Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսկ հիմնական հակառակորդը միշտ նստել է Իսլամաբադում

Այդ իսկ պատճառով ամերիկյան տեսանկյունից Աֆղանստանից հեռանալը խելամիտ քայլ է թվում

Սեպտեմբերի 14, 2021
Միջազգային
Իսկ հիմնական հակառակորդը միշտ նստել է Իսլամաբադում
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գերմանական ԶԼՄ-ներն ԱՄՆ-ին խորհուրդ են տալիս աֆղանական պարտության համար պատժել Պակիստանին: «Die Welt»-ը գրում է, որ Պակիստանն աջակցել է «Թալիբանին», հաշտվել իր տարածքում ահաբեկչական ճամբարների գոյության փաստի հետ եւ բաժանել ատոմային ռումբի տեխնոլոգիան: Բայց հիմա, երբ ԱՄՆ-ն հեռացել է Աֆղանստանից, իրավիճակը չի կարող չփոխվել:

«Die Welt»-ում հրապարակած հոդվածում Հաննես Շտայնը նախ հարցնում է ինքն իրեն, թե ինչից սկսել: Եվ պատասխանում է՝ գուցե ամերիկացի լրագրող Դենիել Պերլի սպանությունից, ով 2002 թ. հունվարի 23-ի առավոտյան ճանապարհ է ընկել, որպեսզի Կարաչիում հարցազրույց վերցնի իսլամական հոգեւորականության ներկայացուցիչներից մեկից: Ճանապարհին նրան առեւանգում են եւ ստիպում ասել հետեւյալ տեքստը. «Ես ամերիկյան հրեա եմ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Էնսինոյից: Հոր կողմից իմ ընտանիքը սիոնիստներ են: Իմ հայրը հրեա է, իմ մայրը՝ հրեուհի, ես՝ հրեա: Իմ ընտանիքը հուդայականություն է դավանում: Իմ ընտանիքը շատ անգամ է մեկնել Իսրայել»: Հակասեմականությամբ տրամադրված հանրության համար դա մեղքի ճանաչում էր: Դրանից հետո առեւանգիչը կտրում է Պերլի գլուխը: Այդ սպանությունը վաղուց է բացահայտված. մարդասպանի անունը Ահմեդ Օմար Սաիդ Շեյխ է: Նա եղել է ոչ միայն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ, այլեւ աշխատել է Պակիստանի ISI հատուկ ծառայությունների համար:

2008 թ. նոյեմբերին հնդկական նավահանգստային Մումբայ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնաց 174 մարդ: Հանցագործները «Լաշկար-ի-Տայբա» («Աստծո բանակ») ահաբեկչական կազմակերպության անդամներ էին: Դա ծայրահեղական իսլամիստների մասնավոր բանակ է, որը մարզումային ճամբարներ ունի Պակիստանում: Պաշտոնապես Պակիստանը դատապարտում է այդ կառույցը, իսկ ոչ պաշտոնապես այդ երկրի հատուկ ծառայությունները հանդուրժողաբար են վերաբերվում մահմեդական ծայրահեղականներին, որովհետեւ նրանք իրենց օգտակար են Հնդկաստանի դեմ պայքարում:

Եկեք խոսենք նաեւ «Թալիբանի» մասին: Հաճախ կարելի է լսել, որ այն առաջացել է 1990 թ., Կանդահարում: Բայց դա այդպես չէ, ինչպես հայտնում է լրագրող Սառա Չայեսը, ով երկար ժամանակ ապրել է Աֆղանստանում: «Երկար տարիների ընթացքում ես տասնյակ զրույցներ եմ վարել ինչպես դրամայի գլխավոր դերակատարների, այնպես էլ սովորական մարդկանց հետ, ովքեր տեսել են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները Կանդահարում ու Պակիստանի Քվետտա քաղաքում: Բոլորն ինձ ասում էին, որ «Թալիբանը» նախ առաջացել է Պակիստանում»,- ասել է Չայեսը: Իսկ ավելի կոնկրետ՝ «Թալիբանը» նախ եղել է պակիստանյան ISI հատուկ ծառայությունների անուղղակի դաշնակիցը: Տիկին Չայեսի խոսքերով՝ ISI-ի աշխատակիցները նույնիսկ այդ կազմակերպության անունն են ստեղծել: Գոյություն ունի մի ծիծաղելի վարկած, համաձայն որի՝ պակիստանցիները Կանդահարի գյուղերում ու մերձակայքում մարդկանց հարցրել են ու պարզել, որ «Թալիբան» անունը տեղացիների շրջանում միայն դրական զգացումներ է առաջացնում: Չէ՞ որ այդ բառը նշանակում է «աշակերտ, ճշմարտություն որոնող»: Թալիբները, ինչպես ասել են պակիստանցիները, ամենեւին էլ հետաքրքրված չեն իշխանության գալ, նրանք ցանկանում են միայն խաղաղություն բերել երկրին, որը քարուքանդ է եղել Խորհրդային Միության ու քաղաքացիական պատերազմ սանձազերծած տեղի գրոհայինների կողմից:

Եվ, վերջապես, մենք բոլորս հիշում ենք Ուսամա բեն Լադենին: Հիշում ենք. այն բանից հետո, երբ 2001 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի բանակը չկարողացավ բռնել ահաբեկիչների էմիրին Տորա Բորա կոչվող տարածքում տեղի ունեցած մարտում, նրան հաջողվեց թաքնվել: Որտե՞ղ: Ոչ ոք դա չգիտեր մինչեւ 2011 թ. մայիսը, երբ ամերիկյան ծովային հետեւակայինները հետապնդեցին նրան ու սպանեցին:

Իսկ որտե՞ղ են սպանել: Պակիստանի Աբոտաբադ քաղաքում: Այն տանը, որը նախկինում ապահով բնակարան էր Պակիստանի հետախուզական ISI ծառայության համար: Տունը գործնականում գտնվում էր Պակիստանի ռազմական ակադեմիայի տարածքում:

Դեպի ուր նայում ես, հանդիպում ես Պակիստան կոչված արհեստական պետությանը, որն առաջացել է Հնդկական թերակղզու մասնատման արդյունքում` հինդուիստների եւ մահմեդականների միջեւ արյունալի բախումներից հետո: Միեւնույն ժամանակ մենք դեռ չենք նշել ատոմային զենքի մասին: Այն բանից հետո, երբ Աբդուլ Քադիր Խանը Պակիստանի կառավարությանը մատակարարեց զանգվածային ոչնչացման այդ զենքը, նա անմիջապես նրա արտադրության տեխնոլոգիան կիսեց այլ երկրների՝ Լիբիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ: Տեխնոլոգիայի այդ փոխանցումը ոչ մի կապ չունի գաղափարախոսության հետ: Իրանը ղեկավարում են շիա մահմեդականները, ովքեր թշնամական վերաբերմունք ունեն սուննի մահմեդականների նկատմամբ, իսկ Հյուսիսային Կորեայում իշխանության ղեկին կոմունիստ աթեիստներն են: Այդ ռեժիմներին կապում է միայն մեկ մանրուք՝ անսանձ ատելությունն Արեւմուտքի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ: Այդուհանդերձ, մինչեւ հիմա Պակիստանն ամերիկյան ոչ մի կառավարության կողմից չի կոչվել իր իրական անվամբ՝ սրիկա պետություն՝ ատոմային զենքով: Պակիստանը երբեք չի ընդգրկվել «Չարիքի առանցքի» պետությունների ցանկում: Ընդհակառակը՝ այդ երկիրը դեռ անվանվում է Ամերիկայի դաշնակից: Այդ քաղաքականությունն իր պատմությունն ունի եւ բացատրվում է սովորական պատճառով, որն անմիջապես պարզ է դառնում, երբ նայում ենք աշխարհագրական քարտեզին:

Այստեղ անհրաժեշտ է հիշել պատմությունը. սառը պատերազմի ժամանակ Պակիստանն ԱՄՆ-ի դաշնակիցն էր ընդդեմ Խորհրդային Միության, ուստի ինչպես այն տարիներին, դեռ համարվում է, որ այդ երկիրն աշխարհիկ «մահմեդական պետություն է», այլ ոչ թե իսլամական ծայրահեղականության բաստիոն: Այս պարտադրված դաշինքը հասավ բարոյական ամենացածր կետին 1971 թ., երբ Արեւելյան Պակիստանում մահմեդական բենգալցիներն ապստամբեցին Արեւմտյան Պակիստանի կառավարության դեմ՝ սեփական պետություն ստեղծելու նպատակով:

Պակիստանի կառավարությունը բռնապետ Ահո Մուհամեդ Յահյա Խանի գլխավորությամբ արձագանքեց բենգալցիների ցեղասպանությամբ: Մոտ 300 հազար մարդ սպանվեց, մոտավորապես նույնքան բենգալցի կանայք բռնաբարվեցին: Տասը միլիոնը փախավ Հնդկաստան: Արդյունքում Հնդկաստանի կառավարությունը՝ Ինդիրա Գանդիի գլխավորությամբ, զորք ուղարկեց եւ վերջ դրեց ցեղասպանությանը: Արդյունքում ծնվեց Բանգլադեշ պետությունը: Ինչ վերաբերում է ամերիկյան կառավարությանը, նշենք, որ Ռիչարդ Նիքսոնը եւ Հենրի Քիսինջերը, կարծես ոչինչ չէր պատահել, շարունակեցին զենք մատակարարել իրենց պակիստանյան դաշնակցին: Սպիտակ տունը չէր ցանկանում այդ գործը զիջել Չինաստանին:

Իսկ հիմա նայենք քարտեզին: Աֆղանստանը ելք չունի դեպի ծով եւ, համապատասխանաբար, չունի նաեւ նավահանգիստներ: Քանի դեռ ամերիկյան զինվորականներն այնտեղ էին, նրանց կարելի էր վառելիք ու ռազմական տեխնիկա մատակարարել երկու ճանապարհով՝ կամ երկաթուղով՝ Ռուսաստանի միջոցով, կամ ծովով՝ Պակիստանի միջոցով: Ռուսաստանի միջով ճանապարհի մասին այլեւս խոսք չկա 2014 թ. հետո, երբ Ղրիմը միացվեց ՌԴ-ին, դրան հետեւեցին պատժամիջոցներ: Մնում էր միայն Պակիստանը: ԱՄՆ-ն երկու ձեռքով փակեց իր աչքերը եւ շարունակեց պնդել, որ Պակիստանն իր դաշնակիցն է եւ անհրաժեշտ է Աֆղանստանի հանդարտեցման համար: ISI-ից մի կատակասեր այսպես է բնութագրել իրավիճակը. «Աֆղանստանում Միացյալ Նահանգները պակիստանյան հատուկ ծառայությունների օգնությամբ պայքարում է պակիստանյան հատուկ ծառայությունների դեմ»:

Ճիշտ է՝ Իսլամաբադն ստիպված էր ընդունել, որ թալիբները հեշտ գործընկերներ չէին: Նրանք չեն կարող վերահսկվել դրսից, հետապնդում են իրենց նպատակները եւ երբեմն գործում են սեփական հանցակիցների դեմ: Պակիստանում թալիբներն ահաբեկչություններ կազմակերպեցին, նույնիսկ փորձեցին փոքր խալիֆայություններ ստեղծել եւ լուրջ բախումներ սկսեցին պակիստանյան բանակի հետ: Ընդհանրապես՝ Պակիստանն աշխարհի այն երկրների շարքում է, որոնք ամենից շատ են տուժել իսլամական ահաբեկչությունից, տասնյակ հազարավոր պակիստանցիներ զոհ են դարձել վերջին տասը տարվա ընթացքում: Բայց, ամեն դեպքում, պարզ է, որ երբ վերջին ամերիկացի զինվորը եւ վերջին աֆղան թարգմանիչը հեռանան Քաբուլից, Պակիստանն այլեւս պետք չի լինի ԱՄՆ-ին: Ի վերջո, Կենտրոնական հետախուզական վարչությունը ժամանակի ընթացքում չէր կարող չհասկանալ, որ իշխանության՝ առանց որեւէ խնդրի զավթումը, որը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի առջեւ Աֆղանստանում, օգոստոսին, երբ ողջ երկիրը կապիտուլյացիայի ենթարկվեց ընդամենը տասը օրում, չէր կարող տեղի ունենալ առանց արտաքին օգնության: Որտեղի՞ց զենքը: Որտեղի՞ց այդ գումարները: Ո՞վ է կազմել ծրագրերը: Ո՞վ ստանձնեց լոգիստիկան: Շատ պարզ է՝ այն նույն ուժերը, որոնք թալիբների թիկունքում էին 90-ականներից:

ԱՄՆ-ն չի կարող պատերազմ սկսել Պակիստանի դեմ: Պակիստանն ատոմային տերություն է: Բայց ամերիկացիները ճնշման միջոցներ ունեն: 1948-2016 թթ. ԱՄՆ-ն Պակիստանի կառավարությանը, ընդհանուր առմամբ, տրամադրել է 78.3 մլրդ դոլար, հիմնականում՝ ռազմական օգնության տեսքով: Այդ մատակարարումները կարող են կրճատվել կամ դադարեցվել: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ են կատարում Պակիստանում, ԱՄՆ-ն ամենամեծ շուկան է պակիստանյան ապրանքների համար: Վաշինգտոնն էմբարգոյի միջոցով կարող է փոխել իրերի դրությունը:

Միացյալ Նահանգները պարտություն է կրել Աֆղանստանում: Բայց դրա շնորհիվ ԱՄՆ-ն ազատ է դիվանագիտության համար: Աֆղանստանում իրավիճակը ողբերգական է, երկիրն ապրում է աննախադեպ «ուղեղների արտահոսք». լավագույնները, ամենաաշխատասերները, ամենախելացիները փախչում են այնտեղից: Մնացածներն իրենց զգում են տոտալիտար մսագործների ռեժիմի լիակատար իշխանության ներքո: Այդուհանդերձ, ամերիկյան տեսանկյունից Աֆղանստանից հեռանալը խելամիտ քայլ է թվում: Որովհետեւ հիմնական թշնամին միշտ նստել է Իսլամաբադում:

Թեգեր: ԱՄՆԹալիբանՊակիստան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչ վիճակում է Հայաստանը միջազգային պահուստների մասով

Ինչ վիճակում է Հայաստանը միջազգային պահուստների մասով

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist