Հունգարիայում Շաբոլչ Պանին բացահայտել է լրտեսական ինտրիգը եւ զենքի մութ գործարքները:
Հնդկաստանում Փարանջոյ Գուհա Թակուրտան հետաքննել է կապերը բիզնեսի եւ քաղաքական շահերի միջեւ:
Ադրբեջանում Սեւինջ Վաքըֆքիզին բացահայտել է ընտրությունների արդյունքների կեղծումը:
Երեքն էլ աշխարհի տասնյակ լրագրողների եւ ակտիվիստների թվում են, որոնց սմարթֆոնները վարակվել էին Pegasus-ով՝ Իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսող ծրագրով: Այն ի վիճակի է գաղտնի գողանալ անձնական տվյալները, կարդալ խոսակցությունները եւ միացնել խոսափողներն ու տեսախցիկներն ըստ ցանկության:
Հարձակումները բացահայտել է Pegasus Project-ը, որը 17 մեդիա կազմակերպությունների ավելի քան 80 լրագրողի միջազգային համագործակցություն է, ներառյալ՝ OCCRP-ն:
Պանիի, Թակուրտաի եւ Վաքըֆքիզիի հեռախոսները վերլուծել է Amnesty International-ի Անվտանգության լաբորատորիան եւ պարզել է, որ դրանք վարակված են եղել, երբ հայտնվել են ավելի քան 50,000 համարների ցուցակում, որոնց կառավարությունները թիրախավորել են NSO ծրագրային ապահովման միջոցով: Քրեագիտական վերլուծության միջոցով պարզվել են Pegasus-ի թիրախները:
Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան ուսումնասիրել է 67 հեռախոսի տվյալները, որոնց համարները ցանկում էին: 37 հեռախոս ցույց է տվել Pegasus-ի գործունեության հետքեր. 23 հեռախոս վարակված է եղել, իսկ 14-ում երեւացել է թիրախավորման փորձի նշաններ: Մնացած 30 հեռախոսի համար թեստերն անարդյունավետ էին, որոշ դեպքերում հեռախոսները փոխարինելու պատճառով:
Տվյալներում ընդգրկված հեռախոսներից 15-ը Android սարքեր էին: Ի տարբերություն iPhone-ի, Android-ները չեն գրանցում Amnesty-ի հետաքննության աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվություն:
NSO Group-ը հերքել է իր լրտեսող ծրագրի օգտագործման չարաշահումը եւ վիճարկել է լրագրողների ստացած տվյալների հավաստիությունը: Խումբը պնդել է, որ Pegasus-ը վաճառվում է կառավարություններին՝ հանցագործներին եւ ահաբեկիչներին հետեւելու համար՝ բազմաթիվ կյանքեր փրկելու նպատակով: Ընկերությունը, որը սերտ կապեր ունի Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ, հայտարարում է, որ իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելու չարաշահումը:
Բայց հանցագործներին հետապնդելու փոխարեն, ավելի քան 10 երկրում թիրախավորել են նաեւ քաղաքական հակառակորդներին, գիտնականներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, բժիշկներին եւ կրոնական առաջնորդներին: Չի բացառվում, որ NSO հաճախորդներն ընկերության ծրագրային ապահովումն օգտագործել են լրտեսություն իրականացնելու համար՝ թիրախավորելով օտարերկրյա պաշտոնյաներին, դիվանագետներին եւ նույնիսկ պետությունների ղեկավարներին: