ԱՄՆ-ի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ,,Հյուսիսային հոսք-2,, գազամուղի կառուցման հետ: Փաստացի Միացյալ Նահանգները ճանաչել են մոտ ութ միլիարդ դոլար արժեցած այդ մեգա-ծրագրի օրինականությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ը սպառնում էր պատժամիջոցների ճնշմամբ կասեցնել այն: Արեւմտյան մամուլը, ինչպես հատվածաբար ներկայացնում է inospressa.ru կայքը, Բայդեն-Մերկել համաձայնությունը գնահատում են որպես ՌԴ նախագահ Պուտինի ,,աշխարհաքաղաքական հաղթանակ,,:
Խիստ ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Կասպից ավազանից էներգակիրների արտահանման թուրք-ադրբեջանա-թուրքմենական համաձայնության մասին տեղեկատվության համապատկերին: ,,Հյուսիսային հոսք-2,, գազատարի թողունակությունը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր է: Կասպյան գազատարի առավելագույն թողունակությունը կարող էր լինել տարեկան 25 միլիարդ խորանարդ մետր: Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգներն այսուհետեւ չեն պնդի Տրանսկասպյան գազատարի կառուցումը:
Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա Կասպյան ավազանի էներգակիրների աշխարհաքաղաքական կարեւորությունը գոնե եվրոպական ուղղությամբ գերակա չի լինի: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում չի կարող խաղարկել Եվրոպայի էներգետիկ անվտանգության այլընտրանքի խաղաքարտը: Շատ հավանական է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կենտրոնանան Իսրայել-Կիպրոս գազային գործարքը եւ Միջերկրական ծովում նոր խողովակաշարի գաղափարն իրականացնելու վրա՝ շրջանցելով Թուրքիան:
Թերեւս, այդ է նաեւ պատճառը, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը բաց սպառնալիք է հնչեցրել՝ այցելելով Կիպորսի հյուսիսային հատված, որը 1974 թվականից գտնվում է թուրքական օկուպացիայի տակ: Անկախությունից ի վեր առաջին անգամ Կիպրոսի թուրքական օկուպացիոն հատված է մեկնել նաեւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը: Էրդողանը հայտարարել է, որ Ալիեւի հետ քննարկում է Ադրբեջանի կողմից ,,Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը,, պաշտոնապես ճանաչելու հարցը:
Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված հունական իշխանությունը դիմել է ՄԱԿ-ին: Ըստ արեւմտյան մամուլի տեղեկացվածության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է քաղաքական հայտարարության նախագիծ, որը Թուրքիան զսպվածության եւ իրավիճակը չսրելու կոչ է անում: Նման փաստաթղթի ընդունումը կախված կլինի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կոնսենսուսային մոտեցումից: Եթե որեւէ երկիր ,,վետո,, չկիրառի, ապա թուրքական դիվանագիտությունը լուրջ ահազանգ կստանա:
Անշուշտ, Ադրբեջանի կողմից Կիպրոսի թուրքական մասի անկախության ճանաչումը բարդ խնդիր է, եւ Իլհամ Ալիեւը հեշտությամբ չի գնա այդ քայլին: Բայց նա Էրդողանի առջեւ պարտավորվածությունից խուսափելու հնարավորություն էլ չունի: Եթե Ադրբեջանը գնա նման քայլի, ապա լուրջ խնդիրներ կունենա Եվրամիության հետ հարաբերություններում: Բացառված չէ, որ այդ դեպքում դժգոհ կմնա նաեւ Իսրայելը:
Դեպի Եվրամիության երկրներ ռուսական նոր գազամուղի կառուցումը կավարտվի օգոստոսին, գազի մատակարարման փորձնական ծրագիրը կաշխատի արդեն հաջորդ տարի: Քաղաքական իմաստով դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները բախտի քմահաճույքին է թողնում Ուկրաինային: Այդ երկրի հետ Ադրբեջանը բավական սերտ հարաբերություններ է ունեցել, բայց վերջին շրջանում ձեռնպահ է մնում նախկին պայմանավորվածություններից:
Ըստ երեւույթին, Ադրբեջանը նախկին խորհրդային տարածքում արեւմտյան բոլոր քաղաքական նախագծերին մասնակցությունը սառեցնելու ուղեգիծը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ կարգավորման հարցը կմնա բաց: Այս իմաստով խիստ մտահոգիչ է, որ Մոսկվայում Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո հայկական կողմի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ:
Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության տոնայնությունից դատելով՝ Պուտին-Ալիեւ բանակցություններում հարցերը քննարկվել են Հայաստանի համար ոչ այնքան ցանկալի դիտանկյունից: Խոսքն առաջին հերթին տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ նորերի կառուցման մասին է: Հիմնականում ապահովագրվելով ուկրաինական ուղղությունում, Ռուսաստանը, հավանաբար, ԼՂ եւ հայ-ադրբեջանական սահմանազատման եւ հաղորդուղիների բացման հարցերում սկսելու է գործել ավելի եռանդուն: