«1920 թ. ապրիլի 11-ին Երեւանի փողոցներում թռուցիկներ փակցվեցին, իսկ թերթերում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի բարձր հովանով Զատիկ՝ կիրակի օրը քաղաքի եւ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում կատարելու են հանդիսավոր հոգեհանգիստներ «1915 թվի մայիս ամսին Պոլսում եւ գավառներում նահատակված բոլոր հայ հոգեւորականների եւ մտավորականների համար»: Հոգեհանգիստը կայացավ ապրիլի 13-ին: Այդ օրը Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց պատարագ: Արարողության ավարտից հետո արդեն դրսում՝ տաճարի մուտքի առջեւ էլ տեղի ունեցավ առաջին սգահանդեսը, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, գիմնազիայի աշակերտներն ու հոգեւոր դասը: Սգահանդեսը բացեց գրող, գիմնազիայի տեսուչ Վրթանես Փափազյանը: Նրա սրտառուչ, ազդեցիկ խոսքին հաջորդեցին եւս մի քանի ելույթներ: Հավաքվածներին տեղեկացվեց, որ Փափազյանն առաջարկությամբ դիմել է Հայաստանի խորհրդարանին՝ ապրիլի 24-ը համազգային սգո օր հայտարարելու համար: Ցավոք, 1920 թ. ապրիլի 13-ից հետո Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչումը Հայաստանում արտոնվեց միայն… 45 տարի անց: Իսկ Վրթանես Փափազյանն իր նշանավոր ելույթից 13 օր հետո վախճանվեց…»:
Հովիկ ՉԱՐՉՅԱՆ
Այսօր գրեթե լիովին մոռացության մատնված դասական, որի ստեղծագործություններից շատերը ժամանակին դասագրքային էջեր էին զարդարում: Հիշենք նրա «Հողի աշխատավորը», «Գինեգործի աղջիկը», «Կորսված արդարություն», «Վանա կատուն», «Լուր դա լուր» սքանչելի պատմվածքները, «Ժայռը» կոթողային դրաման, որը տասնամյակներ շարունակ չէր իջնում հայ թատրոնի բեմերից: Տխուր է նոր ժամանակների նյութապաշտական իրողությունը, որը մոռացության փոշու տակ է առնում բազմաթիվ արժանավոր անուններ…
Վանում, եկեղեցական գործիչ Մեսրոպ Փափազյանի հարկի տակ է ծնվել ապագա գրողը: Չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Ագուլիս: Այստեղ նախնական կրթություն ստանալուց հետո սովորում է Թավրիզի Արամյան դպրոցում, ապա՝ Թիֆլիսի Գեւորգյան ճեմարանում: Իսկ բարձրագույն կրթություն ստանում է՝ ուսանելով Ժնեւի համալսարանի գրականության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում:
Դժվար են եղել գրողի մանկությունն ու պատանեկությունը՝ 15 տարեկանից սկսել է աշխատել՝ եղել է սեւագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ: Երկար տարիներ դասավանդել է տարբեր քաղաքների դպրոցներում՝ Վան, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Շուշի, Բուխարեստ, Բուրսա, Նուխի, Վաղարշապատ… Խմբագրել է հայ բանվոր հեղափոխականների «Կռիվ» անլեգալ թերթը Թիֆլիսում, «Շավիղ»-ը՝ Թեհրանում, խմբագրել Շուշիի «Ղարաբաղ» շաբաթաթերթը, հանդես եկել հայ, ռուս, եվրոպական մամուլի բազմաթիվ օրգաններում: Կարինում ուսուցչության տարիներին կապեր է հաստատել տեղի ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արեւմտյան Հայաստանում, հոդվածաշարով հանդես եկել «Մշակ»-ում՝ «Նամակներ թուրքաց Հայաստանից» խորագրի ներքո: Ապա սկսում է տպագրել արեւմտահայության կյանքն արտացոլող պատմվածք-պատկերների շարքը, որոնք հետագայում երկհատորյա գիրք էին դառնալու: Այդ գործերում թուրք-քրդական զարհուրանքները պատկերելուց բացի, գրողը սեւեռվել է նաեւ ազգային կեղեքիչների վրա, ցույց տվել, որ նրանց վարքագիծը օտար լծից նվազ քստմնելի չէ: Դատապարտել է ստրկամտությունն ու ստորացումը, պատկերել արեւմտահայ աշխատավորների ողբերգական դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ՝ «Խերան», «Կայծակ», «Թեթեւ հաճույքներ», «Մեռնողները բարեւում են ձեզ»: Սուր քննադատության է ենթարկել ազգային որոշ կուսակցությունների ապիկար գործունեությունն ու արկածախնդրությունները՝ «Էմմա», «Հաջի բեգ», «Արշալույս»…
Մեղվաջան գրողը անժխտելի ներդրում ունի հայ դրամատուրգիայի զարգացման գործում. գրել է ինը դրամա, որոնցում պատմական ու արդիական հիմքի վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական եւ հեղափոխական խնդիրներ՝ «Հոսանք», «Ժայռը», «Այծեմնիկ», «Հայրենիքի համար»… Բազմաթիվ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու զրույցներ է գրել տարբեր ժողովուրդների (ռուս, պարսիկ, ադրբեջանցի, քուրդ, վրացի, արաբ, հրեա, չին եւ այլն) բանահյուսական, պատմական ու ժամանակակից նյութերի հիման վրա, մեծապես նպաստել հայ իրականության մեջ ինտերնացիոնալ մտայնության տարածմանը: «Հայ բոշաներ» ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսերական ազգագրական ընկերության անդամ-աշխատակից: Գրել է հայ, ռուս եւ համաշխարհային գրականությանը նվիրված գրաքննադատական հոդվածներ, մերկացրել գրական անկումայնությունը, պաշտպանել գեղարվեստական խոսքի ճշմարտացիության, ռեալիզմի, հեղափոխական միտվածության սկզբունքները: Առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը՝ «Պատմություն հայոց գրականության՝ սկզբից մինչեւ մեր օրերը»: Եղել է ժամանակի ամենազարգացած անհատներից մեկը, տիրապետել է 14 լեզվի, հայերեն է թարգմանել մի շարք գրողների երկեր՝ Սալտիկով- Շչեդրին, Լ. Տոլստոյ, Ա. Դոդե, Էրկման-Շատրիան, Նիցշե, Գանչեմ Շուքրի, Շարլ Մերե… Գրել է ընդհանուր քաղաքակրթության, արվեստների, գրական ուղղությունների պատմություններ, տրամաբանությանը, հայոց պատմության առանձին հատվածներին, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություններ, բեմադրել իր դրամաներից մի քանիսը, գրել դրանց երաժշտությունը: Նա է հանրահայտ «Զեյթունցիների քայլերգի» տեքստի հեղինակը: Հեղափոխական գործունեության համար ողջ կյանքում հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, երիցս դատապարտվել բանտարկության, հեռացվել աշխատանքից: Եղել է գաղտնի հսկողության տակ, նրա որոշ երկեր հանվել են հրատարակությունից, ոչնչացվել, ձեռագրերն ու գրքերը բռնագրավվել: Թուրքական կառավարությունը նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացրել: Ուստի, պատահական չէ, որ գրողն ստորագրել է տարբեր՝ Ապրո, Բրիչ, Վարդգես, Վասպուրականցի, Թղթակից Բյուզանդիոնի, Կ., Կայծ, Փ., Վ. Ճ., Վ. Գուրգենյան կեղծանուններով…
Վաստակաշատ գրողն ապրել է ընդամենը 54 տարի եւ իր արժանի ննջելատեղին գտել հայոց մեծերի ծնկաբույր Պանթեոնում՝ միակ մխիթարանքը նրան գնահատող-մեծարողների…