Չնայած մեկ անգամ չեն հերքվել տեղեկությունները, որ Ռուսաստանն ու Իրանը մրցակցում են Սիրիայում, միեւնույն է, դա թաքցնել հնարավոր չէ: Ռուս-իրանական դիմակայությունը Սիրիայում ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքականությունը, տնտեսությունը, սոցիալական ու ռազմական ուղղությունները: Այս մասին գրում է ԱՄԷ-ի «Al Arabiya»-ն՝ ուշադրությունը բեւեռելով հատկապես կրթական ոլորտի վրա: Հունվարի վերջին արշավ է սկսվել սիրիական կրթական համակարգում պարսկերենի ներդրման համար մոտավորապես այն բանից չորս տարի անց, երբ Դամասկոսը դպրոցական ծրագրերում ներդրեց ռուսաց լեզուն՝ որպես ֆակուլտատիվ առարկա:
Ռուսներն ու իրանցիները մրցակցում են տարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչեւ տնտեսություն ու ռազմական ազդեցություն: Այդուհանդերձ, նրանք միանման հայացքներ ունեն Սիրիայի ապագայի ու այդ պետության այժմյան ղեկավարի մասին:
Քաղաքական վերլուծաբան Մյուհդան Սագլամը հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը համագործակցում են Աստանայի բանակցություններում եւ ամուր հարաբերություններ ունեն սիրիական վարչակազմի հետ: Մոսկվան Դամասկոսի ու Թեհրանի հետ ամուր հարաբերություններ ունի դեռ Խորհրդային Միության ժամանակներից, սակայն վերջինիս հետ համամիտ չէ մասնավորապես ընտրված ռազմավարության հարցում:
«Al Arabiya»-ին տված հարցազրույցում Սագլամը պատմել է, որ ռազմավարության հարցում կարծիքների տարբերությունները հանգեցրել են մրցակցության, սակայն դա էական ազդեցություն չի թողնում ռուս-իրանական հարաբերությունների վրա: Տարբեր ռազմավարություններ են մտնում նեղ ու կարճաժամկետ հետաքրքրությունների ոլորտում, առաջին հերթին՝ տնտեսական պատճառներով, ուստի ռուսներն ու իրանցիներն առայժմ Սիրիայի ապագայի ու նրա գործող նախագահի նկատմամբ նույն կարծիքն ունեն:
«Յուրաքանչյուր կողմ տարբեր տնտեսական նպատակներ է հետապնդում, ինչը Սիրիայում Մոսկվայի ու Թեհրանի միջեւ մրցակցություն է առաջացնում: Բայց իրականում այդ դիմակայությունը ելակետ է հետագա բանակցությունների համար: Երկու կողմերն էլ օգտագործում են տեղական խմբավորումներին՝ իրենց նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ միմյանց ստիպում են որոշ զիջումներ կատարել»,- ավելացրել է նա:
Պատմական գիտությունների ռուս թեկնածու եւ քաղաքական վերլուծաբան Իկբալ Դյուրեն նշել է, որ ռուս-իրանական դիմակայությունը Սիրիայում ներառում է տարբեր քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական ու մշակութային ուղղություններ: «Al Arabiya»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ դիմակայությունը վաղուց է ծագել: Նույնիսկ խորհրդային դարաշրջանում Մոսկվան ու Թեհրանը մրցակցել են տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական:
«Չնայած երկուսն էլ Դամասկոսի եւ նրա նախագահ Բաշար Ասադի դաշնակիցները չեն, Թեհրանն առավել նկատելի ռազմական դերակատարություն է ունեցել Սիրիայում: Դա նպաստել է Ռուսաստանի ու Իրանի միջեւ մրցակցության սրմանը,-նշել է Դյուրեն՝ ավելացնելով.- Սիրիայի դեմ իսրայելական հարձակումների անտեսումը ռուսների կողմից, Գոլանի բարձունքների հարցում Մոսկվայի դիրքորոշումը եւ որոշ իրանամետ զինված խմբավորումների կողմից Լաթաքիա նահանգում հաստատվելու փորձերը սրել են երկու կողմերի միջեւ մրցակցությունը տնտեսական, ռազմական եւ քաղաքական պատճառներով»:
Դյուրեն շեշտել է, որ Մոսկվային ու Թեհրանին շատ ավելին է միավորում, քան պարզապես մրցակցությունը: Օրինակ՝ երկու կողմերը պաշտպանում են միջազգային կոալիցիոն ուժերի դուրսբերումը Սիրիայից, ինչպես նաեւ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Սակայն ամենից շատ Ռուսաստանին վրդովում է այն փաստը, որ Թեհրանը Սիրիան դիտարկում է որպես իր՝ «Շիական կիսալուսին» նախագծի կարեւոր տարր:
«Ռուսներն ու իրանցիները քրդական հարցի վերաբերյալ նույն հայացքներն ունեն: Մոսկվան չի առարկում նրանց համար որեւէ կարգավիճակի կամ իրավունքի ստացմանը, բայց Թեհրանի պես քրդերին դիտում է որպես Սիրիայում ամերիկյան ներկայության հենարան»,- շեշտել է Դյուրեն:
Դյուրեն նաեւ ընդգծել է, որ Իրանի ու Ռուսաստանի կարծիքները տարբերվում են Իդլիբ նահանգի հարցում: Թեհրանը, ինչպես երեւում է, դժգոհ է ռուս-թուրքական պայմանավորվածություններից: Մոսկվան ստիպված է հաշվի առնել 15 տոկոս մահմեդականների ներկայությունն իրեն ենթակա այն տարածքներում, որտեղ Թուրքիան ազդեցություն ունի: Բացի այդ, ռուսները չեն կարողանում հաշտվել այն բանի հետ, որ իրանցիներն իրենց նկատմամբ գերազանցություն ունեն Սիրիայում:
Սիրիական պատերազմի վերջին տասնամյակում եւ Ռուսաստանը, եւ Իրանն ամուր հարաբերություններ են հաստատել սիրիացիների հետ, որոնք ապրում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Երկու կողմերը ձգտում են դեպի իրենց ձգել մարդկանց՝ նրանց ֆինանսական ու հումանիտար օգնություն ցուցաբերելով: Բացի այդ, վերականգնում են դպրոցները, այն շենքերը, որոնք վնասվել են ռազմական գործողությունների արդյունքում:
Թե Մոսկվան, թե Թեհրանը սատարում են սիրիական զինված խմբավորումներին, ոստիկանությանը եւ աշխարհազորայիններին, որոնք ստեղծվել են իրենց ռազմական եւ նյութատեխնիկական աջակցությամբ: Նրանց Դեյր-էլ-Զորում եւ Ռաքքայում փորձել են օգտագործել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դեմ, որոնք վայելում են միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությունը: Նախկինում միջազգային կոալիցիայի ուժերը հաճախ են հարձակվել իրանամետ խմբավորումների վրա, հատկապես այն բանից հետո, երբ նրանք պայքարի մեջ մտան «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դեմ:
Մոսկվան հիմնականում մտահոգված է Սիրիայի առափնյա շրջաններով, հատկապես այն բանից հետո, երբ Տարտուսում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետ տեղակայեց եւ ռազմական բազա ստեղծեց Լաթաքիայում: Ավելի պակաս չափով են նրան հետաքրքրում այլ շրջանները, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսարեւելյան մասում: Թեհրանը, իր հերթին, կենտրոնացել է սիրիա-իրաքյան եւ սիրիա-իսրայելական սահմաններում: Դա խոսում է այն մասին, որ երկու կողմերի միջեւ մրցակցությունը գոյություն ունի ոչ միայն ռազմական ոլորտում: