Միացյալ Նահանգները չի հասկանում, թե ինչ է ուզում, այդ իսկ պատճառով չի կարողանում կանգնեցնել սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը: Սրանում համոզված է լիբանանյան «Al Modon»-ը: Բացի այդ, ամերիկացիներն Անկարային առաջարկելու բան չունեն, որպեսզի վերջինս շարունակի թշնամական գործողություններ վարել Դամասկոսի դեմ: Հայտարարելով այս մասին՝ լիբանանյան լրատվամիջոցը փորձում է տպավորություն ստեղծել, թե թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացումն ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, եւ հիմա՝ մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ, Էրդողանին չէր խանգարի խաղաղությունն Ասադի հետ: Եվ այդ գործում, ըստ «Al Modon»-ի, նրան կօգնեն Ռուսաստանն ու Իրանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարելի է համաձայնել հոդվածագրի հետ, որ այդ երկիրը, որը շահագրգռված է Էրդողանի վերընտրությամբ, կարող է ձգտել համոզել Սիրիային՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու Թուրքիայի հետ, պայմանագիր, որը Թուրքիայի գործող նախագահին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դեպի իրեն գրավելով կոնկրետ ընտրողների ձայներ: Եթե ոչ պայմանագիր, ապա գոնե բանակցություններ, որոնք նախընտրական տեսանկյունից նույն նշանակությունն ունեն, ինչ պատրաստի փաստաթուղթը: Սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկ անգամ չի հայտարարել, որ Թուրքիայի հետ երկխոսությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ վերջինս կհեռանա Սիրիայի ինքնիշխան տարածքներից, որոնք շարունակում է պահել իր վերահսկողության տակ: Դա առայժմ տեղի չի ունեցել: Կապված Իրանի հետ՝ պետք է ասել, որ Թեհրանին համոզելը հեշտ չէ՝ նկատի ունենալով տարածաշրջանում Թուրքիայի վարած հակաիրանական քաղաքականությունը: Բայց Թեհրանին կարող է դրական տրամադրել Ռուսաստանի ներկայությունը եւ ԱՄՆ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքը:
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում կողմերի տարաձայնությունները, սակայն, չեն խանգարում Մոսկվայի նախաձեռնությամբ հանդիպել եւ քննարկել հարցերի որոշակի շրջանակ: ՌԴ մայրաքաղաքում քառակողմ հանդիպումը, ըստ էության, ոչ մի շոշափելի արդյունք չտվեց: Մեծ հաշվով՝ սպասված արդյունքը չարձանագրվեց նաեւ ապրիլի 25-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ այս չորս երկրների արտգործնախարարները Մոսկվայում կհանդիպեն մայիսի սկզբին: Ըստ նրա գնահատման՝ այդ հանդիպումը միտված կլինի սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ակտիվացմանը, սակայն պետք է շեշտել, որ առայժմ դրական արդյունքներ չկան: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքական գործընթացը հետեւողականորեն առաջընթաց է ապրում՝ համաձայն «ճանապարհային քարտեզի»:
Նպատակահարմար է Չավուշօղլուի հայտարարությունը դիտարկել տարբեր կողմերից: Նա խոսում է ինչ-որ առաջընթացի բացակայության մասին եւ միեւնույն ժամանակ նշում, որ քաղաքական գործընթացը շարունակվում է: Ընթացակարգային ասպեկտներն անտեսվեցին Թուրքիայի եւ Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների՝ Հաքան Ֆիդանի եւ Ալի Մամլուքի առաջին իսկ հանդիպումից: Նրանք ճանապարհ հարթեցին Մոսկվայի հետ եռակողմ քննարկումների մեկնարկի համար, այսինքն՝ դեռեւս մինչեւ այն պահը, երբ Թեհրանը կիսեց Սիրիայում ռուս եւ իրանցի «պահապանների» միջեւ հակամարտությունից խուսափելու Անկարայի ցանկությունը:
Բանակցություններում որոշակի առաջընթաց կա, չնայած սիրիական պաշտոնական դեմքերի ու ԶԼՄ-ների հայտարարություններին, ինչպես նաեւ ի հեճուկս լրատվական արտահոսքերի, որոնց համաձայն՝ Ասադի վարչակազմը հանդես է գալիս Ռուսաստանի նախաձեռնության դեմ եւ հակվում է արաբական այլ երկրների հետ կարգավորման գործընթացին, կարծես կարող է ազատ որոշում կայացնել: Միեւնույն ժամանակ նա չի կորցնում խելամտությունը եւ չի մերժում «քառյակի» ջանքերը Սիրիայում գոյություն ունեցող իրավիճակի կարգավորման վերաբերյալ, որովհետեւ հակառակ դեպքում կտուժեն սիրիացիները, ովքեր ապրում են Ասադի ու Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Ժամանակը մեծ նշանակություն ունի, քանի որ Թուրքիայում կայանալիք ընտրություններին երկու շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել: Էրդողանի հաղթանակը կախված չէ Ասադից, բայց նրա համար հաճելի կլինի ստանալ այնպիսի նվեր, որը կամրապնդի իր հնարավորությունները նախագահական ընտրություններում: Առայժմ նրա միակ հաղթաթուղթը հաղթանակն է «Սիրիայի ժողովրդական ուժեր» քրդական կազմավորման նկատմամբ: Թուրք ընտրողները չգիտեն, թե դրա համար ինչ գին է նա վճարում, որովհետեւ ամեն ինչ Դամասկոսի ձեռքում է: Էրդողանը կարող է օգնել Ասադին՝ վերադարձնելու վերահսկողությունն Իդլիբ նահանգի տարածքների նկատմամբ, ապահովել առանցքային ճանապարհների անվտանգությունը եւ բացել սահմանային անցումներ Թուրքիայի ու Սիրիայի միջեւ:
Թուրքիայի գործող նախագահը վատ հարաբերություններ ունի Բաշար Ասադի հետ: Միեւնույն ժամանակ նա սերտ կապեր ունի ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ իրանական ղեկավարության հետ: Նրա հարաբերությունները երկու կողմերի հետ դիմացել են ամրության քննությանը, չնայած Սիրիայի հարցում դիրքորոշումների տարբերություններին ու այլ շրջաններում ազդեցության համար մրցակցային պայքարին: Իրենց կողմից՝ Մոսկվան ու Թեհրանը կարող են օգտվել պահից եւ ճնշում գործադրել Անկարայի վրա՝ սիրիական հարցում զիջումների հասնելու համար, որովհետեւ Էրդողանի հաղթանակն ընտրություններում նրանց համար ավելի կարեւոր է, քան սիրիացիների հաղթանակը:
ԱՄՆ-ն պայմանավորվածությունների սահման է գծել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։ Դա այնքան էլ բարձր չէ։ Սակայն որեւէ երաշխիք չկա, որ հետո նրա վրա չեն ազդի այլ խաղացողների գործողությունները Սիրիայում։ «Ամերիկյան հովանոցն» ամբողջությամբ չի ծածկում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից վերահսկվող տարածքները, ուստի նրանք կարող են տուժել, եթե Ասադը կամ Մոսկվան այդպես որոշեն։ Առաջին հերթին՝ վտանգի տակ են Հալեպի շրջանի հյուսիսային հատվածում գտնվող տարածքները։ Անկարան բազմիցս պահանջել է իրեն հանձնել Թել Ռիֆաաթի ու նրա շրջակայքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ «Սիրիայի դեմոկրատական ուժերն» ամբողջությամբ դուրս բերել Աֆրինից, որն ավելի շատ բարոյական, քան ռազմական նշանակություն ունի:
Ընդհանուր առմամբ՝ Վաշինգտոնը շոշափելի հետաքրքրություն չի ցուցադրում Եփրատից արեւելք իր «հովանոցից» դուրս տարածքների, ինչպես նաեւ սիրիական խնդրի հետ կապված դիվանագիտական քայլերի նկատմամբ, որովհետեւ «ամենաբարձր շեմը» խախտելու դեպքում տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական ուժ կկիրառի։ Սիրիական ընդդիմության եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հիմնական հենարանը, չնայած նրանց փոխադարձ հակակրանքին, Միացյալ Նահանգների մոտեցումն է, այլ ոչ թե մյուս դաշնակիցների դիրքորոշումները։ «Քառյակի» անդամները շատ լավ են հասկանում եւ օգտվում են այն ազատությունից, որը նրանց տրամադրում են ամերիկացիները։
«Ամերիկայի բացասական վերաբերմունքը սիրիական հարցի նկատմամբ կարող է բացատրել շատ միջազգային ու տարածաշրջանային քայլեր: Համաշխարհային տերություններն ակտիվացել են ոչ թե Ասադի նկատմամբ սիրո կամ նրան ընդունելու պատճառով, այլ որովհետեւ լճացման վիճակը չի բավարարում նրանց: Արաբական որոշ երկրներ հանդես են գալիս Ասադի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, ինչը կապված է Վաշինգտոնի պասիվության հետ: Ինչ վերաբերում է Անկարային, այն հայտնվել է հուսահատության մեջ ԱՄՆ-ի անկարողության կամ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ահաբեկչական կազմակերպությունների շարքում ընդգրկելու ցանկության բացակայության հետ: Նրան փորձում են մեկուսացնել «ամերիկյան հովանոցի» շրջանակներում, ինչը խարխլում է նրա դիրքերն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ասպարեզում»,-գրում է «Al Modon»-ը:
Հարցը, թե ինչ է թաքցնում քառակողմ հանդիպումը, քաղաքական հարթության վրա է: Մոսկվան, ամենայն հավանականությամբ, դրական արդյունքների կհասնի մինչեւ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրությունները: Հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չի հաղթի առաջին տուրում, ուստի երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը: Վաշինգտոնը չի կարող կանգնեցնել քառակողմ ձեւաչափով կարգավորման գործընթացը, քանի որ Էրդողանին չի կարող այնպիսի բան առաջարկել, ինչը նրան հեռու կպահի Ասադից: ԱՄՆ-ի այժմյան քաղաքականության էությունն ուղղակի դիվանագիտական քայլեր չձեռնարկելն ու ոչ մի նախաձեռնության չմասնակցելն է: Վաշինգտոնը դեռ չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, ուստի ապավինում է ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը, որի վերջը չի երեւում: