Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից առաջ ռուսական տեղեկատվա-վերլուծական եւ քարոզչական ռեսուրսներն օգտագործում էին իրենց բոլոր հնարավորությունները՝ աշխատելով այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Եվ միշտ չէ, որ նախապատվությունը տրվել է իրականությանը համապատասխանող տեղեկությունների հրապարակմանը: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Արեւմուտքի դրածո Քըլըչդարօղլուի» ընտրվելու դեպքում Թուրքիան կվերածվի «երկրորդ Ուկրաինայի», որ նրա նախագահությունը լուրջ վնաս կհասցնի ռուս-թուրքական հարաբերություններին, քանի որ Քըլըչդարօղլուն մայիսի սկզբին ամերիկյան «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտպանել թուրքական ներդրումները Ռուսաստանում եւ պահպանել հակառուսական պատժամիջոցները: «Թուրքիան արեւմտյան դաշինքի ու ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Պուտինը դա լավ գիտի… Թուրքիան պարտավոր է կատարել ՆԱՏՕ-ի ընդունած որոշումները»,- ասել է Քոլըչդարօղլուն՝ ավելացնելով, որ որպես ՆԱՏՕ-ի «առանցքային երկիր»՝ Անկարան պետք է ուժեղացնի իր դերը եւ գործընթաց սկսի Եվրամիության անդամ դառնալու ուղղությամբ:
Ռուսական քարոզչական մեքենայի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ ընդդիմության թեկնածուն ցանկանում է հաշտվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ վերադարձնել սիրիացի փախստականներին, բայց դա դեռ չի նշանակում, որ նախագահի կարգավիճակում նա ավելի հարմար կլինի Ռուսաստանին, քան Էրդողանը: «Ընդհակառակը, ստացվում է, որ Քըլըչդարօղլուն ուզում է հաշտվել Սիրիայի հետ, որպեսզի Թուրքիան 100 տոկոսով միանա Արեւմուտքին Ռուսաստանի հետ դիմակայությունում… Սա վկայում է այն մասին, որ Քըլըչդարօղլուին կարելի է անվանել ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության դրածո»,- գրել է «EADaily»-ն՝ շեշտելով, որ «ձգտելով հարաբերությունները կարգավորել Սիրիայի հետ՝ Քըլըչդարօղլուն փորձում է Թուրքիան ներքաշել Ռուսաստանի հետ դիմակայության մեջ՝ Արեւմուտքի կողմից»:
Հիմք ընդունելով տարբեր մակարդակներում Մոսկվայի չափազանց մեծ ակտիվությունը՝ կապված Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ, Քըլըչդարօղլուն արդեն մեղադրել է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեջ՝ թվիթերյան իր էջում թուրքերենով ու ռուսերենով գրելով. «Սիրելի ռուս ընկերներ, դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, «Deep Fake»-ի բովանդակության ու ձայնագրությունների հետեւում, որոնք բացահայտվեցին այս երկրում: Եթե դուք ուզում եք, որ մայիսի 15-ից հետո մեր բարեկամությունը շարունակվի, ձեռքերդ հեռու պահեք թուրքական պետությունից: Մենք առաջվա պես հանդես ենք գալիս համագործակցության ու բարեկամության օգտին»:
Այս հայտարարությունից հետո ռուսական ԶԼՄ-ներն ու փորձագետները չեն դադարեցնում իրենց ակտիվ գործունեությունը էրդողանական ճակատում: Ավելին՝ երկրորդ փուլից առաջ դրանք նոր թափ են ստանում՝ ապացուցելով, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել Թուրքիայի գործող նախագահի վերընտրվելու համար: Հետաքրքիր է, թե այսքանից հետ ինչ տեղի կունենա ռուս-թուրքական հարաբերություններում, եթե Քըլըչդարօղլուն նախագահ ընտրվի: Ճիշտ է՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիայի խորհրդարանում արդեն հաղթող կա, եւ դա Էրդողանի գլխավորած քաղաքական ուժն է։
Ռուսական լրատվամիջոցները նաեւ այն գաղափարն են տարածում, որ Քըլըչդարօղլուն վտանգ է ներկայացնում Իրանի ու Ադրբեջանի համար՝ մոռանալով, որ նրա օրոք թուրքական զորքերը կարող են դուրս բերվել Սիրիայի ինքնիշխան տարածքից, իսկ դա միայն կարող է նպաստել Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ռուս փորձագետները նշում են, որ Քըլըչդարօղլուն ուզում է ուժեղացնել Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Իրանի հետ հարաբերությունների վատթարացման: Նրանք, սակայն, «մոռանում» են, որ ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հաղթանակը չի կարող Անկարայի կողմնորոշման փոփոխության հետեւանք լինել: Թուրքիան միշտ եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը, եւ խոսակցություններն այն մասին, որ Էրդողանը երկիրը կհանի ՆԱՏՕ-ից, առնվազն անլուրջ է: Այս իրավիճակում Էրդողանի նկատմամբ հավատը «խեղդվողի կողմից փրփուրից կախվելու» փորձ է:
Չնայած ռուսական ԶԼՄ-ների հայտարարություններին, որ գերազանցելով Քըլըչդարօղլուին՝ գործող նախագահը լուրջ առավելություն է ստացել եւ կհաղթի մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում, այս ընտրություններում առաջին անգամ Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում, ինչը նշանակում է, որ թուրք ընտրողները մտածում են փոփոխությունների մասին։ Դատելով քարտեզից՝ Էրդողանի օգտին ձայների մեծամասնությունը ստացվել է արտասահմանից եւ երկրի փոքրասիական մասից։ Մեծ քաղաքները քվեարկել են Քըլըչդարօղլուի քեմալական կուսակցության օգտին։ Ի դեպ, այս հանգամանքը թուրքական հանրության մեջ լուրջ հարցեր է առաջացրել. ոմանք կարծում են, որ խոշոր քաղաքներում կեղծարարությունների ու լցոնումների դիմելն այնքան էլ հեշտ չէ:
Երիտասարդությունը հեռանում է Թուրքիայից եւ չի ցանկանում իր հնարավորություններն ու գիտելիքներն իրացնել այդ երկրում: Նրանք տեսնում են, որ Էրդողանի կառավարումը կայունություն չի տալիս, ինչն անհրաժեշտություն է եվրոպամետ ու արեւմտամետ կողմնորոշման համար: Թուրքիային դեռ շատ ընտրություններ ու անկայուն կառավարություններ են սպասվում: Երկրաշարժներից կորուստները հսկայական են՝ գրեթե ՀՆԱ-ի 5 տոկոսը, ինչը թուրքական տնտեսությունը դեռ պետք է փոխհատուցի:
Ընտրություններում Էրդողանի հաղթանակը չի կարելի մեկնաբանել որպես ասիամետ կամ պարզապես հակաարեւմտյան կողմնորոշման հետեւանք: Ճշմարտությունն այն է, որ Թուրքիան միշտ եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը եւ ՆԱՏՕ-ի անդամը: Անկարան խոսքով ռուսամետ քաղաքականության իմիտացիա է ստեղծել, իսկ գործով ապացուցել է, որ ՆԱՏՕ-ի անդամ է: Նույն այդ հարթության մեջ պետք է դիտել նաեւ այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Թուրքիան դեմ է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը, որը բխում է Մոսկվայի շահերից, մինչդեռ Ֆինլանդիան, ի վերջո, մտել է ՆԱՏՕ-ի կազմի մեջ, իսկ Շվեդիան այդ իրավունքը կստանա մոտ ժամանակներս: Թուրքիան կախված է ամերիկյան տնտեսությունից ու շատ լավ գիտի, թե ինչ կարժենա իր համար Արեւմուտքից հեռանալը եւ ՌԴ-ի հետ մերձեցումը: Թուրքիայի ոչ մի ղեկավար նման բան չի անի. Անկարայի արեւմտամետ կողմնորոշումը կասկածի ենթակա չէ: Այլ հարց է, որ Մոսկվան նախապատվությունը տալիս է Էրդողանին, քանի որ ավտորիտար վարչակարգերն իրար հեշտ են հասկանում:
Քըլըչդարօղլուն, խոսելով «Մետաքսի ճանապարհի» մասին, ասել է. «Ոչ Արեւմուտք, ոչ Արեւելք. դա թյուրքական ճանապարհ է»: Նա առաջարկել է Թուրքիան միացնել Չինաստանին Իրանի միջոցով՝ շրջանցելով Ադրբեջանը: Այդ նախագիծը քննադատության է ենթարկվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Բայց ահա թե ինչ է հայտարարել թուրք ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Փորթակալը. «Մենք ռիսկային օրեր ենք ապրում: Մենք դժվար օրեր ենք ապրում: Թուրքիան բարդ աշխարհագրական դիրքում է: Եվ այս ոչ հասարակ դրության մեջ ամենագլխավորն այն է, որ մենք ընկերներ չունենք: Ոչ Ռուսաստանից, ոչ Ամերիկայից, ոչ Սիրիայից, ոչ Իրանից կամ Ադրբեջանից,… Այնպես որ, մի նայեք Ալիեւին կամ նման ուրիշ մեկին: Նա մի մարդ է, ով կանգնած է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող երկրի ղեկին: Մեզ նա անկեղծ է թվում միայն այն պատճառով, որ մենք լավ հարաբերություններ ունենք Պուտինի հետ: Բոլորը գիտեն, որ նա Պուտինի մարդկանցից մեկն է, ուստի հետաքրքրություններ ունի՝ կապված մեր երկրի հետ, հետաքրքրություններ՝ կապված մեր քաղաքացիների, հարաբերությունների հետ: Անհրաժեշտ է գործել եւ դրան նայել այս տեսանկյունից»: