«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»:
Թաթուլ ԿՐՊԵՅԱՆ
Արցախյան շարժումը, որ տարիների պատմություն ուներ, 1988-ի փետրվարին դարձավ համահայկական, ու դրան մասնակից եղավ ողջ հայությունը։ Սկզբում փորձեցինք Արցախի ազատագրումն Ադրբեջանից իրականացնել սահմանադրորեն՝ միջազգային օրենքներին համապատասխան։ Սակայն շուտով զգացինք՝ միայն զենքով է լինելու մեր երազանքը՝ «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Ու եկավ պատերազմելու ժամանակը։ 1988-ի կեսերից կազմավորվեցին ռազմական կամավորական ջոկատներ, որոնք անցան Արցախ ու ՀԽՍՀ սահմանամերձ բնակավայրեր։ Արցախյան շարժման կիզակետում էին Երեւանի պետական համալսարանի ուսանողությունը, դասախոսներ։ Եվ հայկական մայր բուհի շատ ուսանողներ դարձան առաջին կամավորական ջոկատների անդամներ, ոմանք՝ հրամանատարներ։ Արցախյան գոյամարտում մարտիրոսվեցին համալսարանականներ Վարդան Սեդրակյանը, Վարդան Բախշիյանը, Թաթուլ Կրպեյանը, Տիգրան Սարգսյանը ու էլի հերոսներ…
Ապրիլի 21-ին անմահ հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան տարեդարձն է։ Արդեն 32 տարի է՝ հերոսի ծննդյան օրը նշում ենք նրա հոգեւոր ներկայությամբ։ Գետաշենի արծիվը մեզ հետ է մնացել իր երկնային կյանքով, իր հզոր հոգով, իր անմնացորդ հերոսությամբ, իր՝ որպես ազգի նվիրյալ հերոսի կերպար էությամբ։ Արցախյան շարժման հենց սկզբում աչքի ընկավ Թաթուլը՝ նստացույցի ժամանակ։ Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը ծնվել է 1965 թ. Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1972-1982 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985 թ. ընդունվել եւ 1986-ին գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխուսումնարանը։ 1987-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1987-1989 թթ. «Միացում» կազմակերպության անդամ էր։ 1989 թ. ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թ. փետրվարի 20-ին ծնվել է նրանց միակ երեխան՝ Ասպրամ Կրպեյանը։ 1990 թ. Թաթուլն արդեն ՀՅԴ կուսակցության շարքերում էր։ Թաթուլն իր ջոկատով 1990 թ. սեպտեմբերին արդեն Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, խորհրդային բանակի եւ ոստիկանական խմբավորումների։ Այդ ժամանակ նա, այլ համալսարանականներ Արցախի գյուղերի դպրոցներում նաեւ դասավանդում էին. հիմնականում՝ հայոց պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու ու գրականություն։ Առարկաներ, որոնք խորհրդային տարիներին Արցախի դպրոցներում գրեթե արգելված էին։ 1990-ական թթ. տարբեր ռազմական ջոկատներ էին անցել Արցախի վտանգված վայրեր՝ Բերդաձոր, Հադրութի շրջան, Շահումյանի շրջան, այլուր։ Ամենուրեք արդեն ոչ լայնածավալ պատերազմ էր։ Խորհրդային իշխանություններն ու Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում էին՝ Արցախը միավորվելու է մայր հայրենիքին, եւ որոշեցին ժամ առաջ թույլ չտալ դա։ Դեռեւս 1990 թ. ամռան եւ աշնան ընթացքում բազում անգամ փորձեցին ծնկի բերել հայությանը հատկապես այն վայրերում, որոնք 4 կողմից շրջափակված էին թուրքական բնակավայրերով։
Բերդաձորում եմ ներկա եղել նման դեպքերի, ինչպես էին թուրքերը խորհրդային զինվորականներին իրենց թիկունք ու պահապան դարձրած մտնում հայկական գյուղեր, իրականացնում խուզարկություններ, ձերբակալություններ, գողանում անասուններ՝ սպանելով անասնապահներին։ 1990 թ. նոյեմբերին վառեցին Բերդաձորի Տասի վերստ-Ծաղկաձոր գյուղի տները, Լաչինի շրջանից հարձակվեցին Բերդաձորի Հին շեն եւ Մեծ շեն գյուղերի վրա։ Պաշտպանեցինք գյուղերը՝ 2 զոհերի գնով։ 1991-ի հունվարի 17-ին նույն Բերդաձորում խորհրդային զինվորականները գնդակոծեցին Եղցահողից Մեծ շեն գնացող մեր ազատամարտիկների մեքենան։ Սպանվեց Ստեփանը, վիրավորվեցին 3 տղաներ։ Արցախյան գոյամարտի պատմության տխուր էջերից է «Օղակ» ռազմագործողությունը, որն իրականացվում էր խորհրդային բանակ-ադրբեջանական ՕՄՕՆ միասնությամբ։ Առաջինն սկսեցին Գետաշենից։ Ապրիլի 29-ին՝ ժամը 12-ին մոտ, Թաթուլ Կրպեյանը եւ Հրաչ-Զարզանդ Դանիելյանը դուրս են եկել բանակցությունների «Օղակ» գործողության ղեկավարների հետ՝ տարածքի հայ բնակչության սպանդը դադարեցնելու եւ պատանդներին ազատ արձակելու նպատակով: Ապրիլի 30-ին գերի են վերցնում 17 խորհրդային զինվորականի, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի եւ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին։ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրեց խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։ Սակայն նույն օրը մարտական գծով փոխհրամանատար Արթուր Կարապետյանի եւ Հրաչ Դանիելյանի հետ մարտիրոսվեց Գետաշենում՝ բանակցությունների ժամանակ։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորական փոխանակվեցին ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակչի հետ։ Գյուլիստանում էր Արթուրը ծանոթացել Թաթուլ Կրպեյանի հետ եւ մինչեւ կյանքի վերջը մնաց նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը։ Գետաշենում եղել է կամավորական ջոկատի հրամանատար Թաթուլ Կրպեյանի մարտական գծով տեղակալը։ Մայիսի 2-ին ուղղաթիռներով Երեւան տեղափոխեցին «Օղակի» շրջանակներում 5 զոհվածների՝ Զ. Դանիելյանի, Սիմոն Աչիգյոզյանի (Դեդ), ով 11 օր առաջ էր ստանձնել տեղի «Արաբո» ջոկատի հրամանատարությունը, Թ. Կրպեյանի, Ա. Կարապետյանի, Վ. Նազարյանի դիերը եւ 3 ծանր վիրավորների:
1996 թ. սեպտեմբերի 20-ին Թաթուլը հետմահու արժանացավ ՀՀ բարձրագույն պարգեւի՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչման, պարգեւատրվեց «Հայրենիք» շքանշանով։ 2015 թ. մարտի 18-ին Երեւանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Նոր Նորքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անունով։ 2015 թ․ հոկտեմբերին Հերոսի անվամբ կոչվեց Երեւանի թիվ 62 ավագ դպրոցը։ Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի դպրոցը, դասարաններ ՀՀ եւ ԱՀ տարբեր դպրոցներում, լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում (սահմանվել է նաեւ Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ), ազգագրական երգի-պարի համույթներ, ՀՅԴ տեղական եւ արտերկրյա կազմակերպություններ։ Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմին կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ Երբ ազատագրվեց եւ վերահայացավ հայոց Կովսական գավառը, 2011 թ. նոյեմբերի 1-ին՝ քաղաքի ազատագրման 18–ամյակի առթիվ, համանուն քաղաքի միջնակարգ դպրոցը նույնպես անվանակոչվեց ի պատիվ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի։ Դպրոցի մուտքի մոտ տեղադրվեց հերոսի կիսանդրին, որը նրա մարտական ընկեր Արմեն Շահբազյանի նվերն էր կովսականցիներին։ Մեծ շուքով կայացան դպրոցի անվանակոչությունն ու հուշակոթողի բացումը։ Հերոսի ծննդյան 48-ամյակին նվիրված՝ Կովսականում տոնական մեծ համերգ կայացավ 2013 թ. ապրիլի 27-ին։ Ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով հանդես եկան երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը, «Կարին» ազգագրական պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։ Տոնին ներկա էին նաեւ հերոսի կինն ու միակ ժառանգը՝ Ասպրամ դուստրը։ Խոսելով հոր մասին՝ Ասպրամն ասաց՝ ինքը փոքր է եղել, երբ հայրը մարտիրոսվել է, սակայն հպարտ է, որ հերոսի դուստր է, եւ ազատագրված արաքսամերձ Կովսական քաղաքում հոր անունով կա դպրոց՝ դիմացը կիսանդրին։
Երկար տարիներ Կովսականի դպրոցի սաները դասի գալիս առաջինը ողջունում էին Թաթուլին եւ նրա հերոսությոմբ ոգեշնչված հասակ առնում։ Պատահական չէր,որ արցախյան 2016թ․ ապրիլյան քառօրյային, հատկապես 2020թ․ 44-օրյա պատերազմին կովսականցի շատ երիտասարդներ մասնակից եղան։ Թաթուլի պես անմահացան կովսականցի երիտասարդներ Հովհաննես Սողոմոնյանը, Գուրգեն Միրզոյանը, Էրիկ Սայադյանը, Հովհաննես Խաչատրյանը, Մոնթե Հայրապետյանը։ 2017թ․ մարտի 31-ին հայրենի սահմանը պաշտպանելիս մարտիրոսվեց Թ․ Կրպեյանի անվ․ միջնակարգի շրջանավարտ, Հայոց բանակի սպա Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը, ում անունով դասարան կար իր հարազատ դպրոցում։ Երեւանի պետական համալսարանի ուսանողության եւ բերձորցի աշակերտների, ինչպես նաեւ՝ հերոսի դստեր՝ Ասպրամի մասնակցությամբ, Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանին նվիրված պուրակ հիմնվեց նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում։ Այսօր գերության մեջ են դարձյալ Կովսականն ու Բերձորը, հերոսի պուրակն ու կիսանդրին։
Ապրիլի 21-ին՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը, նրա անվան զբոսայգուց մենարկել է «Արցախյան ընթերցումեր» ամենամյա հերթական գիտաժողովի հանդիսավոր մասը: Գիտական մասը՝ բաղկացած զեկուցումներից եւ պանելային քննարկումներից, կսկսվի ԵՊՀ պատմության ֆակուլտետում: