Արեւմուտքն արդեն կորցրել է հետաքրքրությունը Սիրիայի նկատմամբ, ուստի թողել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը փրկագին վճարեն նրա համար: Եթե Արեւմուտքը ժամանակին չգիտակցի, թե Սիրիան որքան կարեւոր է իր համար, բաց կթողնի մի շարք իրադարձություններ, որոնք արդյունքում կհանգեցնեն դեպի Եվրոպա հերթական միգրացիոն ալիքին: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կխաղա Եվրոպայի բանալիների հետ: Այս մասին չեխական «iDnes»-ում գրել է ԱՄՆ-ում Չեխիայի դեսպան Գինեկ Կմոնիչեկը:
Սիրիան, որը ժամանակ առ ժամանակ ոչ երկար ժամանակով հայտնվում է արեւմտյան տեսադաշտում՝ հիմնականում կապված Իսրայելի դեմ շարունակվող հակամարտության հետ, իսկ հետո արագ մոռացվում է, վերջին տարիներին վերադարձել է Մերձավոր Արեւելքի համար նորմալ վիճակի:
Ժամանակին Մերձավոր Արեւելքը մարմնավորում էին անցյալ դարի հին կանխատեսելի ժամանակաշրջանի բռնապետերի անփոփոխ դեմքերը, բայց այժմ՝ արաբական գարունից հետո, այնտեղ հայտնվել են մարդիկ, ովքեր կամ պայքարում են սեփական պետության մեջ տեսականորեն իրենց տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողություն պահպանելու համար (Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, եմենյան կամ լիբիական կառավարություն), կամ փորձում են իրենց դիրքը հերթական ընտրական ցիկլից ավելի կայուն եւ անկախ դարձնել, ի տարբերություն արեւմտյան ժողովրդավարությունների (օրինակ՝ Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Սաիդ Հուսեյն Խալիլ ալ-Սիսի եւ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ իբն Սալման):
Երկիր, որի մասին մոռացել են
Այս նոր Մերձավոր Արեւելքում Սիրիան, թվում է, կորցրել է իր բացառիկությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ նշանակությունը: Քաղաքացիական պատերազմն այնտեղ որեւէ մեկի հաղթանակով չի ավարտվել: Սիրիական ընդդիմությունը փախել է, իսկ Ասադը մնացել է երկրի ու այն մարդկանց նախագահը, որոնք մնացել են իր հետ: Արեւմտյան առաջնահերթությունների ցուցակում Սիրիան այժմ ներառում են միայն անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե անկեղծ հետաքրքրությամբ: Օրակարգում սիրիական թեմայի ռեալ տեղն ավելի լավ հաստատել է վերջերս Ժնեւում կայացած ամերիկա-ռուսական գագաթնաժողովը: Իհարկե, այնտեղ չէին կարող այդ հարցը չքննարկել, սակայն ոչ մի նոր բանի շուրջ չպայմանավորվեցին:
Ի դեպ, Սիրիայի համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ գագաթնաժողովից մի քանի օր առաջ: Ամերիկյան լրագրողին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանկարծ սկսեց թվարկել սիրիական նահանգների անունները Իդլիբից մինչեւ ամերիկացիների կողմից վերահսկվող Էտ-Տանֆ գոտի: Դա, անկասկած, վկայում է այն մասին, որ նա այդ տեղային անուններին հանդիպում է իր աշխատանքում: Հնարավոր է՝ ամեն օր, ուստի հասցրել է հիշել բոլորը: Ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ով լրագրողների հետ զրույցներից մեկում Սիրիան խառնել է Լիբիայի հետ, եւ հետո այն ուղղելու կարիք է զգացվել: Նման մանրուքները հաճախ գործերի իրական դրության մասին շատ ավելին են ասում, քան տասնյակ քաղաքագետներ:
Սիրիան պարզապես անհետացել է Արեւմուտքի հրատապ ռազմավարական պլանների քարտեզից: Բայդենի վարչակազմը լռությամբ ընդունել է Դոնալդ Թրամփի՝ զորքերը Սիրիայից մասամբ հանելու որոշման հետեւանքները: Դրանից հետո թուրքական զորքերը 24 ժամվա ընթացքում ներխուժել են սիրիական սահմանամերձ շրջաններ, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է Թուրքիայի դերը՝ ի վնաս հենց իրեն: Հիմա Հյուսիսային Սիրիայի քարտեզի վրա հայտնվել են մի քանի կտրտված գոտիներ՝ զբաղեցված Թուրքիայի կողմից: Իդլիբն առաջվա պես մնում է իսլամականների վերջին ապաստարանը, իսկ նրանք ոչ ոքի չեն հետաքրքրում: Ամերիկյան վերջին զորակազմը տեղակայված է Էտ-Տանֆում եւ ակնհայտորեն շատ է անհանգստացնում Պուտինին:
Սիրիան ոչ մի ռազմական ուժ չունի՝ այդ տարածքներն իրեն վերադարձնելու համար: Եվ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը նրան այդ հարցում չեն օգնի: Միակ գործոնը, որն այնտեղ սահմանափակել է թուրքական հավակնությունները, հենց Միացյալ Նահանգներն էր: Բայց Բայդենի վարչակազմը չի պլանավորում հաջորդ տարի զբաղվել Սիրիայով: Այն իրենց մեջ կիսել են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, իսկ ԱՄՆ-ն իր անգործությամբ դե ֆակտո ընդունում է այդ վիճակը: Ինչի՞ կհանգեցնի դա երկարաժամկետ հեռանկարում:
Կրկին՝ միգրացիայի սպառնալիք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա, հավանաբար, խորհում է, թե ապագայում ինչ պիտի անի զբաղեցրած սահմանամերձ շրջանների հետ: Նրա համար անցանկալի քուրդ բնակչությունն աստիճանաբար լքում է այդ շրջանները, եւ նրանց տները հանձնվում են սուննի սիրացիներին, որոնք այդտեղ են գալիս Սիրիայի այլ տարածաշրջաններից: Կապված դրա հետ՝ Էրդողանն այդ տարածքները նվաճելու գաղափար ակնհայտորեն ունեցել է: Հնարավոր է՝ կարծում է, որ կարող է նման քայլն Արեւմուտքի առաջ արդարացնել բուֆերային գոտու ստեղծման անհրաժեշտությամբ, ինչը կօգնի ավելի լավ վերահսկել դեպի Եվրոպա մերձավորարեւելյան փախստականների հոսքը:
Բացի այդ, 2018 թ. Էրդողանը ցանկանում էր «մաքրել» նաեւ Իրաքի հետ սահմանը: Մինչ այժմ այդ ծրագրերը ոչնչի չեն հանգեցրել, բայց, ամենայն հավանականությամբ, միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները դեռ Իրաքում է: Նրա հեռանալուց հետո Թուրքիան կարող է մեկ անգամ եւս փորձել ընդլայնել իր սահմանները, քանի որ առաջին հաջող փորձը զարմանալիորեն հատուկ հետաքրքրություն չի առաջացրել արտասահմանում:
Երբ ամերիկացիները հեռանան նաեւ Աֆղանստանից, ողջ տարածաշրջանի արմատականները կուրախանան: Սիրիական Իդլիբ նահանգը, որը փրկության գոտի է այն բանից, ինչ մնացել է «Իսլամական պետությունից», մի կողմ քաշված չի մնա, եւ միայն ժամանակի հարց է, թե աֆղանական արմատական իսլամի վերականգնված կենտրոնը երբ կսկսի կրկին թափանցել Մերձավոր Արեւելք եւ Միջին Ասիա: Նման պայմաններում Թուրքիան, որը հայտնի է ողջ աշխարհի իսլամիստների հետ սերտ կապերով, լավագույն պահապանը չի լինի տարածաշրջանում, որով անցնում է դեպի Եվրոպա միգրացիայի գլխավոր ուղիներից մեկը:
Անվճռականություն անցման ժամանակ
Եվ այսպես՝ եթե Արեւմուտքը ժամանակին չգիտակցի, թե ինչով է Սիրիան այդքան կարեւոր իր համար, եւ այն թողնի որպես թուրքական ռազմավարական շահերի անձեռնմխելի մրցանակ, նախկինում Մերձավոր Արեւելքում նրա գործադրած բոլոր ջանքերը կրկին կձախողվեն: Իսլամի արմատականացումը, որը կսկսի տարածվել ամբողջ տարածաշրջանում, վաղ թե ուշ կհանգեցնի քաղաքական եւ տնտեսական անկայունության, իսկ հետագայում կսադրի եւս մեկ միգրացիոն ալիք, որը կփլվի Եվրոպայի վրա:
Ընդամենը մի քանի օր առաջ ամերիկացիները Սիրիայում մի օպերացիա իրականացրին, որը երկրորդն է Բայդենի վարչակազմի օրոք: Ամերիկյան ավիացիան հարվածներ հասցրեց երկու ռազմաբազայի սիրիական, մեկին՝ իրաքյան տարածքում: Լավ օրինակ է, որը ցուցադրում է իրավիճակը տարածաշրջանում: Այդ բազաներն օգտագործում են իրանական ընդդիմադիրները՝ դրոնների օգնությամբ ամերիկյան թիրախների վրա հարձակվելու համար: Նաեւ այդ դեպքում Ասադի Սիրիան որեւէ դերակատարություն չունեցավ, իսկ ամերիկացիներն այլ խաղացողների հակահարված տվեցին այն տարածքներում, որոնք հիմա Ասադը չի վերահսկում: Դամասկոսը մղվել է երկրորդ պլան, եւ նրա մասին աստիճանաբար մոռանում են:
Եթե խոսենք ուելսցի մեկ լեյբորիստի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ կլինի այն հետիոտնի հետ, ով կքարանա փողոցային անցման միջնամասում. նրան կտապալեն: Այսպիսով՝ այժմ պայմանավորվածություն է անհրաժեշտ, թե ինչպես հասնել սիրիական անցման վերջին, եթե արդեն սկսել ես անցնել այդ «փողոցը»: