ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
France Press-ի տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու» առնչությամբ եւ խնդրել Թուրքիային մինչեւ 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի «վիճակի մասին թարմացված զեկույց»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Շատ քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մտահոգություն էին հայտնել Թուրքիայի ղեկավարության այդ որոշման առնչությամբ: