Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Կուբայի պաշտոնյայի եւ պետական հաստատության նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնք, ըստ նրա, մասնակից են «կղզում կառավարության կողմից բողոքի ցույցերի ճնշման ժամանակ մարդու իրավունքների խախտումներին»:
Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել կուբացի ռազմական եւ քաղաքական առաջնորդ Ալվարո Լոպես Միերայի եւ ՆԳՆ հատուկ բրիգադի (Brigada Especial Nacional del Ministerio del Interior) նկատմամբ, փոխանցում է news.am-ը:
Ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Լոպես Միերան «կարեւոր դեր է խաղացել Կուբայում շարունակվող բողոքները ճնշելու գործում»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները նրանց դեմ են, ովքեր պատասխանատու են բողոքի ցույցերի ճնշման համար, եւ որ սա Ամերիկայի պատասխան քայլերից առաջինն է: «Սա միայն սկիզբն է. Միացյալ Նահանգները կշարունակեն պատժամիջոցներ կիրառել Կուբայի ժողովրդի ճնշման համար պատասխանատուների նկատմամբ», – ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վերանայում է գումարային փոխանցումների իր քաղաքականությունը՝ «Կուբայի ժողովրդին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու համար»:
Վաշինգտոնը նաեւ մտադիր է վերազինել Հավանայում ԱՄՆ դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ մատուցելու եւ «քաղաքացիական հասարակության կյանքին մասնակցելու համար` միաժամանակ ապահովելով Կուբայում աշխատող ամերիկացի դիվանագետների անվտանգությունը», – հավելել է Բայդենը:
Նա նշել է, որ Կուբայի կառավարությանը ճնշելու համար ԱՄՆ-ը աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ համացանցի հասանելիությունը վերականգնելու համար: