ԽՍՀՄ-ի եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզումից հետո աշխարհի տարբեր տարածաշրջաններում ձեւավորվեցին տնտեսական համագործակցության նոր կազմակերպություններ ու համաձայնություններ, իսկ գոյություն ունեցողները համալրվեցին, ինչպես օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի ազատ առեւտրի համաձայնագիրը (North American Free Trade Agreement, NAFTA), որն ԱՄՆ-Կանադա ազատ առեւտրի համաձայնություն էր եւ ստորագրվել էր 1989 թ.։ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (Ecomomic Cooperation Organization, ECO) 1985 թ. հիմնադրել են Իրանը, Թուրքիան եւ Պակիստանը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ECO-ն եւս ընդլայնվել է. ընդգրկվել են նորանկախ Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Աֆղանստանը։ Թեեւ այն տնտեսական գործուն ու ազդեցիկ կազմակերպություն դարձնելու ուղղությամբ Իրանի կողմից լուրջ ջանքեր գործադրվեցին, սակայն ձեռքբերումներն ակնառու չեն, ինչը պայմանավորված է անդամ երկրների քաղաքական դիրքորոշումներով եւ այլ հակասություններով, միմյանց հետ լուրջ տարաձայնություններով։
1991 թ. Բելառուսում հիմք դրվեց Անկախ պետությունների տնտեսական համագործակցությանը, որը եւս լուրջ հաջողություններ չունի, ինչի պատճառը կրկին անդամ երկրների միջեւ քաղաքական տարաձայնություններն ու տարբեր խնդիրներն են։ 1992 թ. հունիսի 25-ին 11 երկրի մասնակցությամբ ձեւավորվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը եւս ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ դրան անդամակցում են միմյանց հետ տարաբնույթ տարաձայնություններ ունեցող երկրներ։ Այլ կերպ ասած՝ համագործակցության կազմակերպությունները կարող են արդյունավետ գործունեություն ծավալել, եթե չունեն քաղաքական, տարածքային եւ այլ բնույթի տարաձայնություններ։ Ավելին՝ ձախողման են ենթարկվել եւ չեն կայացել քաղաքական խնդիրները տնտեսական համագործակցությամբ լուծելու փորձերը, եւ դրա վառ ապացույցն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ արաբա-իսրայելական հարցի կարգավորման նպատակով 90-ականներին ձեւավորված տնտեսական ֆորումի ձախողումն է։
1996 թ. Բուլղարիայի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հարավարեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության գործընթացը (South-East European Cooperation Process, SEECP), որին սկզբնական շրջանում անդամակցում էին Բուլղարիան, Սերբիան, Հունաստանը, Ալբանիան, Բոսնիան ու Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Թուրքիան։ Իսկ ավելի ուշ դրան միացել են նաեւ Խորվաթիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սլովենիան եւ 2014 թ.՝ Կոսովոն: Կազմակերպությունը նախագահում է յուրաքանչյուր երկիր մեկ տարի. 2020-21 թթ. նախագահում էր Թուրքիան, իսկ 2021 թ. հուլիսի 1-ից նախագահելու է Հունաստանը։ Այս տարի գործընթացը նշում է հիմնադրման 25-ամյակը, որտեղ ընդգրկված են երկրներ, որոնք առնվազն տարբեր հարցերում լուրջ տարաձայնություններ ունեն, հետեւաբար, այն չի կարող էական հաջողություններ արձանագրել։ Հունիսի 17-20-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել SEECP-ի 23-րդ գագաթնաժողովը, որը կոչվել էր Անթալիայի դիվանագիտական համաժողով։ Մասնակցել են 7 երկրի նախագահներ, 1 փոխվարչապետ, 9 ԱԳ նախարար եւ 3 ԱԳ փոխնախարար։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, թերեւս, որպես ձեռքբերում է կարեւորել այն, որ Անկարային հաջողվել է SEECP-ի գոյության ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կազմակերպել բոլոր 13 անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա նման մասնակցությունը պայմանավորել է Թուրքիայի հանդեպ բարձր վստահությամբ։ Թեեւ, ինչպես այդօրինակ բոլոր տարածաշրջանային կազմակերպությունները, SEECP-ն էլ իր առջեւ ծանրակշիռ նպատակներ է դրել, սակայն եթե բոլոր անդամների մասնակցությունը կարեւորվում է, կարելի է ենթադրել նաեւ, թե գործընթացի ձեռքբերումները որքան են լուրջ։
Եվ ահա Չավուշօղլուն հունիսի 17-ին ԱԳ նախարարների նիստում ներկայացրել է Թուրքիայի կատարած աշխատանքները։ Նա նշել է, որ Անկարան կազմակերպել է 40 միջոցառում, այդ թվում՝ առաջին անգամ գումարվել է «Երիտասարդներն ու սփյուռքը» համաժողովը, որում քննարկվել է ուղեղների արտահոսքի հարցը։ Բացի այդ, համաժողովներ են տեղի ունեցել տրանսպորտի, ենթակառուցվածքների, կրթության, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, մշակութային ժառանգության պահպանման, փախստականների իրավունքների վերաբերյալ եւ այլն։ Թերեւս, ակնհայտ է Անկարայի գործելակերպը վերջին երկու հարցի շուրջ, թե ինչպես է վերաբերվում հայկական մշակույթի ժառանգության եւ սիրիացի փախստականների նկատմամբ, որոնց հնարավոր բոլոր ձեւերով շահագործում է եւ հարցը շահարկում Եվրոպայից արտոնություններ ստանալու համար։ Չավուշօղլուն, անդրադառնալով SEECP-ի 25-ամյակը նշելուն, հավելել է, որ 23 տարի առաջ Անթալիայի համաժողովի օրակարգում զետեղվել էր գործընթացի գլխավոր փաստաթղթի՝ բարիդրացիական փոխհարաբերությունների ու լավ հարեւանության խարտիայի հարցը։ Նա ընդգծել է, որ դրանից հետո գործընթացը երկար ճանապարհ է անցել ընդհանուր նպատակներն իրականացնելու ուղղությամբ, ինչը նպաստավոր հող է նախապատրաստել, որպեսզի առանց այլոց միջամտության, երես առ երես բանակցելով լուծվեն անդամ երկրների առջեւ ծառացած խնդիրները։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս շրջանակներում չեն լուծվում Հունաստան-Թուրքիա տարաձայնությունները Արեւելյան Միջերկրականի շուրջ, ինչի պատճառով լարվածությունը պահպանվում է ոչ միայն SEECP-ի, այլեւ ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների փոխհարաբերություններում։
Ինչպես նշել են թուրքական ԶԼՄ-ները, գագաթնաժողով բացման խոսքով հանդես է եկել նախագահ Էրդողանը, որի ելույթից, թերեւս, արժանահիշատակը նրա թույլ տված «վրիպակն» է, սակայն իրականում՝ ճշմարտության խոստովանությունը Սիրիայի հարցում այդ երկրի որդեգրած քաղաքականության վերաբերյալ, ինչը հայտնվել է ընդդիմության ուշադրության կենտրոնում։ Նա նշել է. «Սիրիան անկայունացնելու հարցում մեր ջանքերը միջազգային հանրության կողմից պատշաճ աջակցություն չստացան»։
Հարկ է նշել, որ Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային միակ արդյունավետ գործող կազմակերպությունը 2009 թ. Թուրքիայի նախաձեռնությամբ եւ Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ադրբեջանի անդամակցությամբ ձեւավորված Թուրքախոս երկրների խորհուրդն է, որին դիտորդի կարգավիճակով անդամակցում է նաեւ Հունգարիան։ Հանգամանք, ինչը պայմանավորված է նրանց ընդհանուր նպատակներով, զանազան տարաձայնությունների ու հակասությունների բացակայությամբ։