Բալկանյան վեց պետություն ապագայում կարող են դառնալ Եվրամիության անդամ՝ ելնելով «աշխարհաքաղաքական պատճառներից»։ Խոսքը Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի՝ ԵՄ անդամակցության մասին է: Կիրակի օրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահությամբ անցկացված Արեւմտյան Բալկանների վերաբերյալ առցանց համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ Բալկանյան երկրների՝ ԵՄ անդամակցության գործընթացն արդեն ընթացքի մեջ է, եւ դրա «խթանումը բխում է Եվրամիության հիմնարար շահերից»:
ԵՄ-ի համար «հիմնարար շահեր» ասելով պետք է հասկանալ առաջին հերթին Ռուսաստանի, ինչու չէ, նաեւ Չինաստանի ազդեցության դեմն առնելու հանգամանքը։ Լինելով նախկին հարավսլավական երկրներ, բնականաբար, այդ տարածաշրջանում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ վերջին տարիներին նաեւ Չինաստանի. չինական ներդրումներն ու նախագծերն ակտիվորեն կյանքի են կոչվում մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, հատկապես Սերբիայում, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայում: Ներդրումները եւ «փափուկ ուժի» արդյունավետ կիրառումը Արեւմտյան Բալկաններում ստիպում են ԵՄ-ին ավելի զգոն լինել եւ քայլեր ձեռնարկել Արեւելքից եկող «վտանգի» դեմն առնելու համար։
ԵՄ-ի կողմից տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ընթանում է 2014 թվականից, այսպես կոչված՝ «Բեռլինյան գործընթացի» շրջանակներում։ Այդ համատեքստում Եվրահանձնաժողովի աջակցությամբ պատրաստվել եւ կնքվել է Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում ռոումինգը վերացնելու համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից:
Բեռլինի վերաբերմունքը նախկին Հարավսլավիայի երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու նկատմամբ կտրուկ հակադրվում է Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցելու նկատմամբ վերաբերմունքին: Գերմանացի պաշտոնյաները միայն ողջունում են Կիեւի ջանքերը եվրոպական ինտեգրման ուղղությամբ, բայց նրանք չեն նշում, որ անհրաժեշտ է Ուկրաինային ընդունել ԵՄ: Հուլիսի 5-ին կայացած խորհրդաժողովին մասնակցել են Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Չեռնոգորիայի եւ Կոսովոյի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:
Գերմանական «Deutsche Welle»-ի տեղեկացմամբ՝ մեկնաբանելով ԵՄ անդամ առանձին երկրների դիրքորոշումները Արեւմտյան Բալկանյան երկրների՝ Եվրամիություն մտնելու հեռանկարի վերաբերյալ, Անգելա Մերկելը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «միանգամայն հստակ» է արտահայտվել այդ քայլի օգտին: Մյուս կողմից՝ Բուլղարիան եւ Նիդերլանդներն ավելի զուսպ են նման որոշման ընդունման հարցում: Գերմանիայում որոշ դեպքերում շատ բարձր պահանջներ են դրվում Արեւմտյան Բալկանյան երկրների առջեւ, ամփոփել է ԳԴՀ կանցլերը:
Կիրակի օրը «Funke» լրատվականին տված հարցազրույցում Եվրամիության ընդլայնմանն անդրադարձել է նաեւ Եվրախորհրդարանի խոսնակ Դեյվիդ Սասոլին, որի խոսքով՝ դա կարող է հսկայական օգուտներ բերել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ ամբողջ Եվրոպայի համար: Սասոլին ԵՄ ընդլայնումը որակել է որպես «խաղաղության եւ բարգավաճման դրական նախագիծ»: Սասոլիի խոսքերով՝ Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցության տեմպը կախված կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին նրանց համապատասխանությունից: Նշենք, որ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան: Այս երկրներից ոչ մեկի համար, նույնիսկ տեսականորեն, որոշված չեն ԵՄ-ին անդամակցելու հնարավոր պայմանները: 2018-ի աշնանը Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշել էր, որ Սերբիան եւ Չեռնոգորիան կարող են անդամակցել Եվրամիությանը մինչեւ 2025 թ.:
ԵՄ-ն Սերբիայի եւ չճանաչված Կոսովոյի անդամակցությունը դիտարկում է համատեղ երկու կողմերի միջեւ եղած խնդիրները լուծելուց հետո։ Նկատենք, որ նման «հավասար» մոտեցումն առաջին անգամ չէ, որ կիրառվում է։ Այդպես եղավ նաեւ 1952-ին, երբ Հունաստանն ու Թուրքիան միաժամանակ միացան Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին։ Թեեւ 1974 թ. Հունաստանի կառավարությունը դադարեցրեց իր երկրի անդամակցությունը, ինչը պայմանավորված էր թուրքական բանակի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթմամբ, սակայն 1980-ին վերստին հայտնվեց ՆԱՏՕ-ի շարքերում՝ Թուրքիայի հետ համագործակցության շնորհիվ։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը հունիսի 15-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտիի բանակցությունների հերթական փուլի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ Սերբիան եւ Կոսովոն կկարողանան անդամակցել համայնքին միայն իրենց հարաբերությունները կարգավորելուց հետո։ «Մեզ դժվար բանակցություններ են սպասում: Եվ այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունը եւ դրա արդյունքները երկու կողմերի համար կդառնան անցում դեպի եվրոպական ապագա,- Բորելի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:- Առանց այս երկխոսության տարածաշրջանում տնտեսական առաջընթացն ու բարգավաճումը կխարխլվեն»: Այսօր լուծված է նաեւ Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ վեճը վերջինիս պաշտոնական անվան շուրջ։
Եթե երեք տարի առաջ ԵՄ-ն Արեւմտյան Բալկանների վեց երկրներին առաջարկում էր եվրոպական հեռանկար, բայց ոչ՝ ԵՄ անդամակցություն, ապա ներկայումս մոտեցումները կարծես թե որոշակի փոփոխություններ են կրել։ Նախկինում խնդիր էր դրված հարաբերությունները զարգացնել եւ ամրապնդել որոշակի ոլորտներում, ինչպես օրինակ՝ ենթակառուցվածքների, էներգետիկ եւ թվային տեխնոլոգիաների: Հասկանալի է, որ ԵՄ-ն ցանկանում էր ընդլայնվել՝ արդեն իսկ լուծված տեսնելով այդ երկրների տնտեսական, քաղաքական եւ այլ հակասություններն ու հակամարտությունները։ Մինչդեռ ներկայում այդ խնդիրները կարծես թե ստորադասվում են (ոչ ամբողջությամբ) աշխարհաքաղաքական շահերին, որպեսզի Եվրոպայի հարավարեւելյան սահմանները լինեն ԵՄ ազդեցության գոտում։