Անցած տարի Արցախում տեղի ունեցածը մեկ անգամ եւս հաստատեց, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ եւ սպառնում հայոց պետականությանը: Սա այն հիմնական փաստարկն է, որով չեղարկվում են բոլոր այն կարծիքները, թե պետք չէ այլեւս այդքան ժամանակ, ռեսուրս, միջոց եւ ուժ տրամադրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Վիեննայի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ Գեւորգ Հակոբճյանը՝ շեշտելով, որ ցեղասպանության հետեւանքները տակավին չեն վերացել, իսկ դրանց վերացման մեջ են մտնում նախեւառաջ իրավական զարգացումներն ու հետեւանքները, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկելը, հատուցում պահանջելն ու ստանալը։ «Հետեւանքները պետք է վերանան, եւ դրա մեջ է, որ պետք է մտնեն նաեւ կանխարգելման երաշխիքները, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կողմից չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, դժվար թե կանխարգելման երաշխավորություն ունենանք»,- ասաց զրուցակիցս։
Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, ցեղասպանությունն առայսօր շարունակվում է, քանի որ մինչ օրս շարունակվում են նաեւ ցեղասպանության արդյունքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումներն ու հանցագործությունների հետեւանքները. դա վերաբերում է հայկական ունեցվածքի, գույքի, տարածքի յուրացմանը, զոհերին եւ նրանց ժառանգներին չհատուցելու հանգամանքին։
Գ. Հակոբճյանի խոսքով, պետք չէ տարանջատել արցախյան հիմնախնդիրը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման գործընթացից։ Դրանք անմիջականորեն փոխկապակցված են, եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հետեւանքների վերացումը կնպաստեն նաեւ արցախյան հիմնահարցի լուծմանն ու նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։ Հակառակ դեպքում, միայն կանխարգելման վրա կենտրոնանալը դժվար թե նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ հետեւանքների վերացմանը։ Նկատենք, որ կանխարգելումն ապագային է ուղղված, մինչդեռ ճանաչումը հայացք է անցյալին եւ միայն անցյալի միջոցով ապագային ուղղված քայլերի ամբողջություն կարող է ենթադրել։
Շատ հաճախ էին ասում, որ այլեւս երբեք անցյալի իրադարձությունները չեն կրկնվի, բայց անցած տարվա պատերազմը ցույց տվեց, որ թուրքական ծրագիրը նույնն է։ Էթնիկ, ազգային հողի վրա իրականացրած բազմաթիվ հանցագործություններ տեղի ունեցան պատերազմի օրերին, որոնք նաեւ տարածքների ու ռեսուրսների բռնազավթմանն ուղղված գործողություններ էին։
Գեւորգ Հակոբճյանի համար Հայոց ցեղասպանության թեման մասնագիտական հետաքրքրություն ներկայացնելուց առաջ անձնական ողբերգություն է, նա ցեղասպանության զոհերի ժառանգներից է։ Բացի դրանից ցեղասպանության թեման կարեւոր է այնքանով, որ ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայերի համար առաջնային է դառնում այդ հիշողությունը վառ պահելը։ «Հիշողությունը վառ պահելու կարիքը կա եւ միշտ էլ պետք է լինի։ Դրանից զատ կարեւոր է նաեւ պահանջատիրության վրա կենտրոնանալը, որը հիշողությանը համահավասար պետք է լինի, այլ ոչ թե մեկը մյուսի հաշվին։ Առանց հիշողության չկա պահանջատիրություն, իսկ առանց պահանջատիրության՝ հիշողությունը կմնա լոկ զգացական, հուզական մակարդակի վրա»,- ընդգծեց զրուցակիցս։
Ցավոք, երբ մնում ենք միայն հուզական մակարդակում, ապրիլի 24-ին նախորդող եւ հաջորդող օրերին թեեւ խոսում ենք այդ թեմայով, հիշում, միջոցառումներ, երթեր եւ այլ արարողություններ կազմակերպում, սակայն դրանից հետո կրկին լռություն է մինչեւ հաջորդ տարի։ Դրա համար էլ Հակոբճյանն ընդգծեց, որ այդ երկուսը՝ հիշողությունն ու պահանջատիրությունն անմիջականորեն փոխկապակցված են։ Մենք պետք է աշխատենք հիշողության առարկայական, ինչպես նաեւ ենթակայական փոխանցման վրա, այսինքն՝ ընտանեկան, անհատական պատմությունների, որովհետեւ հիշողությունը փոխանցվում է նաեւ այդ ձեւով. «Նոր սերունդներին մեր ցավը չպատմելով նրանց չենք ձերբազատում ցեղասպանության բեռից։ Այդ ցավը կփոխանցվի մեզ սերնդեսերունդ նույնիսկ առանց որեւէ բառ ասելու ցեղասպանության մասին։ Սա մեր գեների մեջ է եւ այդպես փոխանցվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք անցել հաշտեցման գործընթացը։ Այդ վերքը տակավին արնահոսում է։ Վերքը սպիացնելու եւ բուժելու մեկնակետը ոճրագործին պատասխանատության ենթարկելն է։ Հայոց ցեղասպանությունը հիշողություն, պատմություն լինելուց առաջ հանցագործություն է, որն արդարության է սպասում»։
Հայոց ցեղասպանությունը մշտապես օրակարգում պահողների հասցեին երբեմն մեղադրանքներ են հնչում, թե որքան երկար կարելի է հիշել, ողբալ եւ խոսել այդ մասին։ «Պատմություն է, անցավ գնաց» մտածողներին պետք է հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանից վտարվածների սերունդներն այսօր կարող էին ապրել իրենց պապենական տներում՝ հայրենի հողի վրա, մինչդեռ նրանք զրկվել են ամեն ինչից, կյանքը փրկելու համար ստիպված են եղել հեռանալ եւ թողնել սերունդներ շարունակ ստեղծածը, կառուցածը։ Նրանք կարող էին ապրել մեծ գերդաստաններով, այնինչ մնացել են ընդամենը բեկորներ։