Փիլիսոփայությունը մեկը չէ գիտություններից: («Փիլիսոփայություն» բառը պետք է նշանակի մի բան, որը կանգնած է ոչ թե գիտությունների կողքին, այլ դրանցից վար կամ վեր):
Փիլիսոփայության նպատակը մտքերի տրամաբանական պարզումն է: Փիլիսոփայությունը ուսմունք չէ, այլ գործունեություն: Փիլիսոփայական աշխատանքը, ըստ էության, բաղկացած է բացատրություններից: Փիլիսոփայության արդյունքը ոչ թե «փիլիսոփայական առաջարկությունն» է, այլ առաջարկության առավելագույն հստակությունը: Փիլիսոփայությունը կոչված է պարզ ու հստակ դարձնելու այն մտքերը, որոնք սովորաբար լինում են մշուշապատ եւ հեղհեղուկ:
Հոգեբանությունն ավելի հարազատ չէ փիլիսոփայությանը, քան որեւէ այլ գիտություն: Ճանաչողության տեսությունը հոգեբանության փիլիսոփայությունն է: Մի՞թե նշանային լեզվի իմ ուսումնասիրությունը չի համապատասխանում մտածողական գործընթացի այն ուսումնասիրությությանը, որը փիլիսոփաները համարում էին այդքան էական տրամաբանության փիլիսոփայության համար: Միայն նրանք մեծավ մասամբ խճճվում են ոչ էական հոգեբանական հետազոտությունների մեջ, եւ իմ մեթոդի համար էլ գոյություն ունի նման բնույթի վտանգ:
Փիլիսոփայությունը կոչված է ճշտորոշելու մտածելիի եւ դրանով իսկ անմտածելիի սահմանները: Անմտածելին նա պարտավոր է ներփակել մտածելիի միջոցով: Փիլիսոփայությունը նշում է այն, ինչը չի կարող ասվել, որպեսզի դրա միջոցով պարզորեն ներկայացնի այն, ինչը հնարավոր է ասել: Այն ամենը, ինչն առհասարակ մտածելի է, հնարավոր է հստակորեն մտածել: Այն ամենը, ինչը ենթակա է արտահայտման, հնարավոր է հստակորեն արտահայտել….
Մեզ հարկավոր է հրաժարվել ամեն տեսակի բացատրությունից եւ փոխարինել դա միայն նկարագրությամբ: Ընդ որում` այդ նկարագրությունը ստանում է իր նպատակային նշանակությունը՝ փիլիսոփայական հիմնախնդիրների պար-զաբանման ունակություն: Այդպիսիք, իհարկե, փորձարարական հիմնախնդիրներ չեն, եւ դրանց լուծումն իրականացվում է մեր լեզվի գործառության այնպիսի դիտարկման շրջանակներում, որը հնարավորություն է ընձեռում համարժեք հասկա-նալու այդ գործառությունը՝ ի հեճուկս դրանք թյուր մեկնաբանելու մեր հակվածությանը: Հիմնախնդիրները լուծվում են ոչ թե նոր փորձ ձեռք բերելու ճանապարհով, այլ վաղուց արդեն հայտնի փորձի կարգաբերմամբ: Փիլիսոփայությունը պայքար է ընդդեմ մեր լեզվի միջոցներով մեր ինտելեկտի հմայ-վածության….
Մեր լեզվի ձեւերի թյուր մեկնաբանությամբ առաջացող հիմնախնդիրները խոր բնույթ ունեն. դրանք նույնքան խորն են արմատավորված մեր մեջ, որքան մեր լեզվի ձեւերը, եւ դրանց նշանակությունը նույնքան մեծ է, որքան մեծ է մեզ համար լեզվի կարեւորությունը: Հարց տանք մեզ, թե ինչու է քերականական կատակն ընկալվում որպես խորքային: (Իսկ դա հենց փիլիսոփայական խորությունն է)….
Հնարավոր է մտածել, թե քանի որ փիլիսոփայությունը մեկնաբանում է «փիլիսոփայություն» բառի գործածությունը, ապա պետք է որ լինի յուրատեսակ՝ երկրորդ կարգի փիլիսոփայություն: Բայց բնավ այդպես չէ. նման վիճակն ավելի է համապատասխանում ուղղագրությանը, որը պարտավոր է զբաղվել նաեւ «ուղղագրություն» բառի ճիշտ գրությամբ՝ չվերածվելով ինչ-որ երկրորդ կարգի երեւույթի….
Փիլիսոփայության հանրագումարը բացահայտումն է այս կամ այն անհեթեթությունների եւ այն կոշտուկների, որոնք ստանում է դատողականությունը՝ լեզվի սահմաններին բախվելիս: Հատկապես այս կոշտուկներն էլ հիմք են տալիս մեզ գնահատելու փիլիսոփայական հայտնագործությունների նշանակալիությունը:
Փիլիսոփայական հիմնախնդիրն ունի «Ես փակուղու մեջ եմ» ձեւը: Փիլիսոփայությունը ոչ մի կերպ չի համարձակվում լեզվի իրական գործադրության. վերջին հաշվով, փիլիսոփայությունը միայն կարող է նկարագրել լեզուն: Չէ՞ որ փիլիսոփայությունը ինչ-որ մի հիմնավորում լեզվին չի կարող տալ: Փիլիսոփայությունը ամեն ինչ թողնում է այնպես, ինչպես կա: Եվ մաթեմատիկային էլ փիլիսոփայությունը թողնում է, ինչպիսին որ այն կա. չի կարողանում առաջ մղել մաթեմատիկական ոչ մի բացահայտում: «Մաթեմատիկական տրամաբանության առաջատար հիմնախնդիրը», ինչպես որ մյուսները, մեզ համար մնում է մաթեմատիկական հիմնախնդիր:
Իրերի՝ մեզ համար առավել կարեւոր կողմերը մնում են քողարկված՝ իրենց պարզության եւ առօրեականության պատճառով: (Դրանք չենք նկատում, որովհետեւ մշտապես աչքի առաջ են:) Դրանց ուսումնասիրության իրական հիմքերը բնավ չեն գրավում մարդու ուշադրությունը. մինչեւ որ դրանք նրա աչքին չեն զարնում: Այլ կերպ ասված՝ այն, ինչն առժամանակ չենք նկատում, մեկ անգամ նկատված լինելով, պարզվում է ամենից գրավիչը եւ ուժեղը….
Մեր պնդումների անկանոնությունից եւ անբովանդակությունից հնարավոր է խուսափել միայն պատկերացնելով ասելիքը որպես մոդել, յուրատեսակ չափանիշ, այլ ոչ թե որպես հայտնապես ճիշտ մի գաղափար, որին պարտավոր է համապատասխանել իրականությունը: (Դոգմատիզմ, որին դյուրին տուրք ենք տալիս փիլիսոփայությամբ զբաղվելիս:)….
Մենք չենք պատրաստվում մի ինչ-որ չտեսնված միջոցով մաքրել կամ լրացնել մեր բառերի գործածության կանոնների համակարգը: Քանզի այն հստակությունը, որին մենք ձգտում ենք, իսկն ասած, սպառիչ հստակությունն է: Իսկ դա պարզապես նշանակում է, թե փիլիսոփայական հիմնախնդիրները պետք է բոլորովին վերանան:
Իսկական հայտնագործությունն այն է, որ երբ ցանկանաս, կարող ես ձեռք բերել ընդունակություն՝ դադարել փիլիսոփայելուց:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ