Ժամանակակից աշխարհում հնդկա-չինական հարաբերություններն ավելի ու ավելի կարեւոր գործոն են դառնում անվտանգության համաշխարհային ու տարածաշրջանային ճարտարապետության վերափոխման գործում: Այս մասին գրում է ամերիկյան «Project Syndicate»-ը: Այս երկրների դիմակայությունը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակն Ասիայում ու աշխարհում:
Հիմալայներում հնդկական տարածքի վրա Չինաստանի գաղտնի հարձակման սկզբից անցել է երեք տարի, սակայն երկու երկրների սահմանային դիմակայության վերջն առայժմ չի երեւում: Չնայած երկու երկրների ռազմական կուտակումներն ու պարբերական բախումները Արեւմուտքում գրեթե ուշադրություն չեն գրավում, սահմանային հակամարտության էսկալացիան երկարաժամկետ թշնամության պատճառ է դարձել, որը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակն Ասիայում:
Վճռելով դիմակայել Չինաստանին, չնայած լայնամասշտաբ պատերազմի վտանգին, Հնդկաստանը բաց մարտահրավեր է նետել չինական հզորությանը, այն էլ՝ այնպես, ինչպես այս հարյուրամյակում դեռ չի արել ոչ մի համաշխարհային տերություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի լայնածավալ ռազմավարական էքսպանսիան Հնդկաստանին ստիպել է հրաժարվել իր նախկին հանդարտեցման քաղաքականությունից եւ արագացնել ռազմական հզորացումը: Նյու Դելին վճռական է տրամադրված՝ կանխելու չինակենտրոն Ասիայի առաջացումը: Սի Ցզինպինի ուժային ռեւիզիոնիզմը եւ աշխարհաքաղաքական նկրտումները Ճապոնիային եւ Ավստրալիային նույնպես ստիպել են ձեւափոխել իրենց ռազմավարությունները եւ զբաղվել հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական էքսպանսիոնիզմին հակազդեցությամբ: Հաստատելով մինչեւ 2027 թ. ռազմական ծախսերը կրկնապատկելու ծրագիրը՝ Ճապոնիան գործնականում անցյալում է թողել հետպատերազմյան դարաշրջանի ազգային անվտանգության խաղաղասիրական քաղաքականությունը: Ավստրալիան, իր հերթին, հրաժարվել է նախկին մոտեցումներից եւ ստեղծել AUKUS պաշտպանական դաշնագիրն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
2020 թ. Չինաստանի ձեռնարկած քայլը՝ գրավելու Հնդկաստանի հյուսիսային Լադաք շրջանում սառցով պատված հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք, այն էլ՝ այն ժամանակ, երբ Հնդկաստանը համազգային կարանտին էր հայտարարել, գնահատվեց որպես Սի Ծինփինի ռազմավարական նպատակների իրականացման ցինիկ փորձ համավարակի պայմաններում: Բայց Սին սխալվել էր իր հաշվարկներում, երբ որոշեց, որ Չինաստանը կարող է ստիպել Հնդկաստանին՝ ընդունելու նոր ստատուս քվոն որպես կատարված փաստ:
Սկսած այդ պահից՝ Հնդկաստանն այնտեղ ավելի շատ զինվորներ է տեղակայել, քան Չինաստանը, ինչը խոշորագույնն է Հիմալայներում՝ աշխարհում կյանքի համար ամենաանհարմար տարածաշրջաններից մեկում ռազմական հզորության մեծացման պատմության մեջ: Քանի որ Հնդկաստանը հրաժարվեց ենթարկվել, Սին փորձեց կոտրել նրա պաշտպանությունը՝ նոր ճակատ բացելով արեւելյան Հիմալայներում՝ 2020 թ. նվաճած հողերից 2000 կմ հեռավորության վրա:
2022 թ. դեկտեմբերին չինական ներխուժումները ռազմավարական առումով կարեւոր սահմանամերձ Արունաչալ-Պրադեշ նահանգ, ըստ տեղեկությունների, ԱՄՆ հետախուզության օգնությամբ են հետ մղվել հնդկական բանակի կողմից: Փորձելով ամրապնդել իր տարածքային պահանջները եւ հրահրել Հնդկաստանին՝ Չինաստանն սկսեց տեղանունների չինականացումը Արունաչալ-Պրադեշ նահանգում: Այն անվանելով «Հարավային Տիբեթ»՝ չինական կառավարությունը պնդում է, որ դա (Թայվանից երկու անգամ մեծ) «չինական տարածք» է, եւ որ հնդկական հողերի չինականացումը Չինաստանի «ինքնիշխան իրավունքն է»:
Այս ամենը Հնդկաստանին ստիպում է շահագրգռված լինել Թայվանի ինքնավար կարգավիճակի պահպանման հարցում։ Եթե Թայվանն ընկնի Չինաստանի ճնշմամբ, ապա Պեկինը կարող է «վերամիավորման» հաջորդ թիրախ դարձնել Արունաչալ- Պրադեշը, որը տարածքով մոտավորապես Ավստրիայի չափ է: 1951 թ. Չինաստանի կողմից Տիբեթի բռնակցումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհաքաղաքական ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր համաշխարհային պատմության մեջ, քանի որ Չինաստանն ընդհանուր սահման ձեռք բերեց Հնդկաստանի, Նեպալի, Բութանի եւ հյուսիսարեւմտյան Մյանմայի հետ: Չինաստանի կողմից Թայվանի նվաճումը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական համանման վերադասավորման՝ չինական ռազմածովային ուժերին հնարավորություն տալով դուրս գալ «կղզիների առաջին շղթայից» եւ հանգիստ ելք ստանալ դեպի Խաղաղ օվկիանոս:
Չինական հայտարարությունները, որ Թայվանը Չինաստանի մասն է «միշտ եղել», պատմականորեն վիճելի են: Թայվանը միայն 19-րդ դարի վերջին է չինական պրովինցիա դարձել, սակայն բառացիորեն արդեն ութ տարի անց Չինաստանը կորցրեց վերահսկողությունը նրա նկատմամբ, որովհետեւ Ցին դինաստիան այն վերջնականապես զիջեց Ճապոնիային 1895 թ. ճապոնա-չինական պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո: Առարկություններ ներկայացնելով Թայվանին՝ Սի Ծինփինը փորձում է ավարտին հասցնել Մաո Ցզեդունի «Մեծ Չինաստանի» էքսպանսիոնիստական հայեցակարգը: Տիբեթը ներկայացնում է Հիմալայներում չինական էքսպանսիոնիզմի բանալին, չնայած այն փաստին, որ այն Չինաստանի միայն մի մասն էր այն ժամանակաշրջանում, երբ նույն Չինաստանն օկուպացված էր օտարների, հատկապես՝ մոնղոլների եւ մանջուրների կողմից:
Որովհետեւ Չինաստանը չի կարող այդ տարածաշրջանի որեւէ կապ ներկայացնել չինացիների հետ, նրա տարածքային հավակնությունները Հիմալայներում հենվում են տիբեթական կասկածելի կրոնական ու հովանավորչական կապերի վրա: Չեն խնայել նաեւ փոքրիկ Բութանին, որի սահմանամերձ կտորներն աստիճանաբար պոկում է Պեկինը: Այդ ֆոնին Հնդկաստանի պատրաստակամությունը՝ դիմակայելու Չինաստանին, խանգարում է Սի Ծինփինի էքսպանսիոնիստական ծրագրի իրականացմանը:
Ինչպես անցյալ տարի նշել է ծովակալ Մայքլ Հիլդեյը՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ծովային գործողությունների ղեկավարը, Հնդկաստանը Չինաստանի համար «երկու ճակատի» խնդիր է ստեղծում: «Հնդկացիները Չինաստանին ստիպում են ոչ միայն նայել դեպի արեւելք՝ Հարավչինական ծով ու Թայվանի նեղուց, այժմ ստիպված պետք է շրջվեն նաեւ դեպի Հնդկաստան»,- ասել է ծովակալը: Բացի այդ, հնդկա-չինական մրցակցությունը սրվել է այն պահին, երբ Չինաստանի տնտեսությունը բախվել է իր երկարաժամկետ սահմանափակումներին, որոնց թվում է բնակչության նվազումը, արագ ծերացումը եւ արտադրողականության աճի դանդաղումը:
Հնդկաստանը, որի բնակչությունն ամենաերիտասարդներից մեկն է աշխարհում (միջինը՝ 28.4 տարեկան), այժմ ժողովրդագրական եկամուտներ է քաղում: Չնայած հնդկական ՀՆԱ-ն առայժմ զիջում է չինականին, խոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում նրա տնտեսությունն աշխարհում աճում է ամենաարագ տեմպերով: Հաշվի առնելով, որ հնդկական բանակն աշխարհում հիբրիդային լեռնային պատերազմի ամենամեծ փորձն ունի, երկիրն առավելություններ ունի Հիմալայների բարձրլեռնային միջավայրում: Բացի այդ, ի տարբերություն Հնդկաստանի կամավորական բանակի, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը հիմնականում հենվում է ժամկետային զինծառայողների վրա, ովքեր 18 տարեկանում, իբր, «կամավոր» են երկու տարվա ծառայության մեկնում:
Սա օգնում է բացատրել, թե ինչու է Չինաստանը նախընտրում գաղտնի ներխուժումները, քան բացահայտ ռազմական գործողությունները: Հիմալայներում ներկայիս ռազմական փակուղին եւս մեկ հիշեցում է, որ Սին որոշել է սահմանային պայքար սկսել Հնդկաստանի հետ, որում չի կարող հաղթել: Քանի որ ամերիկա-չինական մրցակցությունը խորանում է, վերջինը, որ պետք է Չինաստանին, իր ամենամեծ հարեւանին հավերժական թշնամու վերածելն է: Վերջնարդյունքում Հնդկաստանի եւ Ամերիկայի մերձեցումը կարող է լինել Սիի հիմնական, երկարաժամկետ ժառանգությունը՝ իր բոլոր հետեւանքներով: