Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մայիսի 19-ին տեղի է ունեցել Արաբական լիգայի (ԱԼ) 32-րդ գագաթնաժողովը, որին շուրջ 13-ամյա բացակայությունից հետո կրկին մասնակցում էր նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Սիրիան վերջին անգամ արաբական «մեծ ընտանիքի» հավաքին մասնակցել էր 2010 թ.։ 2011 թ. հոկտեմբերի 13-ին, երբ ներքին բախումներն այդ երկրում բուռն ընթացք էին ստացել, դաիշականներն ու ահաբեկչական այլ կազմակերպություններ Դամասկոսի դարպասներին էին մոտեցել, ԱԼ-ն առկախեց այդ երկրի անդամակցությունը։ Սա այն դեպքում, երբ օրերս ԱԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյդը հայտնել է, թե Սիրիայի անդամակցության առկախումը շտապողական քայլ էր, պետք է հնարավորություն տրվեր այդ երկրի իշխանություններին՝ հավելելով, որ եթե այդ ժամանակ ինքն ԱԼ-ում լիներ, ապա այդ որոշմանը երբեք կողմ չէր լինի։
Այսուհանդերձ, մայիսի 7-ին ԱԼ-ի ԱԳ նախարարների արտահերթ նիստում որոշում է ընդունվել վերացնել Սիրիայի անդամակցության առկախումը, թեեւ դեռեւս որոշ երկրներ դեմ են դրան, առաջին հերթին՝ Կատարը, որը Թուրքիայի նման ցանկանում էր Սիրիայի իշխանության ղեկին տեսնել «Մուսուլման եղբայրներին»։ Դոհան Սիրիայի հետ փոխհարաբերությունների վերահաստատումը պայմանավորում է այդ երկրում իշխանափոխությամբ, ինչը, թերեւս, քիչ է հավանական։ Սիրիայի վերադարձին դեմ են նաեւ Մարոկկոն ու Քուվեյթը, որոնք դեռեւս չեն ցանկանում փոխհարաբերությունները Դամասկոսի հետ վերականգնել։ Սակայն փաստ է, որ Դամասկոսը, որն ԱԼ-ի ձեւավորման գլխավոր դերակատարներից է, վերադարձել եւ խոշոր հաշվով դուրս է եկել մեկուսացումից։ Ավելին՝ Ասադին Ջիդդայում ընդունել են ջերմ ու գրկաբաց։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մոհամեդ բին Սալմանը գագաթնաժողովի բացման խոսքում Սիրիայի նախագահի ներկայության առնչությամբ գոհունակություն է հայտնել։ Նման տեսակետներ են հայտնել նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ Ալժիրի ղեկավարը։ Իսկ Ասադն իր ելույթում, կարեւորելով արաբական մեծ ընտանիքում համերաշխությունը, հույս է հայտնել, որ ԱԼ-ի 32-րդ գագաթնաժողովն արաբների համերաշխության նոր փուլ է սկսելու եւ պատերազմի ու ավերածությունների փոխարեն խաղաղություն է ընծայելու։ Միաժամանակ՝ շեշտել, թե արաբները չպետք է թույլ տան, որ այլ երկրներ մեջամտեն իրենց ներքին գործերին։ Նա նաեւ արաբական երկրներին նախազգուշացրել է Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության եւ դրա վերադարձի վտանգի առնչությամբ։ Ասադը Սիրիայի վերակառուցման կապակցությամբ խիստ կարեւորել է տարածաշրջանի ու արաբական երկրների աջակցությունը՝ շեշտելով, թե պատրաստ է փոխզիջումների գնալ անգամ այն երկրների հետ, որոնք ինչ-որ ձեւով աջակցել են ընդդիմությանը։
Նույն օրը Բին Սալմանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ով Ջիդդա էր ժամանել իր հրավերով։ Հանդիպման ընթացքում նա շեշտել է Ռուսաստան-Ուկրաինա բախումներին վերջ դնելու եւ խնդրին քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը։ Զելենսկին, որ արաբական աշխարհի աջակցության ակնկալիքով էր Ջիդդա մեկնել, խիստ կարեւորել է Էր Ռիյադի առանցքային դերը տարածաշրջանում ու աշխարհում, ընդգծել, որ Կիեւը պատրաստակամ է համագործակցությունների մակարդակի բարձրացմանը։ Անշուշտ, Սաուդյան Արաբիա հանկարծակի այցը չէր կարող պատահական լինել, այն գնահատվում է որպես թագաժառանգի դիվանագիտական քայլ, ինչը տարբեր կերպ է մեկնաբանվում։ Զելենսկին նաեւ ելույթ է ունեցել ԱԼ-ի գագաթնաժողովում, քննադատել Իրանին Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու հարցում՝ հավելելով, որ դրանք թիրախավորում են իր երկրի ենթակառուցվածքները, բնականաբար, նաեւ Ռուսաստանին, նշելով, որ Ղրիմի «զավթման» պատճառով մահմեդականները ճնշվել ու տանջվել են՝ պահանջելով աջակցել նրանց։ Նրա ելույթի ժամանակ Ասադը մի կողմ է դրել ականջակալը՝ չցանկանալով լսել Զելենսկուն։
Գագաթնաժողովի, որը շուրջ մեկ տասնամյակ ընդմիջմամբ տեղի է ունեցել արաբական բոլոր 22 երկրների մասնակցությամբ, ավարտին հրապարակվել է հռչակագիր, որի նախնական տարբերակը կազմված է եղել 32 կետից, ընդ որում՝ երկուսը վերաբերել են Իրանի հետ փոխհարաբերություններին։ Նախ՝ գագաթնաժողովը ողջունել էր Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների բնականոնացումն ու դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատումը։ Սակայն վերջնական տարբերակում հանվել են Իրանին վերաբերող կետերը, ինչը պետք է պատճառաբանել տարածաշրջանի երկու գերտերությունների փոխհարաբերությունների վերահաստատմամբ։ Ըստ երեւույթին, չեն ցանկացել տարաձայնությունների ու դժգոհությունների առիթ ստեղծել։ Այսուհանդերձ, Թեհրանն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ ոտնձգություն չի հանդուրժելու։
Անդրադառնալով հռչակագրի գլխավոր կետերին՝ նշենք, որ Պաղեստինի հիմնահարցը համարվել է առանցքային եւ տարածաշրջանի կայունության գլխավոր գործոն։ Միաժամանակ խստիվ դատապարտվել են պաղեստինցիների կյանքի, ունեցվածքի եւ հարատեւման հանդեպ կիրառված ոտնձգությունները։ Հռչակագրում կարեւորվել է խնդրի արդարացի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի մեծացումը՝ «երկու երկրի ստեղծման լուծումով», համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 242 բանաձեւի եւ 2002 թ. արաբական նախաձեռնության։ Ըստ վերջինի՝ պահանջվում է Պաղեստին պետության ձեւավորում Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, 1967 թ. սահմաններով։ Հավելենք, որ արաբական նախաձեռնությունն առաջարկել է Էր Ռիյադը, ինչի դիմաց արաբական երկրները բնականոնացնելու էին Իսրայելի հետ փոխհարաբերությունները։ Ահա թե ինչու այսօր էլ Սաուդյան Արաբիայի «Աբրահամի համաձայնությանը» միանալու նախապայմանը Պաղեստին անկախ պետություն ստեղծելն է։
ԱԼ-ի հրապարակած փաստաթղթում մեծ նշանակություն է տրվել նաեւ Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հովանավորմանն ու կայունությանը, ինչպեսեւ այդ երկրի ճգնաժամից դուրս բերելուն ուղղված ջանքերի եւ աջակցության մեծացմանը, որպեսզի վերջ դրվի այդ երկրի ժողովրդի տառապանքներին։ Սուդանի հարցում ԱԼ-ն դեմ է արտահայտվել արտաքին ցանկացած միջամտության, միաժամանակ լիարժեք համերաշխություն հայտնել այդ երկրի անկախության ու տարածքային ամբողջականության առնչությամբ։ Եմենի առնչությամբ ԱԼ-ի անդամները խիստ կարեւորել են երկրի միասնությունը, անհրաժեշտ համարել օրինական իշխանությունների հովանավորումը, սակայն Իրանի հովանավորությունը վայելող հուսիների մասին որեւէ բան չի նշվել։ Փաստաթղթում դատապարտվել են նաեւ Իրաքի վրա Թուրքիայի պարբերաբար հարձակումները եւ պահանջվել է անհապաղ այդ երկրից դուրս բերել զինված ուժերը։