«Ո՜վ նեմեսիսներ, պիտի շարունակենք ձեր կիսատ թողած գործը, բայց այս անգամ ոչ թէ վրիժառու փամփուշտները պիտի սատակեն թուրք ջարդարարները, այլ ազատագրութեան զէնքերն են, որ պիտի փշրեն թուրք ֆաշիզմն ու իմպերիալիզմը».- գիտակցված անշեղ պայքարի կոչերից այս մեկն էլ եղել է հավատի այն սյուներից մեկը, որ անձնազոհ պայքարի է մղել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) մահապարտ մարտիկներին, ովքեր եղան «Հայ ժողովրդի շահերու իսկական պաշտպանները, չխնայեցին իրենց երիտասարդական արիւնը»:
ԱՍԱԼԱ-ի, նրա մարտիկների գործունեությունն է մոռացման ծանր քողից ազատում եւ մեզ ներկայացնում «Հայաստանի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսած «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ.վավերագրություն 2» արժեքավոր գիրքը: Այն ունի նաեւ «Հակոբ Հակոբյանի հուշագրությունը եւ ՀԱՀԳԲ-ի հրապարակային ուղերձները» ենթավերնագիրը: Գիրքը կազմել եւ տպագրության է պատրաստել Լիբանանում հրատարակվող «Սփյուռք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սագօ Օգնանյեանը:
425 էջանոց այս նոր գիրքը տքնաջան աշխատանքի արդյունք է: Այն վավերագրություն է՝ բաղկացած նախաբանից, այնուհետեւ ԱՍԱԼԱ-ի ստեղծողներից մեկի՝ կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի (իսկական անունը՝ Յարություն Թագուշեան) հուշագրությունն է, որին հաջորդում են ԱՍԱԼԱ-ի ուղերձները. վավերագրությունն ավարտվում է անվանացանկով: Հիշեցնենք, որ Սաքօ Օգնանյեանի աշխատասիրությամբ 2015 թ. լույս է տեսել Գաղտնի բանակի մասին առաջին վավերագրությունը, ուր երեք բաժիններով ներկայացվում են զինյալ գործողությունները, գրահրատարակությունները եւ պայքարի ընթացքում նահատակվածները: Նոր գիրքը գալիս է լրացնելու Բանակի գործունեությունն ու պատմությունը լուսաբանող աշխատությունների ու հրապարակումների ցանկը, ամբողջական պատկերացում է տալիս ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալների, նահատակների, զինյալ գործունեության արդյունքների եւ կազմակերպության ներքին կյանքին ու կազմակերպչական հարցերին վերաբերող բազում խնդիրների մասին: Այն իրոք հայի մարտնչող, անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունն է, այն սերնդի, որի մեծ զոհողությունների շնորհիվ անտեսված ու մոռացված Հայկական հարցը անցյալ դարի 70-ական թվականներից սկսած կրկին բարձրացավ քաղաքական բեմահարթակ:
Ահա, այս կարեւոր վավերագրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ, «Ինտերկապ» ՀԿ-ի եւ Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Լոռիում՝ Վանաձորի կենտրոնական գրադարանի դահլիճում: Գնահատանքի եւ արժեւորման խոսքերով հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, պատմաբան Կարո Վարդանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձոի պետական համալսարանի դասախոս Յուրա Ղուլյանը, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ Լիպարիտ Դալլաքյանը: Նրանց խոսքում կարմիր թելի պես անցավ այն միտքը, որ գիրքն իր նշանակությամբ ոչ միայն ճանաչողական է ու նախատեսված ընթերցող լայն շրջանակների համար, այլեւ հայկական նորագույն պայքարի պատմության ուսումնասիրության համար կարեւոր, արժեքավոր ու ճշգրիտ սկզբնաղբյուր է: Այսօր, մեր ժողովրդի համար բարդագույն ու դժվարին օրերում առավել քան երբեւէ մեր ազգի ըմբոստ, այդ թվում ԱՍԱԼԱ-ի մարտիկների օրինակով ժողովրդի ոգին բարձրացնելը դարձել է անհրաժեշտ՝ մեզանում պարտվողական կամ հաշտվողական մտայնությունը բացառելու, ոտքի կանգնելու ու մեր երկրին տեր կանգնելու օրվա հրամայականով: Երիտասարդ սերնդին հայկական նորագույն զինյալ պայքարի առաջամարտիկների, այդ թվում Բանակի գործունեությանը ծանոթացնելը յուրաքանչյուրիս պարտքն է: Բանակին նվիրված այս հերթական վավերագրությունը գալիս է լրացնելու ոչ միայն բացը, այլեւ մեծապես օգնելու նահատակների սխրալից կյանքի հանրահռչակմանը, անհնարին դարձնելու մոռացումը, կեղծումը:
Ներկաները, որոնց մեջ քիչ չէին բուհերի ուսանողները, հնարավորություն ունեցան հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ անձամբ հեղինակից: Իսկ հեղինակը հետաքրքիր դրվագներով խոսեց զինյալ պայքարի մարտիկների սխրագործությունների, Լիբանանի բազմաշերտ հայկական գաղթօջախի դրության, ինքնապաշտպանության կազմակերպման, արաբա-իսրայելական հակամարտության, Մերձավորարեւելյան տարածաշրջանում ընթացող գործընթացների ու զարգացումների եւ այլ հարցերի մասին: Նա սիրով գրադարանին եւ ներկաներից շատերին նվիրեց իր աշխատասիրությամբ նոր լույս ընծայված գրքից: Գրադարանը եւ ներկաները մի նոր լույս ընծայված գիրք էլ նվեր ստացան Կարո Վարդանյանից: Գիրքը՝ «Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը» վերնագրով, ներկայացնում է ԱՍԱԼԱ-ի հոգեւոր հայր Գուրգեն Յանիկյանի դատավարության ընթացքը, որ, ինչպես գիտենք, ուղեկցվել է զարմանալի իրադարձություններով: Հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի մորեղբայրն է՝ Արամ Սարոյանը, ով դատավարության պաշտոնական թարգմանիչն էր եւ պարտականությունների բերումով մասնակցել է բոլոր նիստերին: Ա. Սարոյանը եղել է հայտնի իրավաբան-փաստաբան, երկարամյա փորձառությունը հեղինակին օգնել է տեսածը շարադրելիս կատարել նաեւ մասնագիտական մի շարք շահեկան նկատառումներ եւ վերլուծություններ: Հրատարակված է Գուրգեն Յանիկյանի գործողության (1973 թ.) 50-ամյակի առիթով, թարգմանիչն է Վահրամ Փափազյանը, կազմողն ու խմբագիրը՝ Կարո Վարդանյանը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ