Իրանի հարավ-արեւմուտքում, Պարսից ծոցի հարեւանությամբ գտնվող Խուզստան նահանգի տարբեր քաղաքներում, այդ թվում` նահանգի կենտրոն Ահվազ քաղաքում ավելի քան 10 օր է՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում խմելու եւ ոռոգման ջրի խիստ անբավարար լինելու պատճառով։
Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվել է 5 մարդ, ընդ որում 1-ը՝ իրավապահ ուժերից, իսկ արեւմտյան ԶԼՄ-ներում խոսվում է ավելի քան 10 զոհի մասին։ Երկրի տարբեր հատվածներում, նահանգներում ու խոշոր քաղաքներում՝ Սպահանում, Շիրազում եւ մայրաքաղաք Թեհրանում եւս, ի նշան համերաշխության խուզստանցիների ու նրանց պահանջների, տեղի են ունենում բողոքի ցույցեր։ Ցույցերի 8-րդ օրը համերաշխության հավաքներ տեղի ունեցան նաեւ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի կենտրոն Թավրիզում, որոնք կազմակերպել էին գլխավորապես Ադրբեջանի Հանրապետության ու Թուրքիայի աջակցությունը վայելող համաթյուրքական կազմակերպությունները։ Շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում, ըստ արեւմտյան որոշ ԶԼՄ-ների, ցույցերին մասնակցել էր շուրջ 1000 մարդ, սակայն, ի տարբերություն այլ քաղաքների ու շրջանների, որտեղ գերակշիռ էին իշխանությունների, իսլամական համակարգի դեմ կարգախոսները, այստեղ կոչերն ավելի շատ անջատողական ու ազգայնական բնույթ էին կրում։ Ի դեպ, արեւմտյան ԶԼՄ-ները Խուզստանից զատ առավելապես կարեւորել են հենց այդ նահանգի ցույցերը։ Հատկանշական է նաեւ, որ Խուզստանը համարվում է երկրի խիտ բնակեցված, միաժամանակ ամենաջրառատ նահանգը, որն ամենահարուստն է նաեւ էներգակիրներով։ Այստեղ 5 գետ է հոսում, այդ թվում՝ երկրի ամենաջրառատը՝ Քարունը, որն Իրանի ամենաերկար (950 կմ) եւ միակ նավարկելի գետն է։
Ջրի ոլորտի մասնագետները, խոսելով ստեղծված իրավիճակը ծնող պատճառների մասին, շեշտում են, թե այն մասամբ է պայմանավորված բնակլիմայական փոփոխություններով ու երաշտով՝ ընդգծելով, որ գլխավոր գործոնը ջրի ոչ ճիշտ կառավարումն է։ Միաժամանակ նշվում է, որ նման ճակատագիր է սպասվում նաեւ Իրանի այլ նահանգներին։ Բնակլիմայական փոփոխությունների ու աշխարհագրության մասնագետ, Իրանի վտանգաբանության միության անդամ դոկտոր Էբրահիմ Մողիմին շեշտել է, որ պատկան մարմինների փոքր-ինչ ուշադրության եւ աշխարհագրական պայմաններին համապատասխան ծրագրեր մշակելու դեպքում կարող էին կանխատեսել զարգացումներն ու կանխարգելել ստեղծված իրավիճակը։ Ինչպես արդեն նշել է «ՀՀ»-ն, վերը նշված պատճառներով Իրանն արդեն հայտնվել է գերսակավաջուր պայմաններում, ինչի մասին խոսել էր Իրանի բնապահպանության հարցերով փոխնախագահ Իսա Քյալաթարին դեռեւս հունիսի 7-ին «Isna» գործակալությանը տված հարցազրույցում, որտեղ նախազգուշացրել էր Իրանի «ջրային սնանկության» մասին: Նա նշել էր, որ երկրի բնակչության շուրջ 70 տոկոսին տարեկան 700 խմ վերականգնվող ջուր է բաժին ընկնում, ինչը նշանակում է, որ երկիրը դեպի «ջրային սնանկացում» է գնում: Նշենք, որ յուրաքանչյուր երկրի ջրային իրավիճակը որոշելու համար հիմք են ընդունվում գլխավորապես աշխարհում առավել հին ու ընդունված Ֆալկեն Մարկի ցուցանիշները:
Ըստ հիշյալ ցուցանիշների՝ այն երկրները, որտեղ յուրաքանչյուր բնակչին տարվա կտրվածքով վերականգնվող ջրից բաժին է ընկնում 1000-1700 խմ, դրանք ջրային լարվածության պայմաններում են, 1000 խմ-ից պակասը՝ սակավաջուր, իսկ 500 խմ-ից պակասը՝ ճգնաժամային կամ գերսակավաջուր, ինչի հետեւանքով տվյալ երկրները հայտնվելու են բարդագույն խնդիրների առաջ: Թեեւ Իրանի բարձրաստիճան ղեկավարությունն ու ոլորտի մասնագետները, սակավաջրությունը անխուսափելի համարելով, նախագծեր էին մշակել, սակայն այդ երկրի դեմ կիրառված սահմանափակումների պատճառով ոլորտում չեն կատարվել անհրաժեշտ ներդրումներ։ Ավելին՝ դեռեւս 90-ականներին Իրանի նախագահներն ահազանգ էին հնչեցնում ոչ միայն Իրանում, այլեւ սակավաջուր Միջին Արեւելքի առնչությամբ։ Ա. Ա. Ռաֆսանջանին (1989-1997 թթ.) դեռեւս 1992 թ. Ղոմի ջրամբարտակի բացմանը նվիրված իր ելույթում ընդգծել էր. «Միջին Արեւելքում նավթի պատերազմը տեղը կզիջի ջրի պատերազմին»: Նման տեսակետ էր հայտնել նաեւ Ռաֆսանջանիին հաջորդած Մոհամեդ Խաթամին (1997-2005 թթ.)՝ նշելով. «Թեեւ աշխարհում բոլորի ուշադրությունը սեւեռված է նավթի պակասի կամ դրա իսպառ վերջանալու վրա, սակայն հավանական է, որ ապագայի պատերազմները ջրի պատճառով են լինելու»:
Մասնագետներից ոմանք էլ բնակլիմայական պայմաններից ու վատ կառավարումից զատ, Խուզստանի, ինչպեսեւ Արեւելյան Ադրբեջանի եւ Արդաբիլ նահագների դեպքում կարեւոր գործոն են համարում նաեւ արտերկրի գործոնը։ Խուզստանի ու տվյալ նահանգների դեպքում մատնանշվում է Թուրքիայի հիդրոքաղաքականությունը, որը ջուրը դիտարկում է որպես ճնշման լծակ եւ «մարտական զենք»։ Այս առնչությամբ http://azariha.org/ կայքում հրապարակված «Ջրի խնդիրը եւ երաշտը՝ Քարունից մինչեւ Արաքս, Թուրքիայի ջրի քաղաքականությունն ու Ադրբեջան աշխարհամասի երաշտի սպառնալիքը» բավական ծավալուն հոդվածում ընդգծվել է, որ Թուրքիան, Եփրատի ու Տիգրիսի վրա կառուցելով բազմաթիվ ջրամբարներ, Իրաքի անապատացման եւ ավազափոշիների առաջացման պատճառ է դարձել, ինչից տուժում են նաեւ Իրանի արեւմտյան հատվածները, այդ թվում՝ Խուզստանը։ Հոդվածում շեշտվում է, որ Թուրգութ Օզալի՝ անցյալ դարի 70-80-ականների հայտարարությունը, «Եթե արաբական երկրները նավթ ունեն, մենք ջուր ունենք», վերածվել է Թուրքիայի հիդրոքաղաքականության հայեցակարգի։ Ապա հոդվածագիրը, անդրադառնալով Կարսում կառուցվող Քարաքուրթ ՀԷԿ-ին, որի տարողությունը 1 մլրդ 600 խմ է եւ 100 մեգավատ էլեկտրականություն է արտադրելու, նշել է, որ դա նշանակում է, թե նույն քանակով նվազելու է Արաքսի ջուրը, ինչը հանգեցնելու է Մուղանի դաշտավայրի չորացմանը։ Մինչդեռ Ադրբեջանի գյուղատնտեսությունը, հասարակական ու գյուղական կյանքը զգալիորեն կախված են Արաքսից։