Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի հայտնվելով գլխիվայր շրջվում է Արցախի Հանրապետության անվտանգային համակարգը: 44-օրյա պատերազմից հետո երկրից գաղթած քաղաքացիները որոշում կայացրեցին վերադառնալ իրենց տները միայն այն ժամանակ, երբ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահները ՌԴ-ի անունից հորդորեցին նրանց վերադառնալ իրենց բնօրրան եւ հայտարարեցին, որ նրանց անվտանգության երաշխավորն են:
Արցախցիների անվտանգության հիմնական բաղադրիչներից էր մայր Հայաստանի հետ անխափան կապի առկայությունը, որի անվտանգության ապահովումը նույնպես հանձնվեց ռուս խաղաղապահներին: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, արհամարհելով ՌԴ խաղաղապահների զորամասի առկայությունը եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, հսկիչ անցակետ տեղադրեցին Լաչինի միջանցքի Հայաստանի սահմանի մոտ: Պաշտոնական Բաքուն մինչ այդ նաեւ կեղծ փաստարկներով իր գործողությունների համար քարոզչական հենքեր էր փորձում ապահովել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանից Արցախ միջանցքով սպառազինություն եւ զինծառայողներ են տեղափոխվել:
Գերագույն ցանկության դեպքում էլ 44-օրյա ագրեսիայից հետո անհնար է պատկերացնել, որ Արցախի ժողովուրդը կարող է համաձայնել անցնել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետով: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են հնչել Արցախի Հանրապետությունից՝ նաեւ պետական մակարդակով: Այս իրավիճակում անցակետի տեղակայումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործնական քայլ, ինչը չի էլ թաքցնում Բաքվի քաղաքական ղեկավարությունը:
Այստեղ էական իրողությունն այն է, որ 120 հազար արցախցի՝ հավատալով եւ արձագանքելով խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին, վերադարձավ իր բնօրրան եւ ադրբեջանական անցակետի տեղադրմամբ հայտնվեց պատանդի կարգավիճակում: Ստեղծված իրավիճակում, օրինաչափորեն, Արցախի ժողովրդի հիմնական ակնկալիքը Ռուսաստանի Դաշնությունից է, եւ նա ԱՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությամբ վերջինից պահանջեց գործնական քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման առաքելությունը վերստին ստանձնելու համար: Արցախից հղված ուղերձում հստակ նշվում է, որ ռուսական կողմից իրավիճակը շտկելու գործուն քայլերի բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին եւ ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները:
Պարզ է, որ ՌԴ խաղաղապահների այլընտրանքային տարբերակը միջազգային մանդատով այլ առաքելության ներգրավումն է: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կառավարության երեկվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով միջազգային փաստահավաք առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում եւ Արցախի Հանրապետությունում: Նույն օրը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ վստահեցնելով, որ խաղաղապահների միջոցով փորձում են խնդիրը լուծել, իսկ նախարարությունը Լաչինի միջանցքի հարցով արդեն հայտարարել է, որ անընդունելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումը: Ռուս դիվանագետը կրկին խոսել է հայկական կողմից փոխընդունելի լուծումներ գտնելուն աջակցելու անհրաժեշտության մասին:
Կարելի է ենթադրել, որ Լաչինի միջանցքում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակով էր պայմանավորված Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունը: Գեներալ Վոլկովի փոխարեն Արցախ է գործուղվել ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Լենցովը: Հայ ժողովուրդը, մասնավորապես՝ արցախահայությունն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի, եւ ապագայում կբացառվեն նմանատիպ երեւույթները, հակառակ դեպքում անվտանգության նոր համակարգի ներգրավումն արցախահայության համար կդառնա գոյաբանական խնդիր: