Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են հոգեւորականության ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, Լենինգրադի մարզի պատվավոր քաղաքացիներ, լրագրողներ: Նրանց թվում էին մարզի տպագրության կոմիտեի նախագահ Կոնստանտին Վիզիրյակինը, Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարեգործ Հրաչյա Պողոսյանը, մարզի Տոսնենսկու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իլյա Տիչինսկին, շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կանցերեւը, Լյուբան քաղաքային ավանի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Բոգատովը, Լյուբանի պատվավոր քաղաքացի, Սուրբ Պետրոս եւ Պողոս առաքյալների եկեղեցու ծխական ռեկտոր Եվգենի Բաբինցեւը, զինված ուժերի գեներալ-գնդապետ Անատոլի Զայցեւը, Լենինգրադի մարզի պատվավոր քաղաքացի Իվան Խաբարովը, մարզի վետերանների մարզային խորհրդի նախագահ Յուրի Օլեյնիկը, Լյուբան քաղաքային ավանի ղեկավար Ալեքսեյ Լեոնովը, Լենինգրադի մարզի պատվավոր քաղաքացի, «Տոսնենսկայա ստորոնկա» գրական միավորման ղեկավար, Ռուսաստանի գրողների միության կառավարման խորհրդի անդամ Նիկոլայ Ռաչկովը, Արեւմտյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Ռյումշինը, Լիսինսկի անտառային քոլեջի կուրսանտներ, դպրոցների աշակերտներ, քաղաքի բնակիչներ եւ հյուրեր:
Միջոցառումը բացել է Լենինգրադի մարզի տպագրության կոմիտեի նախագահ Կոնստանտին Վիզիրյակինը: «Այսօր մենք հավերժացնում ենք մեր գործընկերների հիշատակը: Կուզեինք, որ լրագրողների ծառուղին, հուշարձանը գրավիչ վայր դառնան ողջ լրագրողական հանրության համար։ Որպեսզի այստեղ կարողանանք հիշել այն մարդկանց անունները, հոդվածները, լուսանկարները, ովքեր մեզ ցույց տվեցին, թե ինչ է Հայրենական մեծ պատերազմը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ժամանակակից լրագրողներին, ովքեր հղացել են նման վայր ստեղծելու գաղափարը։ Բայց գլխավորն այն է, որ այս նախաձեռնությանն աջակցել եւ այն իրականություն է դարձրել մի բարերար, մարդ, ով ողջ ուժով փորձում է օգնել տարբեր բարի գործերում՝ Հրաչյա Միսաքի Պողոսյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան եւ շնորհակալագիր հանձնել պատմական հիշողության պահպանման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար»,- ասել է Վիզիրյակինը:
Իր խոսքում նա նշել է նաեւ. «Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության հիմնական նպատակն է պահպանել անցյալ դարաշրջանների հերոսների եւ իրադարձությունների հիշատակը։ Հենց Լենինգրադի հողից է նա սկսել հովանավորչության ուղին։ Նրա միջոցներով կանգնեցված առաջին հուշարձանը «Լենինգրադի պաշարման ճեղքում» թանգարանի դիմաց ճրագով աղեղ-խաչն էր։ Նրա ուժերով Կիրովսկ քաղաքում նոր տեսքով վերստեղծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորսված Պետրոս Առաջինի հուշարձանը։ Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչու Գրիգորի Կրավչենկոյի կիսանդրին Սինյավինո ավանում, խորհրդային զինվորներին նվիրված խաչքարեր Սինյավինոյի բարձունքներում, չորս մետրանոց հուշարձան՝ մեծ խճանկարով պանելով՝ ի հիշատակ Լենինգրադի երեխաների, ովքեր զոհվել են նացիստների ռմբակոծությունից Տիխվին քաղաքի երկաթուղային կայարանի մոտ։ Սա Լենինգրադի մարզի տարածքում կատարած նրա բարի գործերի միայն մի փոքր մասն է։ Նրա բարեգործական գործունեության աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով եւ նույնիսկ մեր երկրով, այն ընդգրկում է 14 պետություն»:
Ռազմական լրագրողների պատվին հուշահամալիր ստեղծելու գաղափարը վաղուց էր քննարկվում տարածաշրջանի ժամանակակից լրագրողական համայնքում։ Լյուբան քաղաքը պատահական չի ընտրվել: Այստեղ 1942 թ. արյունալի մարտերում կռվել է 2-րդ հարվածային բանակը, իսկ 1944 թ. Վոլխովի ռազմաճակատի զինվորները ճեղքում են կատարել այդ տարածքով։ Անցյալ տարի Լենինգրադի մարզի տպագրության կոմիտեն Տոսնենսկի շրջանի եւ Լյուբանսկի քաղաքային ավանի վարչակազմերի, Լիսինսկի անտառային քոլեջի մասնագետների հետ միասին Հաղթանակի 30-ամյակի հրապարակում լրագրողների հիշատակի ծառուղի հիմնեցին: Ավելի ուշ առաջարկ եղավ ծառուղում տեղադրել հուշահամալիր, որպեսզի այնտեղ լինի մի վայր, որտեղ հավաքվեն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու լրագրողները՝ հարգելու գործընկերների սխրագործությունները, որոնք ոչ միայն նոթատետրով, այլեւ սվիններով ու ավտոմատներով մոտեցրեցին հաղթանակը։ Այս առաջարկով Լենինգրադի մարզի տպագրության կոմիտեի նախագահը դիմեց Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանին։ Անվանական բարեգործական հիմնադրամի նախագահն ունի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության վերականգնման ավելի քան 350 ավարտված ծրագիր։ Եվ այս անգամ նույնպես նա չկարողացավ անտարբեր մնալ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային մամուլը գործիք էր, որը համախմբում էր մարդկանց եւ մղում սխրանքների, ինքնազոհողության, դժվարությունների հաղթահարման: Հայրենիքին ծառայում էին լրագրողների ու գրողների լավագույն ուժերը, որոնք տաք ու անկեղծ գրում էին զինվորների սխրանքների ու հերոսությունների, դժվարությունների ու մարդկանց առնականության, նրանց ամրության ու հայրենիքի նկատմամբ սիրո մասին: Լրագրողներն էլ հաճախ էին վտանգում իրենց կյանքը՝ խմբագրությունների հանձնարարությունները կատարելու համար: Ռազմաճակատներում զոհվեց 1500 լրագրող, այդ թվում 50-ը նրանք են, ովքեր ընկան Լենինգրադի պաշտպանության մարտերում:
«Անհնար է թերագնահատել այսօրվա իրադարձության նշանակությունը: Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին, տպագրության կոմիտեին՝ ի դեմս Կոնստանտին Վիզիրյակինի: Հատուկ երախտագիտությունս ու խոնարհումս Հրաչյա Միսաքի Պողոսյանին՝ հրաշալի մարդուն ու իսկական հայրենասերին: Այս հուշարձանը ոչ միայն խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այլ նաեւ ռազմական լրագրողների ու օպերատորների, ովքեր այսօր իրականացնում են իրենց հերոսական աշխատանքը»,- ասել է Լենինգրադի մարզի Տոսնենսկու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իլյա Տիչինսկին:
«Երբ նման միջոցառման մասնակից ես, ներսումդ զգացմունքների ալիք է բարձրանում, անհնար է անտարբեր մնալ։ Ռազմական լրագրողների ուժն այն է, որ նրանք, լինելով անմիջական վկաներ, մեզ փոխանցեցին մարտերում կռվածների սխրանքն ու անձնուրացությունը։ Այն ժամանակ նրանք արդեն աշխատել են մեր ապագայի համար, նույնիսկ այն ժամանակ գրել են այն, ինչը բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի, էսսեների հիմք է դարձել»,- իր խոսքում ընդգծել է Լենինգրադի մարզի հանրային պալատի նախագահ Յուրի Տրուսովը։
Կարմիր վարդերով զամբյուղներ են դրվել Լենինգրադի մարզի տպագրության կոմիտեի, Հ. Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի, Լենինգրադի մարզի վետերանների խորհրդի, Պետրոս եւ Պողոս եկեղեցու հոգեւորականների եւ ծխականների, Լենինգրադի մարզի վարչակազմի կողմից։ Բոլոր ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանի առջեւ։
Միջոցառման վերջում ցանկացողները ջրել են լրագրողների ծառուղում տնկված փոքրիկ տոնածառերը, համտեսել նաեւ զինվորի շիլան՝ պատրաստված դաշտային խոհանոցի պայմաններում։