«Ֆուտբալային հանդիպումներ դիկտատորի համար». այսպես է վերնագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Բաքվում կայացած խաղերի մասին իր վերլուծական անդրադարձը գերմանական ZDF-ի սյունակագիր Մարսել Մուրկհարդը:
«2020 թվականին պատերազմելով՝ այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ընկերասեր եւ հյուրընկալ պետություն, դրա հետ մեկտեղ, ավտորիտար պետության ղեկավարը փորձում է սպորտն օգտագործել որպես մի շոու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես է սկսում իր հոդվածը Մուրկհարդը:
Վերջինս շեշտում է, որ այս սպանված զինվորների սաղավարտները որպես «մարգարիտներ» կախված են Բաքվում՝ որպես հազարավոր կյանքեր խլած Ադրբեջանի հաղթանակի վկայություն: Նախագահ Ալիեւը բազմաթիվ անգամ Հայաստանի նկատմամբ տոնած հաղթանակը որակել է որպես «ատելության» հաղթանակ:
Վերլուծաբանի կարծիքով` Բաքվի մարզադաշտը քաղաքական հարթակ էր: Թեպետ ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ խստագույնս տարանջատում է քաղաքականությունն եւ սպորտը, սակայն դա Ալիեւին չի հետաքրքրում:
Հոդվածում խոսվում է նաեւ Էրդողանի եւ Ալիեւի «եղբայրության մասին»: Էրդողանը ներկա էր Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ուելսի եւ Թուրքիայի հավաքականների խաղին: Նրանք իրար համարում են «եղբայրներ»: Էրդողանը Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում իր աջակցություն էր հայտնում Ալիեւին եւ խմբային փուլի մեկնարկից առաջ Ալիեւի հետ այցելել է Շուշի քաղաք:
Մուրկհարդը գրում է, որ հաղորդումներ են տարածվում Ադրբեջանում գլխատումների եւ խոշտանգումների մասին` մեջբերելով «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդրադարձը, ըստ որի՝ Ադրբեջանի բանակը ռազմական հանցագործություններ է կատարել Ղարաբաղում, ինչպես նաեւ վատ վերաբերվել ռազմագերիներին եւ զինվորականների դիակներ պղծել: ՈՒԵՖԱ-ն այս դեպքում ավտորիտար պետության ձեռքի խաղալիք է: «Անկախ պատերազմից՝ Բաքուն երբեք չպետք է դառնա նման միջոցառման անցկացման վայր: Թվում է, թե ՈՒԵՖԱ-ն չունի բարոյական կողմնորոշում: Նման որոշումներ կայացնող կառույցները անթափանց են գործում եւ հակված են կոռուպցիայի»,- մեջբերում է հոդվածագիրը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանկ Շվաբեի խոսքերը:
Ըստ սյունակագրի՝ Ադրբեջանը միլիոններ է տալիս ՈՒԵՖԱ-ին: Փաստ է այն, որ ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միլիոնավոր դոլարի հովանավորչություն է կատարել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի խոսում այս մասին: