվ կարելի է կարդալ ու ճիշտ պլանավորել ապագան: Այլ խոսքով՝ մի յուրահատուկ ժամանակի մեքենա… Դե պատկերացրեք՝ սիրիական Դամասկոսն աշխարհի ժամանակակից մայրաքաղաքների շարքում ամենահինն է: Շատերի շունչը կարող է բռնվել միայն այն մտքից, որ Ք. ծ. ա. 16-րդ դարում այդ քաղաքը ենթարկվում էր եգիպտական փարավոնին… Աստվածաշնչի համաձայն՝ սբ Պողոսը Դամասկոսի ճանապարհին ընդունեց քրիստոնեական հավատը, իսկ այնուհետեւ ապրեց սիրիական Անտիոքում, որտեղ Քրիստոսի աշակերտներն առաջին անգամ անվանվեցին քրիստոնյաներ, եւ որն արքայից արքա Տիգրան Մեծի օրոք 21 տարի Մեծ Հայքի զարգացող երրորդ մայրաքաղաքն էր: Աստվածաշնչյան մեկ այլ տեղեկության համաձայն՝ Դամասկոսի Քասյուն լեռան վրա է տեղի ունեցել մարդկության պատմության մեջ առաջին սպանությունը. Կայենն սպանեց Աբելին: Հանցագործության ենթադրվող վայրը՝ քարանձավը, մինչ օրս անվանվում է Արյունոտ… Այստեղ պետք է ընդհատենք զարմանահրաշ իրադարձությունների թվարկումը: Մենք, անշուշտ, նոր առիթներ կունենանք՝ աշխատեցնելու ժամանակի մեքենան, հիմա պարզապես նշենք, որ այս հոդվածում նպատակ ունենք խոսել Սիրիային առնչվող այլ թեմաների մասին:
Պայքար ինքնության պահպանման համար
Սիրիական քաղաքակրթության պատմությունն սկսվում է առնվազն Ք. ծ. ա. 4-րդ հազարամյակից: «Սիրիա» անվանումը ծագում է Ասորեստանի գաղութի հին հունական անվանումից՝ սեմական «Սիրիոն» բառից: Տարածքը, որը Միջերկրական ծովի արեւելյան ափին է՝ Եգիպտոսի ու Միջագետքի միջեւ, Պլինիոս ավագը նկարագրում է որպես «նախկին Ասորեստան»:
Անգլիացի հնագետ Լ. Վուլլեյը 1927-1928 թթ. պեղեց Եփրատ գետի ափին գտնվող Ուր քաղաքը՝ նախահայր Աբրահամի լեգենդար հայրենիքը: Ք. ծ. ա. 3-2-րդ հազարամյակներում այս տարածքում անընդմեջ պատերազմներ են ընթացել: Սիրիայի տարածքը ժամանակի ընթացքում իրենց վերահսկողությանն են ենթարկել եգիպտացիները, խեթերը, արամեացիները: Ք. ծ. ա. 10-րդ դարի սկզբում Սիրիայի տարածքում ստեղծվեց արամեական դամասկոսյան թագավորությունը, որը Ք. ծ. ա. 8-րդ դարից սկսած՝ մտավ Ասորեստանի կազմի մեջ, իսկ Ք. ծ. ա. 7-րդ դարից Աքեմենյան Պարսկաստանի մաս կազմեց: Ք. ծ. ա. 333 թ. Սիրիա ներխուժեց Ալեքսանդր Մակեդոնացու բանակը: Նրա կայսրության փլուզումից հետո Սիրիան պրովինցիայի կարգավիճակ ստացավ սելեւկյանների ընդարձավ հելլենական պետության կազմում: Ք. ծ. ա. 3-րդ դարում սելեւկյաններն այս տարածաշրջանում ստեղծեցին Սիրիայի թագավորությունը, որը 2 դար անց նվաճվեց Հռոմեական կայսրության կողմից: Այնուհետեւ Սիրիան 240 տարի գոյություն է ունեցել Բյուզանդիայի կազմում: Օմայան խալիֆայության տարիներին՝ 661-750 թթ., Դամասկոսը դարձավ ամբողջ արաբական պետության մայրաքաղաքը: Այս ժամանակաշրջանին բնորոշ է Սիրիայի բնակչության արաբացումը՝ արաբերենի տարածումն ու բնակիչների մեծ մասի մահմեդականացումը: Աբբասյան դինաստիայի օրոք մայրաքաղաքը 762 թ. տեղափոխվեց Բաղդադ, իսկ Սիրիան կորցրեց իր արտոնյալ դիրքը: Աբասյան խալիֆայության վերջնական փլուզումից հետո, 10-րդ դարում ֆեոդալական մասնատված Սիրիայում տեղական մի քանի դինաստիաներ էին իշխում, որոնցից ամենահայտնին Համդանյան դինաստիան էր (928-1003 թթ.):
10-11-րդ դարերում երկրի զգալի մասը գրավեցին սելջուկ-թուրքերը: 11-13-րդ դարերը խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանն են: 1187 թ. Սալահ ադ-Դին ալ Այուբիի կոչով սկսեց մահմեդականների արշավանքը խաչակիրների դեմ: Մի շարք դաժան ճակատամարտերի արդյունքում 1192 թ. Պաղեստինի ու Սիրիայի գրեթե ողջ տարածքը կրկին հայտնվեց արաբների իշխանության տակ: 8-րդ դարից մինչեւ 16-րդ դարի սկիզբը Սիրիան ղեկավարում էին Եգիպտոսի մամլուքները: 1516 թ. թուրքերը նվաճեցին Եգիպտոսը ու Սիրիան, եւ մինչեւ 1918 թ. Սիրիան Օսմանյան կայսրության մի մասն էր:
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի ու նրա դաշնակից Օսմանյան կայսրության պարտությունից հետո Սիրիայի կառավարման մանդատը ստացավ Ֆրանսիան: Հանրապետության հռչակումը տեղի ունեցավ 1941 թ., իսկ լիարժեք անկախություն երկիրը ստացավ 1946 թ. ապրիլի 17-ին: 1958-1961 թթ. այն Արաբական Միացյալ Հանրապետության կազմում էր: 1963 թ. մարտից Սիրիայում իշխանության գլխին «Բաաս» կուսակցությունն է՝ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության սիրիական ճյուղը:
Առյուծների դինաստիա. փառքի ճանապարհ
1970 թ. իշխանության գլուխ անցավ գեներալ Հաֆեզ ալ Ասադը՝ պաշտպանության նախկին նախարարը: Նա մի շարք քաղաքական կուսակցությունների միավորեց Առաջադիմական ազգային ճակատում: Հաֆեզ Ալ Ասադի կառավարման շրջանում Սիրիան կայունության հասավ: 2000 թ. մահացավ Առյուծը. այդպես է թարգմանվում Ասադի ազգանունը: Իսկապես, նա Մերձավոր Արեւելքի քաղաքական երկարակյաց հսկաներից էր: Նրա անվան հետ է կապված տարածաշրջանի պատմության ամենաբուռն շրջաններից մեկը: Արեւմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի նախագահների մի քանի սերունդ նրան համարել է Արեւելքի ամենատաղանդավոր ու փորձառու քաղաքական գործիչ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Հաֆեզ Ասադին անվանել է «մերձավորարեւելյան Բիսմարկ»:
2000 թ. հոր՝ Հաֆեզ ալ Ասադի մահից հետո գալով իշխանության՝ Բաշար Ասադը ցանկություն դրսեւորեց կարգավորել հարաբերություններն Արեւմուտքի հետ: Սիրիայի առեւտրային կապերի մեծ մասն ուղղված էր դեպի Եվրամիություն: Արեւմուտքը, իր հերթին, մինչեւ «արաբական գարուն» Ասադին ընկալում էր որպես «ընդունելի» նախագահ Սիրիայում: Բայց՝ մինչեւ 2011 թվականը…
Բաշար Ասադը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 11-ին, եւ նրան էր վիճակված երկիրը տանել նրա պատմության ամենաբարդ շրջանով: Երբ դեռ 5 տարեկան էր, հայրը՝ Հաֆեզ Ասադը, գլխավորեց Սիրիան եւ մոտ 30 տարի կառավարեց այն: Բաշար Ասադն ամենեւին էլ չէր պատրաստվում հաջորդել հորը. գահաժառանգը նրա ավագ եղբայրն էր՝ Բասիլը: Բաշարը չէր ձգտում «փոխարինողի դերին»: Նա բժշկական կրթություն ստացավ իր հայրենիքում, իսկ 1991 թ. մասնագիտական կարգը բարձրացնելու նպատակով տեղափոխվեց Լոնդոն, որտեղ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ասմա ալ Ահրասի՝ սիրիացի աշխարհահռչակ սրտաբանի դստեր հետ: Թվում էր՝ Բաշար Ասադին խաղաղ ու հանգիստ կյանք է սպասվում: Բայց 1994 թ. Բասիլը զոհվեց ավտովթարից: Բաշարը շտապ վերադարձավ Սիրիա: Երկրի շահերը թելադրում էին թողնել բժշկի մասնագիտութունն ու ռազմական կրթություն ստանալ: Հոր մահից հետո նա պետք է ժառանգեր գահը եւ մոռանար անձնական ցանկությունների, նախասիրությունների, այդ թվում՝ բժշկի խաղաղ կյանքի երազանքի մասին:
Պատմությունը դեռ կարձանագրի, թե ով եւ ինչու 2011 թ. քաղաքացիական պատերազմ սկսեց Սիրիայում: Այժմյան պայմաններում օբյեկտիվ գնահատման հնարավորությունները շատ փոքր են: Բայց ակնհայտ է, որ շատ տերություններ ձգտում էին տապալել Ասադի կառավարությունը: 12 տարի անց շատերն են հստակ ցուցադրում իրենց հոգնածություն ու սիրիական սցենարը դադարեցնելու ցանկությունը… Ասադի իշխանությունն աստիճանաբար կարգավորում է հարաբերությունները հարեւանների ու հատկապես արաբական աշխարհի հետ: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնում են Իրանն ու Սիրիան, եւ Իսրայելը ստիպված է լուռ հետեւել իրադարձությունների այդ ընթացքին: Դիմանալով հսկայական ճնշման՝ Բաշար Ասադը ցուցադրեց, որ Սիրիայի գերագույն արժեքները՝ ազատությունն ու ինքնիշխանությունը, սակարկության ենթակա չեն: Սիրիայի համար նոր արշալույս է բացվում, ի հեճուկս թշնամիների, որոնք հիմա փորձում են միջնորդներ գտնել՝ Ասադի հետ բանակցելու համար, չնայած ժամանակին աշխարհի բոլոր մեղքերը նրան էին վերագրում…
Իրանի դեմ՝ Սիրիայով
Բոլորը, ովքեր պատմության ընթացքում ցանկացել են հարձակվել Պարսկաստանի ու Պարթեւստանի վրա (տարածքային իմաստով դա նույնն է), խնդիր էին դնում նախ հաստատվել Սիրիայում եւ այն, ըստ իր աշխարհագրական դիրքի, վերածել պլացդարմի: Մասնավորապես՝ Ալեքսանդր Մակեդոնացին, հայտնի է, նախ պարսկական բանակին հաղթեց Իսոսի ճակատամարտում, բայց Դարեհ Երրորդին հետապնդելու փոխարեն գերադասեց շարժվել դեպի Սիրիա, որը Մակեդոնիայի կազմում ընդգրկվեց Ք. ծ. ա. 332 թ.: Ընդամենը մեկ տարի անց Ալեքսանդր Մեծը Գավգամելայի ճակատամարտում վերջնականապես ջախջախեց Պարսկաստանին: Սիրիան այնուհետեւ Սելեւկյանների տիրապետության տակ էր, որը երկար ժամանակ վերահսկողություն էր իրականացնում Պարսկաստանի նկատմամբ:
Ք. ծ. ա. 64 թվականից Սիրիան վերածվեց հռոմեական պրովինցիայի: Երբ Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսը որոշեց հարձակվել Պարթեւստանի վրա, որպես պլացդարմ օգտագործեց Սիրիան՝ նախ հաստատվելով այնտեղ:
Այլ կերպ ասած՝ Սիրիան կարեւոր պլացդարմ է Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնողների համար: Դամասկոսը, որը հաճախ է տուժել աշխարհագրական դիրքի պատճառով, իր անկախության համար պայքարում պետք է հետեւի նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, քանի որ հակաիրանական ծրագրերը նախ դառնում են հակասիրիական գործողություններ: Պատահական չէ, որ Իրանի թշնամին՝ Իսրայելը, այսօր պատերազմում է հենց Սիրիայի դեմ, իսկ Թուրքիան ներխուժել է Սիրիայի հյուսիս…
Հայերը՝ Սիրիայում ու հանուն Սիրիայի
Երբ Մեծ Հայքի տիրակալ Տիգրան Մեծը Ք. ծ. ա. 83 թ. Սիրիան միացրեց իր պետությանը, այնտեղ բավական ընդարձակ հայկական համայնք ձեւավորվեց: Ճիշտ է՝ Մեծ Հայքն ընդամենը 21 տարի տիրեց այդ տարածքին ու վերջնարդյունքում ստիպված էր այն զիջել Հռոմեական կայսրությանը, սակայն հայկական համայնքը դիմացավ բոլոր փոթորիկներին ու որոտներին: Նաեւ՝ այսօր: Հայերը հիմա ապրում են Հալեպում, Դամասկոսում, Անտիոքում ու երկրի այլ խոշոր քաղաքներում: Մինչեւ 2011 թ. Սիրիայում մոտ 100 հազար էթնիկ հայեր էին ապրում, սակայն հայկական համայնքն այժմ զգալիորեն նոսրացել է:
Պետք է ընդգծել, որ այժմյան սիրիահայերի մեծ մասը Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունից փախած Արեւմտյան Հայաստանի հայերի սերունդներն են: Նրանցից շատերը հիմնավորվեցին Սիրիայում եւ հարուստ ու բարգավաճող համայնք ստեղծեցին: Այս պատերազմի ընթացքում երախտապարտ հայերը, որոնց Սիրիան օգնել է, «չեզոքություն չեն պահպանում», ինչպես նշում են ոմանք: Երիտասարդները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց տները, թաղամասերն ու քաղաքները: Սիրիահայությունն իր անվտանգությունը տեսնում է այն ուժերի կազմում, որոնք մինչ այդ էլ ապահովում էին նրա անվտանգությունը: Եթե, Աստված մի արասցե, իսլամական ծայրահեղական խմբավորումներն իշխանության գան, էթնիկ ու կրոնական զտումներ կսկսվեն, որոնք կվերաբերեն նաեւ հայ ժողովրդին, որը հանդես է գալիս Բաշար Ասադի ու նրա կառավարության պաշտպանության դիրքերից:
Հայերն իրենց ավանդն են ներդրել Սիրիայի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, նրանցից շատերն իրենց արյունն են հեղել երկրի ազատության ու անկախության պաշտպանության համար՝ մնալով որպես օրինապաշտ քաղաքացիներ, ինչի շնորհիվ հսկայական հաջողությունների են հասել պետական ծառայության մեջ ու այլ ոլորտներում: Դեռ Օսմանյան պետության գերիշխանության ժամանակներից նրանք ինտեգրվել են Սիրիայի քաղաքական կյանքին: Սիրիական պետականության ստեղծումից հետո հայ գեներալ Հրանտ Մալոյանը՝ Մուշից, 1940-ականներին ու 1950-ականներին գլխավորեց Սիրիայի անվտանգության ուժերը: Մալոյանը մասնակցեց 1948 թ. արաբա-իսրայելական պատերազմին: Գլխավորելով սիրիական ոստիկանությունը՝ նա վերջնարդյունքում արդիականացրեց նրա շարքերն ու բարելավեց երկրում օպերատիվ խմբի կարգապահությունը: Այն պահին, երբ Մալոյանը 1949 թ. անցավ թոշակի, ոստիկանության օպերատիվ խմբի անդամների թիվը կրկնապատկվել էր՝ հասնելով 9751 մարդու:
Սիրիական բանակի հայտնի գեներալ Արամ Կարամանուկյանը համարվում է երկրի հրետանային զորքերի հայրը: Կարամանուկյանը հաջողությամբ իրականացնում էր այս զորքերի հրամանատարությունը 1948-1949 թթ. արաբա-իսրայելական պատերազմում: 1961 թ. նա Հալեպից ընտրվեց խորհրդարանի պատգամավոր, իսկ 1970-ականներին նախագահ Հաֆեզ Ասադի խորհրդականն էր: 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ արաբական երկրների կառավարությունների հետ իր կապերի շնորհիվ կարողացավ համակարգել աղետի գոտուն Արաբական աշխարհի օգնությունը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Կարամանուկյանը մեկնել է ռազմաճակատ ու հանդիպել հայ զինվորականների հետ, խորհրդականի դեր է կատարել բանակի շտաբում, մասնակցել Քարվաճառի ազատագրմանը:
Սիրիան, իր հերթին, անուշադիր չէ իր հայ նվիրյալների ազգային զգացումների նկատմամբ: Արաբական այս երկիրը 2015 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2020 թ. նախագահ Բաշար Ասադը պետական մակարդակով ցավակցել է հայերին ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ:
Հայ եւ սիրիացի ժողովուրդների բարեկամությունը, սակայն, թելադրված չէ միայն անցալի ճանաչմամբ: Մենք հարազատներ ենք նաեւ այս մոլորակի վրա մեր առաքելությամբ, քանզի ազատության ու ինքնիշխանության համար մեր մղած պայքարը պահպանելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակ է հետապնդում այնպիսի մի արժեհամակարգ, որը, ինչպես չբացահայտված ամենաարժեքավոր գիրքը, անհրաժեշտաբար հրավիրում է «հանդիպման»…