«Առաջին անգամ հայրենիքը՝ աշխարհի այս փոքրիկ հողակտորը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրում է իմ ժողովուրդը, ինձ համար դարձավ շոշափելի իրականություն՝ ես հայրենի բնաշխարհում էի, ուզում էի ճանաչել, տեսնել, նկարել, ձուլվել նրան…»:
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ գեղանկարչության ամենաինքնատիպ վարպետներից է Հակոբ Հակոբյանը, սակավաթիվ այն արվեստագետներից, ովքեր, ի վերջո, թողնում են վաղուց հարազատ դարձած օտար ափերն ու գալիս հայրենի հողի շունչն զգալու, վերագտնելու իրենց ոգեշնչման աղբյուրը, հագուրդ տալու հայրենաբաղձի իրենց ծարավին:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում է ծնվել վրձնի վարպետը, ուսանել Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, մասնագիտական կրթությունն ստացել Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: Հայաստանում նրա մասին տեղեկացվել են մամուլի հրապարակումներից եւ այն տասը նկարներից, որոնք 1960-ին նկարիչը ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին: Մինչ այդ նա արդեն լայն ճանաչման էր արժանացել՝ մասնակցել էր Երիտասարդության եւ ուսանողների բուխարեստյան համաշխարհային 4-րդ փառատոնին, ժամանակակից եգիպտական արվեստի՝ մոսկովյան, լենինգրադյան ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին, շահել մրցանակներ, գնահատվել որպես չափազանց ինքնատիպ ոճի նկարիչ: Սակայն նրա արվեստի արեւը ճառագելու էր իր բաղձալի հայրենիքում. 1962-ին Հակոբ Հակոբյանը ոտք է դնում բիբլիական հողի վրա: Սկզբում բնակվում է Լենինականում: Այս ինքնատիպ քաղաքը միանգամից ոգեւորում է աշխարհ տեսած արվեստագետին իր անկրկնելի ու տպավորիչ միջավայրով. «Երբ հասանք Լենինական, աչքերս չորս արած նայում էի, թե որեւէ բան կա՞ այս քաղաքում նկարելու համար: Քարակերտ այդ տները որ տեսա, հասկացա՝ վրձնելու շատ բան ունեմ: Եվ առաջին օրն իսկ իջա փողոց, նստեցի մայթեզրին ու սկսեցի նկարել»: Եվ այդ օրվանից էլ սկսում են ծնվել Շիրակ աշխարհի բնությունը, մշակութային հուշարձանները պատկերող գեղեցիկ կտավները:
1967-ին Հակոբյանը հաստատվում է մայրաքաղաքում: Այդ տարիներին հաճախակի էին բացվում նրա ցուցահանդեսները ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհի տարբեր քաղաքներում՝ Վիեննա, Փարիզ, Նիկոսիա, Մոսկվա, Բեյրութ, Հելսինկի, Լոս Անջելես: 1986-ին սփյուռքահայ անվանի արվեստագետն արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Ասենք, որ նկարիչն ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որոնցում շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները՝ «Կինը խոհանոցում», «Վիշտ», «Դերձակը», «Սխտորներ»: Օտար ափերում ապրած տարիներին առավելապես վրձնել է թեմատիկ նկարներ, որոնցում յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդհանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը: Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները: Դրանք ակնառու են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում, «Ընտանիք» քանդակում: Այո, նաեւ քանդակ, որով զբաղվել է կյանքի մայրամուտին…
Ինչպես բնութագրում են գեղանկարչության գիտակները՝ Հակոբ Հակոբյանի նկարչությունն արժեւորվում է արվեստի ամենագնահատելի հատկանիշներից մեկով՝ պարզությամբ, գույների ժլատությամբ, քիչ արտահայտչամիջոցներով շատ բան ասելու վարպետությամբ: Այս նկատառումից ելնելով՝ նա եզակի նկարիչ է ոչ միայն Հայաստանում, այլեւ համաշխարհային կերպարվեստի համապատկերում: Ճշմարիտ է ասված՝ եթե երկիրն է ծնում իր արվեստագետին, ապա տաղանդավոր արվեստագետն էլ ստեղծում է երկրի այս կամ այն կերպարն ու հանրային ընկալումը: Հակոբյան նկարիչը հաճախ էր ասում, որ կուզեր Մարտիրոս Սարյան լինել, որ Սարյանն ամենամեծն է հայ կերպարվեստում, որ ինքը մի չստացված Սարյան է: Եվ ճշմարիտ էր՝ Սարյանն ստեղծեց ի՛ր Հայաստանը, եւ առանց վարպետի կտավների Հայաստանի ընկալումն այլ կլիներ, մի տեսակ կիսատ ու անձեւ: Այդուհանդերձ, վստահաբար կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյանն էլ հաջողել է ստեղծել ի՛ր Հայաստանը: Նրա Հայաստանը հեռու է սարյանականից՝ զուրկ է շքեղ ու շռայլ գույներից, սակայն պարզ, միապաղաղ ու սառը գույները, միեւնույն է, ջերմացնում են մեր հոգիները մտերմիկ հարազատությամբ ու տխրագին կարոտներ արթնացնում…
«Հակոբյանի արվեստի պարզությունը շատ է նման Կոմիտասի երաժշտությանը,- ասել է նկարչի մտերիմ բարեկամ Տիգրան Մանսուրյանը,- պարզություն, որն արտացոլվում է նաեւ կտավների անվանումներում՝ «Ամպը», «Սիրո պարտեզ», «Օրը», «Ընտանիք»: Ավելացնենք՝ այո, հենց այդ պարզության մեջ է հանճարեղությունը՝ ինչպես թումանյանական մուսայի պարագայում կամ այլ մեծերի:
Հավանաբար, քչերն են ծանոթ այն իրողությանը, որ վրձնի վարպետը կյանքի մայրամուտին զբաղվել է նաեւ քանդակագործությամբ: Նրա քանդակներն ստեղծված են աշխատանքային տարբեր գործիքներից՝ մեխերից, երկաթյա նիգերից, տափակաշուրթ աքցաններից, երկաթի կտորներից: Զարմանալի այդ մտահղացումների ցուցահանդեսը բացվել է նրա վախճանից հետո:
Կերպարվեստի անդաստանում մնայուն իր տեղը նվաճած նկարիչը սերունդների է ժառանգել նաեւ գիրք՝ «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» բանաստեղծական խորագրով: Բայց բանաստեղծություններ չեն գրքի էջերում, այլ մտահոգություններ հայրենիքի հանդեպ, սքանչելի հայերենով գրված կենսագրական նյութեր, արվեստագետների գնահատանքի խոսքեր:
«Նկարչությունը տարիք չունի. քարայրներում արված նկարները չեն հնանում, հիմա նույնպես արժեք ունեն: Նկարիչն իր նկարներում մշտապես մի պատմություն է պատմում»,- սիրել է կրկնել: Իսկ իր պատմությունը մեր մասին է, հայի, հայրենիքի ու աշխարհի մասին պատմություն, որ պատմվելու է գալիք սերունդներին…