2021 թ. հուլիսի 1-ին լրացավ աշխարհի ամենամեծ քաղաքական կուսակցության` Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) հիմնադրման 100-ամյակը: ՉԿԿ-ն հիմնադրվել է 1921 թ. հուլիսի 1-ին Չեն Դուքսիուի եւ Լի Դաժաոյի կողմից, բոլշեւիկների աջակցությամբ: Այդ ժամանակ գումարվել է համագումար, որի ընթացքում ընդունված բանաձեւերով հիմնադրվեց կոմունիստական կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ ընտրվեց Չեն Դուքսիուն, ում անվանում էին «Չինաստանի Լենին»:
Չորրորդ համագումարից հետո կուսակցության անդամների թիվը հսկայական աճ գրանցեց` 900-ից դառնալով 2428: Թայվանում ստեղծված «Կուոմինտանգ»-ի ազգայնական կառավարությունը ձգտում էր նվազեցնել ՉԿԿ-ի ազդեցությունը, սակայն որոշ ժամանակ անց երկու կուսակցությունները միասին կազմեցին դաշինք` պայքարելու Ճապոնիայի դեմ: Արդյունքում դաշինքը հաղթեց:
Կուսակցության 100-ամյակը նշելու առիթով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ. հուլիսի 1-ին Պեկինում կազմակերպվել է հատուկ տոնակատարություն, որի պատվավոր հյուրն է եղել կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, ով նշել է, որ հարյուրամյակի շեմին կուսակցությունն ունի 91 մլն անդամ եւ վայելում է Չինաստանի 1.4 մլրդ բնակչության լայն աջակցությունը` գտնվելով ծաղկման շրջանում: Կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ Ծինփինի զեկույցի մեջ նշվում էր, որ կուսակցությունն իր հարյուրամյակի ընթացքում նպատակ է դրել կառուցել բարեկեցիկ հասարակություն: Տարեդարձի նախօրեին նախագահն իր կուսակիցներին հորդորեց առաջ շարժվել դեպի նպատակի իրականացում` կառուցելով արդիականացված սոցիալիստական պետություն եւ կյանքի կոչելով չինական երազանքը:
Այս տարվա փետրվարին կուսակցության պատմությունն ուսումնասիրելու եւ բոլոր անդամներին հաղորդ դարձնելու որոշում ընդունելու խորհրդակցության ժամանակ Ծինփինը բոլորի համար կարեւորեց պատմության ուսումնասիրությունը: Նույն ամսում գիրք հրատարակվեց կուսակցության պատմության մասին, իսկ մարտին տեղի ունեցավ կուսակցության մասին փաստավավերագրական ֆիլմաշարի պրեմիերան: Մայիսի 31-ին շուրջ 100 զբոսաշրջային երթուղիներ կազմվեցին` նվիրված 100-ամյակին:
ՉԿԿ-ի հիմնադրման 100-ամյակի տոնական միջոցառումների առաջին համատեղ փորձը տեղի է ունեցել 2021 թ. հունիսի 13-ին, իսկ առաջին մամուլի ասուլիսը` հունիսի 27-ին: Կուսակցության մի շարք պատվավոր անդամներ հունիսի 29-ին պարգեւատրվեցին «Հուլիսի 1» շքանշանով: Այս առիթով Ծինփինը հայտարարել է, որ 100 տարվա ընթացքում ՉԿԿ-ն փառահեղ էջեր է գրել չինական ազգի եւ, առհասարակ, մարդկության զարգացման պատմության մեջ: Նրա խոսքերով` չինացի կոմունիստները սերնդեսերունդ քրտնաջան պայքարել են ազգային անկախության եւ ժողովրդի ազատագրման, ինչպես նաեւ երկրի բարգավաճման, հզորացման եւ մարդկանց երջանկության համար:
Չինաստանի արտգործնախարարն իր հերթին հատուկ ընդգծել է, որ կուսակցության 100-ամյակը հիանալի հնարավորություն է երկրի հետագա վերածնման ու զարգացման համար:
Հուլիսի 1-ին երկրի գլխավոր հրապարակում` Տյանանմենում, տեղի ունեցավ բազմահազարանոց հավաք, որի ընթացքում նախագահը հայտարարեց` առանց կոմունիստական կուսակցության ղեկավարության անհնարին կլինի նոր Չինաստանի կերտումը: Նա ընդգծել է, որ այս ղեկավարությունը չինական սոցիալիզմի ամենաակնառու օրինակն է: Նա նաեւ նշել է, որ կուսակցությունը կարողացել է բնակչությանը դուրս բերել ծայրահեղ աղքատ վիճակից եւ ձեւավորել համեմատաբար բարեկեցիկ հասարակություն:
ՉԿԿ-ի գլխավոր քարտուղարը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել եւ շարունակում է ստանալ կուսակցության 100-ամյակի առիթով:
Այսօր Երեւանում Չինաստան-Եվրասիա խորհուրդը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ միասին կազմակերպելու է Չինաստանի քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ՉԿԿ-ի կազմավորման 100-ամյակին նվիրված գիտաժողով: Ելույթներով հանդես են գալու հայ, չին, ռուս, արաբ, սերբ անվանի գիտնականներ, փորձագետներ եւ դիվանագետներ: Նման միջոցառումներն ավելի կամրապնդեն հայ-չինական հարաբերությունները, որի արգասիքներն, անշուշտ, երկուստեք փոխշահավետ կլինեն: