Դեռեւս անցած տարի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը բարձրաձայնել էր թուրքական մամուլում հայտնված գաղտնի փաստաթղթի մասին, համաձայն որի՝ Թուրքիան ծրագիր է մշակել Հունաստանի եւ Հայաստանի վրա հարձակվելու համար: Ընդ որում՝ Հայաստանի վրա հարձակման ծրագիրը, որը կոչվում էր «TSK Altay Harekat Planlama Direktifi»պատրաստ էր դեռեւս 2000 թ. օգոստոսի 15-ից, իսկ Հունաստանի վրա հարձակման ծրագրի անվանումն էր՝ «TSK Cakabey Harekat Planlama Direktifi» ։ Այն փաստաթղթավորված է եղել 2014-ի հունիսի 13-ի դրությամբ եւ պետք է իրականացվեր Թուրքիայի զինված ուժերի կողմից: Քաղաքական մեկնաբանը գրել էր, որ Հունաստանի վրա հարձակման նպատակն է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարավոր կլիներ ձեւավորել էթնիկական զտումներ եւ թուրք փոքրամասնություններին դարձնել մեծամասնություն՝ փոփոխելով կղզիների էթնիկական հարաբերակցությունը: Այսինքն իրականացնել այն, ինչ եղավ 1974-ին Կիպրոսի հետ։
Այսօր, ցավոք, Հայաստանի հետ կապված ծրագիրը մեծամասամբ կյանքի է կոչվել, եւ կասկածներ չկան, որ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, լծված է իրականացնելու նաեւ Հունաստանի հետ կապված ծրագիրը։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց Կիպրոսը երկու պետությունների մասնատելու նկրտումների մասին։ «Daily Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահը կրկին առաջ է քաշել Կիպրոսի հարցի լուծման «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձեւը: «Թող ոչ ոք չսպասի, թե կիպրոսցի թուրքերը կհրաժարվեն իրենց ինքնիշխանությունից եւ հավասար կարգավիճակից, կհամաձայնեն ապրել Կիպրոսի հույների ղեկավարությամբ՝ որպես ազգային փոքրամասնություն»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, թե որքան տարիներ կանցնեն ՝ 47, 147 կամ 247, կիպրոսցի թուրքերը չեն հրաժարվի իրենց անկախությունից եւ ազատությունից:
Իսկ Լեֆկոշայում Էրդողանը երեկ խոսել է Վարոշայի՝ «ուրվական քաղաքի» բացման մասին՝ նշելով, որ այն «կբացվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ չխախտելով ոչ մեկի իրավունքները եւ կվերադառնա հիանալի հին ժամանակներին»։ Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիայից հետո Վարոշա քաղաքը 47 տարի շարունակ փակ գոտի է, որտեղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ. բանաձեւի համաձայն՝ կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները, եւ ցանկացած այլ կարգավորում արգելվում է: Չնայած դրան, Թուրքիայի նախագահը նախատեսում է նոր նախագծեր իրագործել քաղաքում եւ, իր իսկ խոսքերով, «աշխուժացում բերել տարածաշրջանին»: Խորհրդարանի արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է նաեւ ինքնահռչակ հանրապետության նոր նախագահական համալիրի եւ խորհրդարանի շենքի կառուցման նախագծի իրականացման մասին:
«Բալկանիստը» գրում է, որ Կիպրոս թուրքական ներխուժման 47-րդ տարեդարձը նշելու ուղեւորության ընթացքում, ըստ երեւույթին, Էրդողանն անձամբ է շահագործելու Լեֆկոնիկոյի օդանավակայանում (թուրքական անվանումը՝ Գեչիտքալե) գտնվող թուրքական անօդաչու թռչող ապարատների մշտական բազան: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այլ նախաձեռնությունների շարքում կարող է լինել Ֆամագուստայից հյուսիս գտնվող Տրիկոմո քաղաքում (թուրքական անվանումը՝ Ենի-Իսկելե) նոր ռազմածովային բազայի ստեղծումը։ Հաջորդը կարող է նվիրված լինել Թուրքիայի կողմից վերահսկվող Վարոշան (Ֆամագուստա քաղաքի շրջան) ՀԿԹՀ վարչակազմին փոխանցելուն, ինչպես նաեւ Կիպրոսի հույներին իրենց տները վերադառնալու կոչին: Նկատենք, որ կոչով հանդես գալը դեռ չի ենթադրում, որ քաղաքի իրական տերերը կցանկանան կամ կկարողանան իրապես վերադառնալ Վարոշա:
Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիան ամեն կերպ ձգտում է կյանքի կոչել Ադրբեջանի իշխանությունների եւ ինքնահռչակ հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն էր այցելել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորությամբ։ Պատվիրակության անդամները հանդիպել էին ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաներին։ Վերջինս համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին կաջակցի Կիպրոսի թուրքերին իրենց «ազգային գործում»: Նա խոսել էր «մեկ ազգ, երեք պետություն» լինելու մասին՝ այցը համարելով «պատմական»: Սեյիդովն էլ խոստացել էր պաշտպանել նրանց ԵԽ-ում՝ նշելով, որ իրենք ուզում են, որ «Հյուսիսային Կիպրոսն ավելի ուժեղ լինի, թուրքական աշխարհը բարձրանա: Դրա համար Թուրքիան, Ադրբեջանը եւ Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»:
Կիպրոսի հունական իշխանությունները Էրդողանի այցը կղզու հյուսիսի շրջաններ համարում են անօրինական։ Որոշ կիպրոսցի թուրք քաղաքական գործիչներ նույնպես դեմ են նրա այցելությանը, մասնավորապես ընդդիմադիր Թուրքական հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կղզու միավորման կողմնակից է:
Թեեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Նիկոսիային եւ Աթենքին խոստացել է «զգոն լինել» եւ «ուշադիր հետեւել», թե ինչպես է ընթանում Էրդողանի այցը՝ հավաստիացնելով, որ ճանաչելու մասին խոսք չկա, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Թուրքիայի նախագահը բանավոր ճնշումները սովորաբար հաշվի չի առնում։ Անցած տարի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի կառավարության 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումը «Սբ Սոֆիա» թանգարանի կարգավիճակի վերաբերյալ, որի արդյունքում Սբ Սոֆիան վերածվեց մզկիթի։ Դա արդեն ազդակ էր, որ Թուրքիան, շրջանցելով զուտ հորդորները, կոչերն ու քննադատությունները, գործում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան։ Կիպրոսի օկուպացված տարածքներ այցելությունն էլ, իր հերթին, յուրօրինակ քննություն էր Եվրոպայի համար, թե որքանով է պատրաստ եւ կարող պաշտպանել ու տեր կանգնել իր դավանած սկզբունքներին եւ արժեքներին։ Եթե չես կարողանում պաշտպանել հոգեւորը՝ մնայունը, ապա մնացած ոլորտներում ստիպված ես լինում գնալ զիջումների։
Թուրքիան հույների հանդեպ ոչ միայն արտաքին ճնշումներ է գործադրում, այլեւ ներսից է ականներ պատրաստում։ Մասնավորապես՝ Աթենքում մուսուլմանները ստեղծել են «Շարիաթի ոստիկանություն» խմբավորումներ: Այս փաստը հայտնի դարձավ, երբ Աթենքի Վատիս հրապարակում նման խմբերի կողմից ծեծի ենթարկվեցին մահմեդական կանայք։ Ըստ հաղորդումների՝ վերոնշյալ խմբավորումները գործում են մայրաքաղաքի կենտրոնում, հատկապես այն տարածքներում, որտեղ շատ են մահմեդականները: Սրանով, փաստորեն, պետության ներսում ստեղծվում են խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում տվյալ պետության օրենքներին եւ առաջ են քաշում ու պարտադրում իրենցը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծաքանակ թուրք բնակչություն կա եվրոպական տարբեր երկրներում, չի բացառվում, որ մյուս տեղերում նույնպես այս խմբավորումները կսկսեն ավելի ակտիվ գործունեություն ծավալել եւ իրենց ազդեցության տակ պահել էթնիկ թուրքերին։ Նման զարգացումը պետք է որ իրապես մտահոգի տվյալ երկրների ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ քաղաքական ղեկավարությանը։