Գրեթե մեկ տարի է անցել հայ ժողովրդի հերթական գոյամարտի մեկնարկից: Հայոց կենաց ծառի ճյուղերը ճկված են ճակատամարտերի ծանրությունից: Մեր ոսկեղեն պատմության էջերի բազմաթիվ գոյամարտեր, որոնք Աստծո կամոք քաղաքակրթությունների խաչմերուկում խոր արմատներ գցած մեր ժողովուրդը միշտ մղել է, անկախ ելքերից, եղել են փորձություններ մեր ազգի համար եւ դասեր՝ ապագա ընթացքի ճանապարհին: Մենք մեզ պարտադրված բոլոր պատերազմներից դուրս ենք եկել առավել կոփված եւ հարատեւելու նոր վճռականությամբ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին պարտադրված հերթական ճակատամարտը չէր կարող բացառություն լինել: Այն եկավ փաստելու դարավոր մաքառումներից հետո ձեռք բերած անկախ Հայաստանի հերոսական սերնդի սխրանքները՝ իր հայրենի հողը նաեւ սուրբ արյան գնով պաշտպանելու վճռականությունը, հազարամյա բնօրրանում ապրելու եւ արարելու նախնիների պատգամի կյանքի կոչման անշեղ ուղով քայլելու հաստատակամությունը:
Այն նաեւ դաս էր բոլորիս համար: Դաս, որ անկախ այն բանից, թե քաղաքակրթության որերորդ հազարամյակն ու հարյուրամյակը կհատենք, միեւնույն է, Հայաստանը պահելու, այնտեղ խաղաղ ապրելու եւ արարելու համար պետք է ուժեղ լինենք՝ ոչ միայն հզոր բանակ ունենալով, այլեւ ուժեղ տնտեսությամբ, առողջ հասարակությամբ եւ ամուր հայկական օջախներով: Բանակը չի կարող ինքնին կատարյալ լինել, եթե տնտեսությունդ պատրաստ չէ դրան: Ժամանակակից պատերազմներում հայ զինվորի անվախ, անհաղթ մարտական ոգին, ցավոք, բավարար չէ հաղթանակների համար: Այսօրվա ճակատամարտերում հաղթում են ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք հնարավոր է ապահովել միայն ուժեղ տնտեսությամբ եւ հզոր մարդկային կապիտալով: Վերջինը մենք ունենք, անկասկած: Հայկական մարդկային կապիտալը լծված է համաշխարհային գիտության, արդյունաբերության զարգացման գործին, այն Հայաստանում իրացնելու համար անհրաժեշտ է միայն ունենալ համապատասխան պայմաններ, տնտեսություն: Գերարագ զարգացող աշխարհում տնտեսության աճի դանդաղ տեմպերը չեն կարող ապահովել խնդրի լուծում, իսկ անհրաժեշտ արագություն ապահովելը հնարավոր է միայն հեղափոխական լուծումներով՝ ճիշտ հաշվարկներով, աշխարհաքաղաքական բոլոր գործոնների գնահատմամբ եւ օգտագործմամբ:
Այն դեպքում, երբ մեր հարեւան բոլոր երկրներն ինտենսիվ սպառազինության մրցավազքի մեջ են, հայկական մարտունակ բանակի ամրապնդումն այլընտրանք չունի: Այն ցանկացած պետության կայացման գրավականն է: Վերջին համաշխարհային պատերազմներում չեզոքություն պահած Շվեյցարիան այսօր աշխարհի ամենառազմականացված պետությունն է՝ ժամանակակից սպառազինությամբ: Այնտեղ 20-50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ պահեստազորային են` իրենց կոչումներով: Վտանգի սպառնալիքի դեպքում Շվեյցարիան մի քանի ժամում ձեւավորում է 250 հազարանոց բանակ, իսկ երկու օրվա ընթացքում բանակի թվաքանակը կարող է հասցնել 1.7 միլիոնի: Այստեղ ավելորդ չէ հիշել նաեւ Իսրայելի օրինակը, որտեղ նաեւ կանայք են զինվորագրված երկրի պաշտպանությանը, եւ, իհարկե, չպետք է մոռանալ, որ այս պետություններն ունեն ուժեղ, զարգացած տնտեսություններ: Հետեւաբար՝ մեզ համար նախ պետք է օրինակելի լինի Գերմանիայի փորձը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսությունն ու բանակը վերականգնեց աննախադեպ արագությամբ եւ այսօր աշխարհի ուժեղագույն պետություններից է թե՛ տնտեսության, թե՛ ռազմական առումով:
Հայաստանի հզորացումը մեր սերնդի սուրբ պարտականությունն է դրամատիկ այս ժամանակահատվածում: Այն մեզ պարտադրել են 44-օրյա հերոսամարտի հազարավոր նահատակները, այն պատգամել են բոլոր ժամանակներում հայրենիքի համար ամենաթանկը տված միլիոնավոր մեր հայրենակիցները, որոնց խորհուրդը մեկն է՝ չկա առավել թանկ բան, քան այն հողը, որտեղ քո արմատներն են, եւ որի վրա պետք է ապրեն քո զավակներն ու նրանց սերունդները: Նրանց կորուստը հնարավոր է փոխհատուցել միայն մեկ ճանապարհով՝ Հայաստանի հզորացմամբ, այն մեր պետության հարատեւման միակ ճանապարհն է, որը գծված է մեր հերոսների թափած արյամբ, եւ որով անպայման քայլելու ենք դեպի ապագա: