Երբ մարդիկ դադարում են աղոթել, կատարել Աստծո պատվիրանները, երբ Աստվածաշունչը մարդկանց համար դառնում է հեքիաթ, երբ ծառայությունը դառնում է բեռ, երբ պահք ու ծոմ չենք պահում, երբ պսակադրությունը անհրաժեշտություն չէ այլեւս…, երբ սկսվում են բարոյական վայրիվերումները, այդ ժամանակ աղը կորցնում է ուժը, այդ ժամանակ սատանան ստանում է իշխանություն։ Այսինքն նրա ուժը մեր թուլությունն է։ Նա չունի սեփական էներգիայի աղբյուր, երբ մենք թուլանում ենք, նա սկսում է սնվել մեր էներգիայով եւ ազատություն է ստանում մեր անզորությունից։ Մարդիկ դադարում են իրենց կյանքը կապել Աստծո հետ եւ դրանով սնում են չարին։
«Այստեղ է սուրբերի համբերութիւնը. այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները»։ Հայտնություն 14։12
Իրականում գազանին շատ ժամանակ չի տրվելու, սակայն հարկավոր է լինելու համբերություն. դա լինելու է սրբերի համբերության ու հավատքի ժամանակաշրջանը։ «Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները, որ Տէրումն են ննջում այսուհետեւ. այո, Հոգին ասում է, որ իրանց աշխատանքիցը հանգիստ կառնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից»։ Հայտնություն 14։13
Այսինքն խնդիրն այն չէ, թե ինչպես ես դու սկսել, խնդիրն այն է, թե ինչպես ես դու ավարտել։ Վերջն է գործի պսակը։ Հին հույներն ասում էին. մինչեւ մահն իր, ոչ ոքի մի գովաբանիր։ Չի կարելի ձգտել սուգ ու ողբի, սակայն դրանցից խուսանավելն ու փախչելն էլ անիմաստ են։ Նեղ են, շատ նեղ են դրախտի դռները, դրանցով անցնելու համար շատ պիտի նեղություն քաշենք, մեր կողերը սեղմվելու են, մեր մաշկը քերծվելու է այդ դռներով անցնելիս…
Եւ նորից հանդիպում ենք ամպի, Աստծո մշտական ուղեկցին. «Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մեկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր»: Հայտնություն 14։14
Գերանդիով հնձվում է հասկը, գերանդիով կատարվում է Աստծո հունձքը. «Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է»։ Հայտնություն 14։15
Իսկ ինչի՞ց է հասկացվում, որ հունձքը հասել է, որ ժամանակը եկել է։ Հողագործը հրաշալի գիտի, որ երբ ցորենը հասունացել է հասկի մեջ, ապա այն պետք է անհապաղ հավաքել, որպեսզի արեւից չխանձվի կամ անձրեւից չփտի։ Ըստ ամենայնի մենք չենք կարող դատել մեր մասին, իսկ Աստված հրաշալի գիտի, թե մեզնից ով երբ է հասունացել։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ